Կառավարությունն այս տարի ևս 50 տոկոսով կսուբսիդավորի գարնանացանի ծախսերը. գարնանն ընդառաջ գյուղացիական տնտեսություններին շտապեց ավետել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ՝ եթե ֆերմերները հավաստագրված սերմերով իրականացնեն հացահատիկի, հատիկընդեղենի և բազմամյա կերային մշակաբույսերի մշակություն, ապա ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը:
Ինչպես նախորդ տարի այս սեզոնին նույնպես գարնանացան ցորենի, գարու, վարսակի ու հաճարի համար պետության աջակցությունը 1 հա մշակելու դեպքում՝ 70 հազար դրամ է, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար դրամ, իսկ ոսպ, ոլոռ, լոբի ու սիսեռ մշակելու դեպքում՝ 100 հազար դրամ, նույնքան էլ կազմում է առվույտի սուբսիդավորումը: Կառավարության բուսաբուծության աջակցության ծրագրից օգվելու համար հողօգտագործողը սեփական միջոցներով է սերմնակայաններից ձեռք բերելու հավաստագրված սերմերը:
«Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը; Այս ծրագրով վարելահողերի տարածքները կավելենան շուրջ 36 հազար հեկտարով»,-ասել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պետական սուբսիդավորման ծրագրից գյուղացիների հիմնական դժգոհությունը հիմնականում սերմացուի հավաստագրված լինելու պարտադիր պահանջից է: Նրանք Ագրոպրեսի հետ զրույցում բողոքեցին, որ սերմն ամբարում թողած պետք է գումար ծախսեն ու հավաստագրված սերմացու գնեն:
Գյուղացիների համար անհասկանալի է պետության հաշվարկը
Արտենիի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանը առվույտ ու գարի է ցանում, սերմացուն էլ սեփական հողից է ստանում, որակից էլ չի դժգոհում:
«Երբ առվույտը քիչ է խոտ տալիս, արդեն լավ սերմ է տալիս: Մենք մի անգամ ենք քաղում, թողնում ենք սերմնակալի ու աշնանը քաղում ենք: Իմ դաշտի առվույտը ես թողնում եմ սերմացու դառնա, մաքրում եմ և որպես լավորակ սերմ՝ ցանում: Ի՞նչ իմանանք, թե այդ սերմերն ինչ որակի են, դեպք է եղել, երբ սերմնակայանից սերմացուն բերել, ցանել են ու չի աճել: Դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Իմ տեղական գարին իրենց ասած սերմից ավելի որակյալ է, իմ ցանածն է, ես երկար տարիներ այդ սերմացուն եմ ցանում: Սերմացուն մեկ տարի պահում եմ, հանգստանում է, հետո ցանում, ավելի լավ է բերք տալիս ու իր որակական հատկանիշները չի կորցնում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Արտենիում հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը նախևառաջ կախված է հողի որակից՝ 4-րդ և 5-րդ կարգի հողեր են, 1հա-ի միջին բերքատվությունը 200 կգ է:
«Հող կա 1 հա-ից կարող է 2 տոննա բերք տա, հող էլ կա՝ 3տ, բայց 20 ցենտներից ավելի չի տալիս, առավելագույնը՝20 ցենտներ: Էլիտար սերմացուի մշակության դեպքում հնարավոր է մի քիչ ավել լինի՝ 25 ցենտներ: Հողը ամեն ինչով էլ պարարտացնում ենք՝ գոմաղբով, պարարտանյութով»,-նշեց հողի մշակը:
Հողագործների համար անհասկանալի է, թե ինչպես են հաշվարկ արել, որ հեկտարին 70 հազար դրամ գումար են տալիս:
«70 հազարով որ հաշվում են, մտածո՞ւմ են՝ այդ գումարն ինչ է, և ինչ արժեք ունի: Մեր բոլոր աշխատանքները...350 հազար դրամ փող է պետք, որ մի հեկտարից բերք ստանաս»,- իրենց հաշվարկներն են ներկայացնում նրանք:
Մինչդեռ գարնանացանի սուբսիդավորումից գոհ են Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում: Համայնքապետարանի ներկայացուցիչՍարգիս Նահապետյանի տեղեկացմամբ՝ գարնանացանի սուբսիդավորման արդյունքում անցյալ տարի մոտ 102 հեկտար ցորեն, գարի ու եգիտացորենեն ցանել:
«Գյուղում արդեն 100 հեկտարի առվույտի ցանելու համար դիմել են սուբսիդավորման համար: Սպասում են, երբ արդեն լինի, կսկսեն ցանքսը: Այդ ծրագրից օգտվողները բոլորն էլ գոհ են»,-հավելեց նա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
