Օրգանական գյուղատնտեսություն

Օրգանական երկրագործության զարգացման համառոտ պատմությունը

Զարգացած գյուղատնտեսություն ունենալու նպատակով վերջին 50-60 տարիներին իրականացվել է գյուղատնտեսության ինտենսիվացում, որտեղ լայն կիրառություն են գտել հանքային պարարտանյութերի, պեստիցիդների և այլ սինթետիկ նյութերի կիրառումները, ընդ որում, հաճախ չհիմնավորված քանակներով և ժամկետներում, որի հետևանքով բերքի մեջ կուտակվում են մարդկանց և կենդանիների համար վնասակար մնացորդներ: Արդյունքում մեծացել է տեխնածին ճնշումը մարդու և շրջակա միջավայրի վրա:
Նշված և այլ բացասական երևույթներից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ է մեղմել ագրոհամակարգերի վրա տեխնածին ազդեցությունը: Այս բոլորի արդյունքում հասարակությունը սկսեց մտածել այլընտրանքային (օրգանական) գյուղատնտեսության զարգացման մասին, որի էությունն այն է, որ ագրոհամակարգերի վրա անթրոպոգեն ազդեցությունը կրճատվում է մինչև ողջամիտ նվազագույնը:
Աշխարհում տեղի ունեցող բազմաչափ փոփոխությունների հոլովույթում ժամանակին զուգընթաց իր տարածումն ու զարգացումն է ստանում նաև օրգանական գյուղատնտեսությունը, որը հետևանք է ավելի վաղ սկիզբ առածանթրոպոցենտրիկ փոփոխությունների, քանի որ ըստ վերջինիս տրամաբանության՝ մարդը հիերարխիկ կարգաբանության մեջ կանգնած է ամենաբարձր դիրքում, նրանից ներքև իր կողմից ստեղծված առարկաներն են, իսկ ամենացածրում՝ բնության օբյեկտներն են՝ ըստ մարդու համար ունեցած օգտակարության աստիճանի: Այս պատկերացումները հակադրվում են իրական աշխարհի և, անշուշտ, մարդու հարատև զարգացման սկզբունքներին:

Որպես հակադիր գաղափար, հանդես է գալիս էկոկենտրոնացումը, որը ենթադրում է շրջակա միջավայրի պահպանություն՝ անկախ մարդու կողմից դրա նկատմամբ ունեցած պահանջներից: Ի տարբերություն ավանդական գյուղատնտեսության, որն առավել մոտ է անթրոպոցենտրիկ աշխարհընկալմանը, օրգանական գյուղատնտեսության հիմքում շրջակա միջավայրի գերակայությունն է, որը տարեցտարի ընդլայնում է գաղափարակիցների
և վարվող տարածքների շրջանակը, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ անխախտելիորեն կապված է շրջակա միջավայրի հետ, այդ թվում և մարդը: Ուստի կարելի է փաստել, որ օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման կայուն միտումներ:
Օրգանական գյուղատնտեսության մասին սկսեցին խոսել անցած դարի 60-ական թվականներից Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, իսկ 90‐ականներին օրգանական գյուղատնտեսությունը նոր թափ ստացավ նաև շատ այլ երկրներում: 1972 թվականին Վերսալում (Ֆրանսիա) առաջին անգամ տեղի ունեցավ այլընտրանքային երկրագործության համաժողովը, որին մասնակցում էր գրեթե 300 էկոլոգիական միություն՝ տարբեր երկրներից:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ներկայումս միայն Եվրոպական երկրներում օրգանական գյուղատնտեսությունն իրականացվում է ինը միլիոն հեկտարից ավելի հողատարածության վրա, և տարեցտարի այդ մակերեսները ավելանում են:
Ավանդական համակարգից այլընտրանքային (օրգանական) գյուղատնտեսության անցնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է Օրգանական գյուղատնտեսության մասին կազմակերպության (IFOAM) գլխավոր գիտաժողովում, որը կայացել է 1990թ. Բուդապեշտում:

Օրգանական գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ գաղափարը ՀՀ‐ում ներդրվել է վերջին տարիներին ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի (USDA) ներկայացուցիչների ջանքերով: Առաջին դասընթացները տեղի են ունեցել 2002 թվին, հետագայում ստեղծվեցին արտադրանքը սերտիֆիկացնող մարմին (Էկոգլոբ) և բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ: 2008թ. ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է օրենք «Օրգանական գյուղատնտեսության մասին»: ՀՀ-ում ներկայումս ստեղծված են օրգանական գյուղատնտեսության գաղափարը տարածող և շահագրգիռ ֆերմերների մասնագիտական ուսուցումն իրականացնող կազմակերպություններ` «Էկոգլոբ» «Կանաչ արահետ», ինչպես նաև օրգանական արտադրանք իրացնող մասնագիտական խանութներ` «Կանաչ խանութ» և այլն:
Մեր հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության համակողմանի զարգացման մեջ կարևոր ներդրում ունի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը։ 2015 թվականին մեկնարկած ծրագիրը կօգնի բացահայտել Հայաստանի ներուժն օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Այս ծրագրի զարգացման համար հիմնականում օգտագործվելու է եվրոպական երկրների փորձը, քանիոր օրգանական մթերք արտադրողները հիմնականում եվրոպական երկրներն են:
ՕԳԱՆ ծրագիրն ունի չորս հիմնական բաղադրիչ, որոնք են՝ 
1. օրենսդրական դաշտի բարեփոխում և համապատասխան ինստիտուտների գործարկում,
2. օրգանական մթերքի արտադրության համար դրամաշնորհների միջոցով գյուղացիական տնտեսությունների օժանդակում,
3. իրազեկման բարձրացում օրգանականի մասին հասարակության հնարավոր բոլոր շերտերում,
4. արտահանման շուկաների բացահայտում և օրգանական մթերքի արտահանում:
Ծրագրի հատուկ նպատակներն են Հայաստանում օրգանական արտադրանքի հավելյալ արժևորումը, ինչպես նաև համապատասխան պետական և մասնավոր հատվածի հաստատությունների արդյունավետության բարձրացումը: Ծրագիրը կաջակցի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ օրգանական արտադրողների և վերամշակողների համար ստեղծելով միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ և կայուն օրենսդրականդաշտ: Այն կօժանդակի նաև օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների վերապատրաստմանը, ինչպես նաև կրթական հաստատությունների համար ուսումնական ծրագրի մշակմանը, որին իր անփոխարինելի մասնակցությունն է ունենում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Ս.Կ. ԵՐԻՑՅԱՆ, Հ.Է. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Ուսումնական ձեռնարկ

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search