Ձկնաբույծներն ահռելի վնասներ են կրել
Ձկնաբուծության ոլորտում աղետ է․ ոչ ավել, ոչ պակաս հենց այսպես են ձկնաբույծները նկարագրում ոլորտում տիրող իրավիճակը։
Արդեն շուրջ երկու ամիս է՝ Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում անկումներ են գրանցվում։ Մեծ թվով հատկապես «Իշխան» տեսակի ձկներ են անկել Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ և Մարմարաշեն բնակավայրերում։
Հովտաշատցի ձկնաբույծ Ժորայի տնտեսությունում ևս վերջին շրջանում գործերն առաջվանը չեն. նրա ձկնաբուծարանում անկումներ են գրանցվել, բայց այդ մասին բարձրաձայնել չի ուզում։ Մտածում է՝ գործերն էլ ավելի չվատանան։
«Իմ ձկնաբուծարանում այս պահին ավելի շատ մանրաձուկ է, ընթացքում եղել են անկումներ, և այդ անկումները միշտ էլ լինում են։ Հիմա որևէ խնդիր չկա։ Եթե բարձր կերակրում է տեղի ունենում, ապա ուղեկցվում է ստամոքսի խնդիրներով, և ձկները սատկում են։ Նման դեպքեր ունեցել եմ իմ տնտեսությունում»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց Հովտաշատի բնակիչը։
Հովտաշատ բնակավայրը հայտնի է նաև իր ձկնաբուծարաններով․ վերջին շրջանում ձկնաբուծական տնտեսություններում տիրող իրավիճակի մասին հարևան համայնքներում գրեթե բոլորն են տեղյակ։ Իրենք՝ ձկնաբույծները, հերքում են տեղեկությունները, թե ձկները սատկում են։ Նրանք հասկանալի պատճառով թաքցնում են խնդիրը, որպեսզի առևտուրը չտուժի, և վնասներ չկրեն։
Բայց սպառողները՝ գյուղացիներն են փոխարենն այդ մասին բարձրաձայնում։ Հովտաշատցիներից Լևոնը պատմեց, որ գյուղում չկա ձկնաբուծարան, որտեղ անկումներ չլինեն։ «Իշխան» տեսակի ձկները սատկում են ոչ քիչ քանակությամբ, այլ տոննաներով։
«Գյուղում մոտ 40 ձկնային տնտեսություն կա, մարդիկ տոննաներով ձուկ են թափում։ Ձկնաբույծ կա, արդեն 30 տոննա ձուկ է կորցրել։ Գյուղի դաշտերում մեծ փոսեր են փորել և սատկած ձկները լցրել են մեջը։ Ձկնաբույծներն ասում են, որ աղիքային վարակիչ հիվանդություն է ձկների մոտ։ Ձկնաբույծներն արդեն ահռելի վնասներ են կրում»,- փոխանցեց ականատեսը։
Մեկ այլ ձկնաբույծ՝ Գերասիմ Փանոսյանը, անկումները նորմալ է համարում։ Նրա խոսքով՝ տարվա այս սեզոնին օրինաչափ է, որ ձկները սատկում են։ Նրա պնդմամբ՝ իր ձկնաբուծարանը վնաս չի կրել, անկումներ չունի։
«Ամեն տարի այս սեզոնին անկումներ լինում են, ձվադրման սեզոն է համարվում, դրանով է պայմանավորված։ Առանձնահատուկ բան չկա։ Այս պահին այդ խնդիրը չէ, որ մեզ անհանգստացնում է։ Մենք կորուստներ ենք կրել Վերին Լարսի խցանումների պատճառով։ Ձուկն ուշ է տեղ հասել, փչացել է։ Շատ ձկնաբույծներ այդ ժամանակ են տուժել՝ ահռելի գումարներ կորցնելով»,- հավելեց ձկնաբույծը։
Ձկան անկումները սեզոնային չի համարում «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը։
Նա այլ վարկած է շրջանառում, թե ինչու է ձկնաբուծարաններում «Իշխանի» կորուստ գրանցվել։ Արմեն Բունիաթյանի տեղեկացմամբ՝ ձկներն անկում են հիվանդության պատճառով։
«Ձկների մոտ աղիքային, վիրուսային հիդանդություն է տարածվել։ Լուրեր են շրջանառվում, թե այն կարող է կերի պատճառով լինել։ Բայց այդ վարկածն իրականությանը չի համապատասխանում։ Իմ կարծիքով՝ Պարսկաստանից ներմուծված ձկան միջոցով է այդ վիրուսը փոխանցվել»,-կարծիք հայտնեց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահը։
Ձուկ՝ Մալդիվներից և Շրի- Լանկայից
Իսկ ո՞ր երկրներից է Հայաստան ձկնեղեն ներմուծվում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել 2297217.28 տոննա ձկնամթերք։ Ներմուծման աշխարհագրությունը լայն է․ մեր երկիր ձուկ է ներմուծվում հարևան Վրաստանից մինչ Մալդիվյան կղզիներ։
ԱՄՆ-ից 25020, Բելառուսից 8839.6, Դանիայից 170.8, Իրանից 938637.46, Հունաստանից 140.68, Մալդիվյան կղզիներից 150.33, Նորվեգիայից 267037.89, Շրի-Լանկայից 1105.23, Չիլից 198317.39, Ռուսաստանից 460011.69, Վրաստանից 392975.64 և Ֆրանսիայից 4809.57 տոննա ձկնամթերք է ներմուծվել։
Ուշագրավ է, որ ամենամեծ ծավալի ձուկ հենց Իրանն է մեր երկիր արտահանել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գնացել է Ագրոպրեսի ահազանգի հետքերով և պարզել, թե ինչ է կատարվում ձկնաբուծական տնտեսություններում։
Ձկան հիվանդություն է հայտնաբերվել
ՍԱՏՄ-ն խախտումներ արձանագրել է Հայասնիստ համայնքի բնակիչ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում։
Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով՝ թաղվել է 58 տոննա ձուկ:
Ձկնաբույծն անկումների և ձկան հիվանդության մասին չի հայտնել որևէ պատկան մարմնի։
«Ընկերութունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին, չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա, չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան: Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները»,- պարզաբանել են ՍԱՏՄ-ից։
Ի դեպ, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 9 ամսում, ներառյալ ձկնաբուծության ոլորտում, արձանագրվել է 0.5 տոկոս աճ։ Ընկերություններն ավելացրել են արտադրական ծավալները․ արտադրվել է մոտ 25․000 տոննա ձուկ։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան