-Պարո՛ն Բախշիյան, կորցրած գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում ի՞նչ էին մշակում, և ընդհանուր առմամբ, ի՞նչ վնասներ է կրել գյուղատնտեսական համակարգը:
-Պատերազմի արդյունքում կորցրած գյուղատնտեսական նշանակության վարելահողերից այգեգործական մշակության էր մոտ 7000 հա հողատարածք, որից 2300 հա-ի վրա եղել են նռան այգիներ, ներկայումս այդ թիվը դարձել է 500 հա: Ունեցել ենք նաև 2000 հա խաղողայգիներ, ներկայումս այդ թիվը դարձել է 900 հա: Ընդհանուր առմամբ, մշակովի հողատարածքների թիվը կազմում է մոտ 35 հազար հեկտար: Ինչ վերաբերում է անասնապահության ոլորտում կրած վնասներին, նշեմ, որ անասնագլխաքանակի կորուստ եղել է մոտ 50%-ի չափով, սակայն պարզ չեն կորստի պատճառները՝ անասունները եղել են անկվա՞ծ վիճակում, թշնամու տարածքու՞մ, թե տեղափոխվել են ՀՀ, քանի որ ահագին գլխաքանակ վաճառվել է շատ էժան գներով: Նշեմ նաև, որ այս ընթացքում գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի, մեքենաների և շենք-շինությունների կորստի մասով իրականացվում է վնասների հաշվառում:
-Իսկ դաշտերում ներկայումս ի՞նչ աշխատանքներ են ընթանում:
-Ռազմական գործողությունների ավարտից հետո, չնայած շատ ուշացումով, սակայն աշնանացանի մասով իրականացվում են որոշակի աշխատանքներ: Այս պահի դրությամբ մոտ 2000 հեկտարի վրա կատարվել է աշնանացան ցանքս: Եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում աշնանացանի աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Նշեմ, որ նախարարության կողմից անվճար հիմունքներով հողօգտագործողներին տրամադրվել է ցորենի և գարու սերմ, ինչպես նաև 1 հեկտարի հաշվարկով՝ դիզվառելիք: Տրամադրվող աջակցությունը եղել է հրատապ և իրավիճակային լուծում պահանջող: Իսկ առաջիկայում պետք է վերաձևակերպենք ընդհանուր գյուղատնտեսության նկատմամբ ունեցած մոտեցումները՝ շեշտը դնելով բարձրարժեք կուլտուրաների աճեցման, ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման և Արցախի պարենային անվտանգության վրա:
Կաթնամթերք վերամշակող ընկերություններն արդեն իսկ վերսկսել են իրենց գործունեությունը, և պատերազմի օրերին գրեթե չէին էլ դադարեցրել:
-Պարո՛ն նախարար, ակնհայտ է, որ հողի մշակության շնորհիվ լուծվում էին պարենային անվտանգության և ինքնաբավության հետ կապված հարցերը: Արցախում կա՞ խնդիր՝ կապված պարենային ապահովման հետ:
-Մինչև գյուղատնտեսական համակարգի վերաձևակերպման աշխատանքների սկսումը, ներկայումս մեր առաջնահերթ նպատակն է բավարարել Արցախի պարենային անվտանգության բավարարումը որոշ ապրանքատեսակներով: Ցավոք սրտի, արտահանման այն պոտենցիալը, որն ունեցել ենք հացահատիկի գծով, այլևս սպառված է: Մենք արտահանում էինք ՀՀ պահանջարկի գրեթե 25%-ի չափով հացահատիկ, իսկ հիմա պետք է մտածենք առաջնահերթ մեր պարենային անվտանգության լուծման և բարձրարժեք կուլտուրաների մշակման մասին: Ինչու չէ, կարելի է իրականացնել նաև արտահանում, սակայն պետք է զբաղվել գիտակրթական հենքի վրա հիմնված ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Նշեմ նաև, որ մինչև պատերազմը այդ գործընթացը մեր կողմից մեկնարկել էր, որի արդյունքում առաջարկել էինք պետական աջակցության ծրագրերի փաթեթ:
Ինչ վերաբերում է պարենային ապահովման խնդրին, ապա այն այս պահին չի զգացվի, սակայն մոտ առաջիկայում այդ ամենը կզգացվի, քանի որ պարենային անվտանգության մակարդակը, ընդհանուր առմամբ, խաթարված է: Պետք է աշխատանքներ իրականացնել այդ համակարգի անխափան գործունեությունն իրականացնելու համար, որպեսզի գոնե պարենամթերքի մասով ունենանք ինքնաբավության նորմալ աստիճան: Անասնապահության, բուսաբուծության և վերամշակող արտադրության ոլորտներում կրած ահռելի վնասների հետ կապված՝ նկատելի է ապրանքների դեֆիցիտ, ինչը չի կարող չանդրադառնալ գնաճի վրա:
-Իսկ ունե՞նք վերամշակող կազմակերպություններ, որոնք վերսկսել են իրենց գործունեությունը:
-Կաթնամթերք վերամշակող ընկերություններն արդեն իսկ վերսկսել են իրենց գործունեությունը, և պատերազմի օրերին գրեթե չէին էլ դադարեցրել: Պատերազմի ժամանակ որոշ ալրաղացներ, հացի փռեր և վերամշակող կազմակերպություններ ևս չէին դադարեցրել իրենց աշխատանքը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Առկա իրողությունները հաշվի առնելով՝ պետք է փորձենք վերափոխել այն ծրագրերը, որոնք մինչև պատերազմը եղել են: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի նոր իրողություններին համահունչ մշակենք և հանրությանը ներկայացնենք պետական աջակցության նոր ծրագրերը: