Գյուղատնտեսություն

Ցրտահարության վտանգը մեծանում է

Կանխատեսվում է, որ ապրիլին տեղումները նորմայից ավելի են լինելու։ Սա ենթադրում է նաև ցրտահարության և բերքի վնասման ռիսկ, իսկ Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել են, ծառերը սկսել են ծաղկել։ Ցրտահարության ռիսկին զուգահեռ՝ ֆինանսական կազմակերպություններն այս տարի ավելի մեծ ռիսկ են ստանձնել՝ ապահովագրելու բերքի որոշ տեսակներ։

Ջերմաստիճանի անկայունություն՝  կտրուկ բարձրացում ու անկում այն, ինչին ականատես ենք լինում այս օրերին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ի  տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը  պարզաբանում է՝  այս տարի Ռուսաստանի եվրոպական հատվածում խիստ ցուրտ է ձմեռ, ներկայում այդ շրջաններում ցածր ջերմային ֆոնը, ձնածածկույթը պահպանվում է: Եղանակային այս միտումը հասնում է Հայաստան։
image
image
«Հյուսիսից եկող արկտիկական օդային հոսանքնեը, անցնելով Ռուսաստանի եվրոպական մասով, փաստորեն, չեն ձևափոխվում, չեն տաքանում և գրեթե նույն ուժգնությամբ ներթափանցում են հանրապետության տարածք: Դրա համար առանձին ցուրտ օրերին գրանցվում են ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան տեսքով տեղումներ, բուք քամու ուժգնացում»:

«Մարտին, այսօրվա դրությամբ, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայի սահմաններում է, տեղումների քանակը շրջանների մեծ մասում նորմայից ավելին է: Առաջիկա օրերին կանխատեսվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափացումը Հայաստանի տարածք:

Ամսվա մեծ մասը հանրապետության տարածքում լինելու է անձրևային՝ Սուրենյանի դիտարկումն է։ Ցրտերն ու տեղումներն ամենամեծ ռիսկն են գյուղատնտեսության համար, իսկ ցրտահարության ռիսկ մասնագետները տեսնում են։ Մասնագետների մյուս թևը փրկօղակ է համարում գյուղացիական ապահովագրությունը։ Արարատի մարզի Նոր ուղի համայնքի ֆերմեր Արսեն Սահակյանը,  այգում 100  ծիրանենի ունի։ Գրեթե ամեն տարի պատուհասող վտանգն ապահովագրել է առկա բոլոր ռիսկերից։

«Երկու հազար մետր հող ունեմ, ապահովագրել եմ ծիրանի ծառերը։ Վերցրել եմ հրդեհի, կարկտի ու ցրտահարության ռիսկերը։ Անցյալ տարի առաջին անգամ էր, որ ապահովագրեցի»,–նշում է ֆերմերը։
Ռուստամ Պետրոսյանը, Արմավիրի մարզի Լենուղի համայնքից է։ Ցրտահարությունից ու կարկտից ծիրանի այգին ապահովագրել էր ու հիմա վստահ է՝ ճիշտ քայլ էր․ հետո նաև փոխհատուցում է ստացել։

«Եթե չեմ սխալվում՝ 100 հա-ի հաշվով վճարել եմ 130 հազար դրամ։ Փոխհատուցման կարիք եղավ։ Մեզ մոտ ցրտահարություն էր եղել։ Դիմեցի ու ստացա փոխհատուցումը։ Պայմանագրում նշված էր, որ ցրտահարության դեպքում 24 ժամվա ընթացքում պետք է դիմենք ընկերությանը։ Ցրտահարված բերքի արժեքի տասը տոկոսից բացի՝ մնացածը փոխհատուցել են»։

էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ ցրտահարված բերքը գնահատվում է երկու անգամ, նախ՝ սկզբում, ապա՝ բերքահավաքից առաջ։

«Ենթադրենք՝ այգում տեղի է ունեցել դեպք, որի հետևանքով 70 տոկոսի վնաս է հասցվել։ 70-ի 10 տոկոսը հանվում է, մնացած 60 տոկոսը, ըստ ընտրված գոտու, փոխհատուցվում է»։

Ծախսը հաշվարկվում է՝ ըստ արտադրության ու ռիսկայնության գոտիների։ Փորձագետները հաշվարկել են, թե որքան է կազմում, օրինակ,  ծիրանի 1 հա դաշտը մշակելու ծախսը։ Հաշվի առնելով նաև այն, թե այգին որ գոտում է,  ձևավորվում է ապահովագրավճարը։

2020 թ․ ապահովագրվում էր վեց մշակաբույս, 2021-ին ավելացել է ևս չորսը՝ կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր։ Կարկտահարության ռիսկից խաղողը և ծիրանը կարելի է  ապահովագրել մինչև մարտի 25-ը։ Կախված ռիսկի տեսակից՝ նույն մշակաբույսն ապահովագրելու ժամկետը տարբեր է։ Նույն մշակաբույսը երկու ռիսկից ապահովագրելու դեպքում ապահովագրավճարի շուրջ 10 տոկոս զեղչ է կիրառվում։ Պետությունը, համագործակցելով KFW բանկի հետ, կարկտի և հրդեհի ռիսկի դեպքում սուբսիդավորում է ապահովագրավճարի 50 տոկոսը, գարնանային ցրտահարության ռիսկի դեպքում՝ 60 տոկոսը։ Գյուղապահովագրության ինստիտուտի ներդրմամբ փորձ է արվում կայունացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները։
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search