Գյուղատնտեսություն

Կեռաս արտահանողներն արհեստական խոչընդոտ են ստեղծում

Գարնանային ցրտահարության պատճառով այս տարի Արմավիրի մարզում կեռասենու բերքը պակասել է: Գյուղացիները մոտ մեկ շաբաթ առաջ վաղահաս սորտերն իրացրել են բարձր գներով: Հիմա միջահաս տեսակի կեռասն է հասել, արտահանողներն այն չեն ընդունում, քանի, որ դիմացկուն չէ: Այգեգործների կարծիքով արտահանողներն են արհեստական խոչընդոտ ստեղծում՝ ցածր գնով գնելու համար։
Մարզում այս տարի կեռասի ավելի քիչ բերք կա: Ծառերը տուժել էին  գարնանային ցրտահարությունից: Կեռասենիներն ու ծիրանենիներն արդեն ծաղկել էին, երբ մարտի վերջին ձյուն եկավ ու ծաղիկներն ու բողբոջները թափվեցին: Լենուղի գյուղում տիկին Հերմինեն անցնում է տնամերձ այգու կեռասի  ծառերի միջով, նայում բերքին  ու ասում

«Ունենք վաղահաս գիլասը, եզան աչքը և երկար պոչը: Բոլորն էլ շտամպովկա՝ պատվաստված գիլասներ են, երկար պոչն ավելի համեղ է: Քամին ծառերը վնասել է,  բայց կեռասները հիմնականում   ցրտահարվել են, երբ ձյուն եկավ՝ ծաղիկների վրա, բողբոջների վրա ազդեց, բերքն այս տարի  շատ քիչ է: Միայն այս մի ծառն է, որ լավ բերք ունի»:


Լենուղին պտղաբուծական գյուղ է: Գյուղացիների հիմնական եկամուտն ապահովվում է մրգերի վաճառքից: Այգիներում ծառերի մեծ մասի տերևները փոքր –ինչ թուլացած ու խոնարհ են: Վարուժան Խալաթյանի կարծիքով իրենց ծառերն անցած տարվա պես լավ բերք չեն տվել, բայց չի էլ դժգոհում:

«Էս տարի եղանակից էր, կլիմայից էր, անցած տարի այս ծառը մյուս ծառի պես լավ բերք ուներ: Այս մի  ծառը բացառություն է՝ ամեն տարի միշտ առատ  պտուղ է տալիս: Էս տարի մի քիչ եղանակը խանգարեց՝ ցրտահարություն եղավ: Փառք աստծո, այսպես էլ մնա՝ վատ չի»։

Արմավիրում առաջին արտահանվող պտուղը  կեռասն է: Արտահանողները նախապես մտնում են այգի, տեսնում բերքն ու պայմանավորվում՝ երբ են սկսելու քաղել: Արտահանվող բերքը սովորաբար  հավաքում են կիսահասած վիճակում: Գյուղացիները բերքը վաճառում են նրանց, ովքեր լավ գին են առաջարկում.

«Հիմնականում նույն մարդկանց հետ չենք աշխատում, բայց բացառություններ էլ են լինում, որ ուրիշ արտահանողների ենք հանձնում բերքը, դա կախված է գնայինից և մի շարք այլ հանգամանքներից: Հիմա սկսել ենք գիլասից, դրանից հետո ծիրանը կհասնի, ծիրանը կարտահանեն, հետո դեղձն ու սալորը»։

Արմավիրի մարզում կեռասի արտահանումը գրեթե ավարտվել է, արտահնել ու  իրացրել են  ռուսական տարբեր շուկաներում:  Սովորաբար առաջին բերքի համար ավելի թանկ են վճարում։


Իրենց  տնամերձ այգում կեռասենու ծառերը մոտ 2000քմ տարածքի վրա են:  Բերքահավաքն ավարտել են 5 օր առաջ: Արամ Խալաթյանի տեղեկացմամբ այգու բերքը հավաքել են 2 օրում։

Գյուղացիների կարծիքով ապրանքի գինը նվազեցնելու համար երբեմն արտահանողներն այլ պատճառաբանություններ են բերում՝ մատնանշում իրացման շուկաների  դժվարությունները: Արմավիրի մարզի մյուս գյուղերում էլ են դժգոհել կեռասի արտահանման գնից՝  1 կգ-ի գինն իջեցրել են մինչև 400 դրամ. արտահանողներն էլ իրենց պայմաններն են թելադրում.

«Սկզբի օրերին իրենք տարան 1 կգ 1000 դրամով, ընդամենը՝ 2 օր: Հաջորդ օրն ասեցին՝ չենք հավաքում, չի ծախվում, բայց դա ամեն տարվա իրենց ավանդական ձևն է՝  հաջորդ օրը չհավաքեցին, մյուս օրն ասեցին՝ 400 դրամ»։

Գյուղացիների ընդվզումից հետո 100 դրամով էին բարձրացրել գինը: Կեռասների առաջին բերքը Շենավանում դեռ  5 օր առաջ իրացվել է բարձր գներով․

«Սրանից 5 օր առաջ իրացման խնդիր չենք ունեցել, բայց հիմա ունենք: Սորտ կա, որ ճանապարհ է գնում, դեռ դա կտանեն, իսկ հիմիկվանը չեն տանում: Ասում են՝ Ռուսաստանում խցանումներ կան, պտուղը չի դիմանում, թե հիմա գինն են ուզում գցեն՝ չենք հասկանում: Իսկ 5-10 օր առաջ շատ բարձր գներով են տարել 1կգ 1000դրամ  և ավելի գներով»։

Արտահանողները  գյուղացիներին վճարելու են իրացումից հետո: Շենավանում 3 օրից կսկսվի երկար պոչ կոչվող կեռասի արտահանումը: Ասում են սա ավելի դիմացկուն է ու պինդ, չի փափկում, չի թուլանում և ապրանքային տեսքն ու համը չի կորցնում: Արմավիրի կեռասն իրացվել է Ռուսաստանի հարավում՝ Հյուսիսային Կովկասի շուկաներում:

Հայաստանի հանրային ռադիմ

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search