Հաջորդ տարվանից գյուղատնտեսությամբ զբաղվողներին նորություններ են սպասվում. մասնավորապես՝ 2023 թ.-ից դադարեցվելու է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող 3-15 մլն դրամանոց վարկային ծրագրերը:
Այս մասին ԱԺ-ում 2023 թ ՀՀ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա բացատրել է, թե 3-15 մլն դրամանոց վարկային ծրագրերը դադարեցելով նպատակ ունեն ֆինանսական միջոներն ուղղել գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման կոնկրետ ուղղությունների իրականացմանը:
Գյուղատնտեսներին 3-15 մլն դրամանոց վարկատեսակները տրամադրվում են մինչև 5 ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 9 ամիս։
Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է դեռևս 2011 թվականից տրամադրվող վարկայի ծրագրի արդյունավետությունը: Արդյունքները, սակայն, չեն գոհացրել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին:
Նախարար Վահան Քերոբյանի համոզմամբ՝ 223 մլրդ դրամի գյուղատնտեսական ծրագրերը շատ բան չեն փոխել գյուղացիների կենսամակարդակում, հետևաբար, որոշել են գումարներն ավելի էֆեկտիվ ծրագրերի ուղղել:
«Մենք բավական լուրջ ուսումնասիրություն ենք իրականացրել մեր գործընկեր բանկերի հետ՝ պարզելու, թե ինչպես է այն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա այն տարիների ընթացքում, երբ նարնք օգտվել են այս ծրագրերից: Ընդհանուր առմամբ թվերը ցույց են տալիս, որ շատ բան չի փոխվել նրանց կյանքում: Ճիշտ է՝ այս ծրագիրն ընդհանուր առմամբ օգնում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին էժան ֆինանսական ռեսուրսներ ստանալ, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այն լուրջ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսական տնտեսությունների ընտանիքների կյանքի որակի վրա, չի կարելի, որովհետև եկամուտները շատացել են, բայց պարտքերն էլ են շատացել, ինչպես նաև ինֆլացիա է գրանցվել»,- մանրամասնել է գերատեսչության ղեկավարը:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ծրագիրն իր գործողության երկարատև ժամանակահատվածում նպաստել է գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների համար մատչելի տոկոսադրույքով ֆինանսական ռեսուրսների հասանելությանը, հատկապես՝ արտակարգ և ռազմական դրության պայմաններում։
Ուսումնասիրության արդյունքներով եկել են այն եզրակացության, որ, հաշվի առնելով ծրագրի բազմահազար շահառուների թիվը, անիրատեսական էր ամբողջական վերահսկողական մեխանիզմների կիրառումը։
Նշել են նաև, որ պետական հովանավորչական քաղաքականությունը չի կարող կրել մշտական բնույթ, ավելին՝ այն կարող է ունենալ հակառակ ազդեցություն՝ նվազեցնելով տնտեսվարողների գործունեության արդյունավետությունը և մրցակցային կարողությունները։
Բացի այդ, պետական օժանդակության ծրագրի շրջանակում ֆինանսական կառույցների կողմից մատչելի վարկային ռեսուրսի տրամադրումը չի կարող լինել տնտեսավարողների հիմնական և շրջանառու միջոցների ձևավորման միակ աղբյուրը, այն կարող է միայն կարճաժամկետ փուլում օժանդակել ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին:
Սա Էկոնոմիկայի նախարարության դիտարկումների արդյունքն է 3-15 մլն դրամանոց վարկային ծրագրի մասին:
Ջերմոցները վաճառվում են
Ագրոպրեսը փորձել է ի մի բերել նաև ֆերմերների կարծիքները՝ միաժամանակ պարզելով այս վարկային ծրագրի արդյունավետությունը:
Ծրագրի վերաբերյալ նրանց կարծիքները միանշանակ չեն:
Սայաթ- Նովա համայնքից ֆերմեր Արմինե Գևորգյանը դեռ տարիներ առաջ է փորձել օգտվել պետության կողմից տրամադրվող այս վարկային համակարգից, բայց հուսախաբ է եղել:
Նա ճիշտ է համարում, որ այդ ծրագիրը պետք է կասեցվի:
«Խաբեցին, թե լավ պայմաններ են, մարդիկ էլ վերցրեցին և փոքր ջերմոցներ կառուցեցին, որը խոչընդոտեց մեծ ջերմոցատերերի աշխատանքին: Ֆերմերները չկարողացան վարկերը փակել, ընկան պարտքերի տակ, երբ վարկն էլ չես մարում, տոկոսը դառնում է 13: Ջորմոցատերերի խնդիրներում փոփոխություն չկա, միայն դոլարի փոխարժեքն է նվազել, որի պատճառով գազի սակագինն է նվազել, բայց նույն ծավալներով սպառում ենք: Գազի սուբսիդավորում չկա, մենք 80-20 «Գազպրոմի»-ի հետ կիսվում ենք: Աշխատած գումարից 80 տոկոսը գազի գինն է, 20-ը՝ մեր շահույթը»,-վրդովվեց ֆերմերը:
Նա նաև նշեց, որ գյուղոլորտում անգամ մեկ տոկոսանոց վարկերը ֆերմերներին ձեռնատու չեն:
Արմինե Գևորգյանը դարձյալ թակել է բանկի դուռը՝ վարկ վերցնելու նպատակով. օրեր առաջ 16 տոկոսով վարկ է ձևակերպել, որ կարողանա ջերմոցում սպառած գազի վարձավճարները մուծել:
Նա ջերմոցում այս տարի «Չերրի» տեսակի լոլիկ է աճեցնում: Սածիլը տնկելոց առաջ մտածում էր, որ եկամուտ կունենա, բայց մինչև այն բերք տա, շուկան հեղեղվեց «Չերրի»-ով:
«Պարսկաստանից «Չերրի»-ի են բերել, սաղ «զիբիլ» և 1500 դրամով վաճառում են, մենք էլ մեր չենք կարողանում մեր արտադրանքն իրացնել: 3-15 մլն դրամ վարկից օգտված մարդիկ, որոնք ջերմոց են սարքել, սաղ «տակ» են տվել և հիմա վաճառում են: Ես էլ եմ իմ ջերմոցը վաճառում»,-նեղսրտեց հողագործը:
Ֆերմերները տուժելու են
Դարակերտի բնակիչ Արմեն Սիմոնյանը համակարծիք չէ հարևան համայնքի ֆերմերի հետ: Նրա կարծիքով՝ ով դժգոհ է 3-15 մլն դրամանոց վարկային ծրագրից, սուտ է խոսում: Ինքն իր ջերմոցային տնտեսությունը զարգացրել է այդ ծրագրի շնորհիվ, հիմա էլ ափսոսում է, որ այն չի գործելու:
«Սկսնակ ֆերմերին հնարավորություն էր տալիս գործ դնել: Սկզբից տոկոսը ցածր էր լավ էր, բայց հետո տոկոսը զրոյից դարձավ 5 , որն այդքան էլ լավ չէր: Բայց այդ վարկից ես օգտվել եմ և տնտեսությունս զարգացրել եմ»,-հավելեց Դարակերտի բնակիչը:
Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ծրագրի կասեցման հետևանքով տուժելու են ֆերմերներ և հայտնվելու սնանկացման եզրին:
Այնուամենայնիվ. 2023 թվականի բյուջեով, նախատեսվում է 8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա պարտավորությունների մարման համար: Էկոնոմիկայի նախարարության Ագրոպրեսին փոխանցած տեղեկության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ մի քանի տարվա ընթացքում ամբողջ ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել մոտ 88100 վարկառու, իսկ վարկային պորտֆելը կազմել է 223 մլրդ դրամ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան