Պետությունն աջակցում է փոքր հողակտոր ունեցող ֆերմերներին, որոնք ցանկանում են ոռոգման արդիական համակարգ ներդնել հողամասում:
Կառավարությունը 2021-ից հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության թվականների» ծրագիրը, որը շարունակում է գործել նաև հիմա:
Այն իրականացվում է 2 բաղադրիչներով. ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով ծախսերի մասնակի փոխհատուցման և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով․ երկու դեպքում էլ հողատարածքի նվազագույն չափ սահմանված է 0.5 հա-ը:
Ծրագրի շահառուներին վարկերը տրամադրվում են 14 % փաստացի տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 % տոկոսադրույքով:
Գյուղատնտեսները ծրագիրն արդյունավետ են համարում: Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Դիմիտրով բնակավայրի ֆերմեր Հենրիկ Եղիազարյանն Ագրոպրեսի հետ զրույցում մատնանշում է ոռոգման կաթիլային համակարգի դրական կողմերը:
Նրա խոսքով՝ ըստ նախկին տարիների փորձի՝ ունենում են ջրի խնայողություն: Շուրջ մեկ հեկտար ներդրած կաթիլային հողատարածքում ծախսում են 4000 մետր խորանարդ ջուր:
Մասնագետը բացատրում է՝ ավանդական՝ ակոսային եղանակով ոռոգելու դեպքում մեկ հեկտարի հաշվով ջրի ծախսը գերազանցում է 8 հազար մետր խորանարդը: Կորուստներն են շատանում, որոշ այգիներ ջուր չի հասնում, հաճախ էլ մատակարարված ջրի դիմաց հավաքված գումարը չի համապատասխանում խորանարդ մետրերին: Մինչդեռ կաթիլային ոռոգման դեպքում ջրի կորուստ չի լինում:
Գործադիրը հաստատել է ցանկը, թե ովքեր կարող են օգտվել ծրագրից: Կարող են օգտվել նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողները, գյուղատնտեսական կոոպերատիվները, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիները:
Գյուղատնտես Հենրիկ Եղիազարյանը հավելում է՝ եթե հաշվի առնենք, որ ոռոգվող հողերի մի մասը համարվում է գերնորմատիվային, ապա ավանդական ոռոգման դեպքում 3 անգամ ավելի շատ ջուր է օգտագործվում, քան կաթիլայինի: Նոր տեխնոլոգիայով պատկերն այլ է. բացի խնայողությունից՝ ջուրն օգտագործվում է նպատակային՝ կրճատվում են հողօգտագործողի ծախսը, աշխատանքը, բարձրանում է բերքի որակը:
Գերնորմատիվային հողերի մասին էլ է մտածել պետությունը:
Գերնորմատիվային հողերում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու դեպքում ներդրողները 0 % տոկոսադրույքով են վարկեր ստանում:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակներում ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ներկայացվել է մասնակցության 142 հայտ, կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ» թվով 62 պայմանագիր, որից թվով 14 շահառուների կողմից 43.9 հա ընդհանուր մակերեսով հողատարածքներում ներդրվել են ոռոգման արդիական համակարգեր, որի համար տրամադրվել է 51 947 385 ՀՀ դրամի չափով փոխհատուցում, իսկ վարկային բաղադրիչով կնքվել է թվով 26 վարկային պայմանագիր:
Նախարարութունից միևնույն ժամանակ հայտնում են՝ ծրագրի շրջանակներում սահմանված չէ որևէ արտոնություն ոռոգման արդիական համակարգ ներդնելու համար ջրի վարձավճարից ազատվելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ծրագրի նկատմամբ, ըստ ԷՆ-ի, քաղաքացիների հետաքրքրվածությունը բավականին բարձր է, որն արտահայտվում է ինչպես նոր մասնակցության հայտերի ներկայացմամբ, այնպես էլ հեռախոսազանգերի և այցելությունների միջոցով ծրագրի մանրամասներին ծանոթանալու ցանկությամբ:
Լուսառատցի խաղողագործ Աշոտ Հովհաննիսյանը հողամասում հենց այս ծրագրի միջոցով է կաթիլային ոռոգում անցկացրել: Հիմա ափսոսում է, որ 6000 քառակուսի մետր խաղողի այգու դիրքն ու չափը հարմար չեն այնտեղ էլ կաթիլային ոռոգման անցնելու համար:
«Կաթիլային ոռոգումն ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես՝ այն թույլ է տալիս ավելի ճկուն կառավարել բնակլիմայական գործընթացները, այն է՝ ըստ պահանջի բույսին տրամադրել սննդանյութեր և ջուր: Այսպիսով՝ անցում է կատարվում ինտենսիվ գյուղատնտեսության, այսինքն՝ բարձր բերքատվություն՝ քիչ ջրի ծախսով: Բացի այդ, ջուրը և պարարտանյութերն անմիջապես մատակարարվում են բույսի արմատային համակարգին»,- առավելությունները թվարկում է ֆերմերը:
Ներկայումս կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգով ոռոգվող շուրջ 250 հա հողատարածքների համար օգտագործվում է 980 հազար խորանարդ մետր ջուր, ինչը միջինը 1 հա հողատարածքի կտրվածքով կազմում է մոտ 4 հազար խորանարդ մետր։
Նախնական տվյալներով՝ ապագայում կանխատեսվող շուրջ 22 հազար հա հողատարածքի համար նշված համակարգը ներդրողները կօգտագործեն շուրջ 88.5 միլիոն խորանարդ մետր ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի սպառման ծախսը կնվազի 2-3 անգամ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան