Տեղականի անվան տակ թուրքական ելակ է վաճառվում
Արմավիրի մարզում ելակի բերքահավաքը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 20 օր ուշ կսկսվի: Գյուղացիներն Ագրոպրեսին պատմում են՝ եղանակն այս տարի ելակի համար բարենպաստ չէր, ջերմոցային տնտեսությունները պահպանելու համար կրկնակի ծախս են կատարել, վաղ գարնանը քամիները վնասել են պոլիէթիլենային թաղանթներն ու ելակի չհասունացած պտուղները: Գյուղացիները ստիպված են եղել ցանքատարածությունները երկրորդ անգամ թաղանթապատել, իսկ բույսը՝ կրկնակի պարարտացնել:
Մի կողմից էլ հիվանդությունների պատճառով է բերքը տուժում: Այս տարի ելակի մշակությամբ զբաղվող գյուղացիների պնդմամբ՝ բերքը քիչ է լինելու:
Գեղակերտցի Վարդան Կարապետյանը 3000 մետր հողատարածքում ելակ է մշակում, 15 տարվա աշխատանքից դժգոհ չէ, ասում է՝ ռիսկային է, գյուղացու չարչարանքը բնությունից է կախված:
Հողագործի կարծիքով՝ ելակի մշակությամբ զբաղվելը ձեռնտու է, եթե եղանակը բարենպաստ է լինում:
«1000 մետրից մեկ տոննա ելակ եմ հավաքում, դա միջին բերք է: Ռեկորդային բերք չենք ստանում, քանի որ այս բույսը հիմնական հով տարածքում է լավ աճում, իսկ մեզ մոտ տաք է կլիման: Ծախս է պահանջում, տեխնիկա քիչ ես օգտագործում, հիմնականում բոլոր պահանջվող աշխատանքը ձեռքով է արվում, իսկ աշխատուժը գումար է պահանջում: Օրավարձով բանվոր ենք բերում, աշխատացնում, եթե առաջ մեկ օրվա համար բանվորը 3000 դրամ գումար էր ուզում, հիմա 7000-ով է գործ անում»,- նշեց գյուղացին:
Արմավիրի մարզում ելակի մշակությամբ զբաղվում են հիմնակում Գեղակերտ, Առատաշեն և Արշալույս համայնքների գյուղացիական տնտեսությունները:
Նրանք գրեթե ողջ տարին են զբաղված ելակով, մշակության նախապատրաստական աշխատանքները սկսում են սեպտեմբերից, շարունակվում մինչև բերքահավաք, երբ սեղանը սկսում է զարդարել գեղեցիկ տեսքով անուշ պտուղը, գյուղում հասցնում են շունչ քաշել։
Տիկին Մանուշակը 15 տարի է՝ ելակ է մշակում: Ասում է՝ չարչարանքը շատ է, նուրբ մշակաբույս է, մշտապես հետևել է պետք, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն չէ, որակյալ բերք ստանալու համար պետք է ժամանակին պարարտացնել: Նա նշում է, որ իրենց համայնքում մարդիկ տարեցտարի ավելացնում են ելակի ցանքատարծությունները:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը հայտնեց, որ դեռ այս տարվա հաշվարկները չեն արել, բայց իր կանխատեսմամբ, նախորդ տարվա համեմատ, ելակ ավելի շատ են մշակել:
Նախորդ տարի մարզում մոտ 350 հեկտար ելակ է մշակվել, այս տարվա ցուցանիշներն ավելի են:
«Եթե իրացումը լավ լինի, մարդիկ ավել շատ ելակ կմշակեն: Միշտ ասում եմ՝ երկու կարևոր խնդիր կա գյուղատնտեսությունում՝ իրացում և ոռոգման ջուր: Եթե այս երկուսը լինի, գյուղատնտեսությունը շեշտակի կաճի»,- հավելեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:
Ելակը հեռանկարային է
Օրեր առաջ Խոյ խոշորացված համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել էր բնակիչների հետ՝ գյուղատնտեսական աշխատանքների ու ծրագրերի վերաբերյալ:
«Հո՞ղ եք մշակում, կլուբնիկ ունե՞ք, ես գիտեմ, որ անցած տարի լավ վաճառվելա, բայց ինչքան գիտեմ՝ եթե շատ է լինում, գինն է ցածր լինում, քիչ է լինում, գինը բարձր է: Իսկ ապահովագրություն, բան արե՞լ եք»,- հարցրել էր Փաշինյանը գյուղացիներին, ինչին վերջիններս բացասական պատասխան են տվել:
Ելակի ջերմոցները գյուղապահովագրություն չունեն։ Գյուղացիներն ասում են՝ մինչև հիմա չեն կարողացել մարել ջերմոցների պոլիէթիլենային թաղանթների պարտքը. 1 կգ՝ 1500 դրամ: Իսկ ելակի ջերմոցների երկարությունը մինչև 20մ է:
Ելակի մշակությամբ զբաղվող գեղակերտցի ֆերմեր Վարդան Կարապետյանի համոզմամբ՝ գործը հեռանկարային է, եթե մթերման հարցը լուծվի: Գյուղացու խոսքով՝ տարեցտարի ելակի ցանքատարածություններն ավելանում են: Արտադրողը, սակայն, խնդիրներ է տեսնում: Ըստ նրա՝ եթե շարունակվի դրսից մեր երկիր ելակ մտնել, գյուղացիները կհրաժարվեն իրենց գործից:
«Մենք արտահանում չենք անում, արտահանվում է հիմնականում մեծ ջերմոցային տնտեսություններում արտադրված ելակը: Մեր գործից խփում է Թուրքիայից ներկրած ելակը: Այս տարի էլ են Թուրքիայից ելակ բերել և տեղականի անվան տակ վաճառում են: Թուրքական ելակը հիմա վաճառվում է այն թասերի մեջ, որոնց մեջ մերն է վաճառվում: Թուրքիայից էժան են բերում, իսկ մեր արտադրանքը թանկ է նստում․ աշխատուժի ենք գումար տալիս, բուժանյութն ու պարարտանյութը թանկ են»,- նկատեց նա:
Ելակի՝ նոր ջերմոցային համալիր կկառուցվի
Հայաստանում ելակի խոշոր ջերմոցները գտնվում են Իջևանում, Արագածոտնի մարզում և այլ վայրերում: Դրանց թիվը շուտով մեկով էլ կավելանա:
Պետությունն օգնում է, որ ֆերմերները կարողանան ելակի բիզնես հիմնել:
Ըստ այդմ՝ կառավարությունն ապրիլի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԲԵՐՐԻՄԱՈՒՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս ընկերությունը Կոտայքում 32 հազար քմ տարածքով ելակի ջերմոցային համալիր կկառուցի: Արտադրանքի 95 տոկոսը նախատեսվում արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 992 մլն դրամի ներդրում ջերմոցների ձեռքբերման համար։
Այս ներդրումային ծրագրի շնորհիվ նախատեսվում է մինչև 2023 թվականի ավարտը ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 120,000 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան