Որքան հայտ է ներկայացվել ինտենսիվ այգի հիմնելու համար
Հայաստանում վերջին մի քանի տարիներին լայն թափով զարգանում է ինտենսիվ այգեգործությունը: Այս հարցում իր դերակատարությունն ունի նաև պետությունը, որև աջակցում է նորագույն տեխնոլոգիաներով այգեգործության զարգացմանը:
Վիճակագրական տվյալները փաստում են՝ ինտենսիվ այգիներ հիմնելու պետական աջակցության ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:
Էկոոմիկայի նախարարությունից Ագրոպրես-ին տեղեկացրեցին, որ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ին։
Այս ընթացքում դիմել են 430 հայտատու 1509,49 հեկտար այգու հիմնման համար:
Կնքվել է 222 պայմանագիր՝ 814,59 հեկտար այգու հիմնման համար:
Դիմողների թիվը կտրուկ ավելացել է հատկապես անցյալ տարի:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ միայն նախորդ տարվա առաջին կիսամյակում 900 հեկտար ինտենսիվ այգի կառուցելու հայտ է ստացվել:
Եթե 2018 թվականին 20 հեկտար ինտենսիվ այգի կառուցելու հայտ էր ներկայացվել, ապա 2021 թվականին՝ 1670 հեկտար:
Ավանդականից տարբերվող այգիներ
Իսկ ինչ է ինտենսիվ այգեգործությունը. ինտենսիվ այգին ավանդականից տարբերվում է. փոքր ծառերը մշակվում են նոր տեխնոլոգիաներով, կաթիլային ոռոգմամբ, կամ փոքրիկ ջրամբար է հարկավոր։ Մոտ մեկ հեկտար տարածքում շուրջ 600 ծառ է նախատեսում տնկել։ Առաջին բերքն ինտենսիվ այգու պարագայում ստացվում է ծառատնկումից 5 տարի հետո։
1 հեկտար այգի հիմնելու համար ծախսը՝ կարկտապաշտպան ցանցով, միջինը կազմում է 29,8 մլն դրամ։ Պտղատու կամ հատապտղատու այգիների ստեղծման դեպքում կառավարությունը երկու բաղադրիչով է աջակցում՝ կա՛մ վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում է տալիս, կա՛մ մասնակի փոխհատուցում է կատարված ծախսերը։
Օրինակ՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչից օգտված շահառուները փոխհատուցում ստանում են փաստացի կատարած ծախսերի հաշվարկներով՝ ներկայացնելով հիմնավորող փաստարկները:
Նիկոլ Փաշինյանի հորդորը
Միայն Արմավիրի մարզում 2 հազար 169 հեկտար ինտենսիվ այգի ունենք՝ մատնանշում է մարզպետարանաի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն՝ ընդգծելով, որ նախորդ տարվա ընթացքում Արմավիրի մարզում հիմնվել է 855 հեկտար ինտենսիվ այգի:
«Ֆանտաստիկ գործ է»,- Արմավիրի մարզ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ տեսնելով ինտենսիվ այգիները:
Փաշինյանը Վանանդ բնակավայրում ծանոթացել էր մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին:
«Դրա շրջանակում՝ 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի և կառուցվել 100 հազար խ/մ տարողությամբ ջրամբար: Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով 800 հեկտարի»,- ստացած տպավորությունները Փաշինյանը կիսել էր ֆեյսբուքյան էջում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը քաջալերում է ժամանակակից գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախագծերը:
Փաշինյանը գյուղացիական տնտեսություններին հորդորել է անցնել ինտենսիվ այգեգիների հիմմանը:
Նորարար այգիներ
Միայն Արմավիրի մարզը չէ, Կոտայքի մարզի Նոր Գեղիի հողատարածքների մոտ 600 հեկտարը խնձորի այգիներն են զբաղեցնում, որից 90 հեկտարը նորատունկ է՝ 3-5 տարվա ծառեր են:
Հսկա խնձորենիների կողքին վերջին տարիներին ցածր տնկիներ են սկսել աճեցնել: Դրանք նոր տեխնոլոգիայով աճեցվող ինտենսիվ այգիներ են: Բերքը և՛ կարկուտից է պաշտպանվում, և՛ շատ է լինում:
Նոր Գեղիի այգետեր Միքայել Լազարյանը 2016 թվականին է պետական աջակցության ծրագրով 40 հեկտար խնձորի ինտենսիվ այգի հիմնել:
Լազարյանը երկար տարիներ է այգեգործությամբ զբաղվում: Ասում է՝ նոր տեխնոլոգիայով կառուցված այգին տարբերվում է ավանդականից, առավելությունները շատ-շատ են:
«Մի շարք առավելություններ ունեն, որոնցից մեկը ջրի խնայողությունն է, ինչը շատ կարևոր է գյուղատնտեսության համար: Ինտենսիվ այգիների համար տնկվող ծառերը բերքատու են, ավելի շուտ են բերք տալիս: Բերքի որակն էլ անհամեմատ լավն է»,- ներկայացրեց այգեգործը:
Առայժ եկամուտն է քիչ: Նա նշում է՝ եթե այգու տարածքն ավելի մեծացնի, շահույթն ավելի շատ կլինի:
Խնձորի մշակությամբ զբաղվող գյուղացու պնդմամբ՝ այգեգործությունը ծախսատար է:
«Խնձորի ինքնարժեքը 80 դրամ է կազմում: Բանվորին ենք գումար տալիս, բուժանյութ գնում, ոռոգման ջրի վարձ տալիս, իսկ այս տարի ամեն ինչն էլ թանկացել է»,- ծախսերը թվարկեց նա:
Ինչ է պետք այգեգործությունը զարգացնելու համար
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ հանրապետությունում այգեգործությունը զարգացնելու համար բավարար չեն միայն ֆինանսները, պետք է նաև օրենսդրական դաշտը բարելավվի: Նա նկատում է, որ ոչ մի իշխանության ժամանակ օրենսդրական դաշտի ստեղծման համար քայլեր չի արվել:
«Եթե նայում ենք հարևան հանրապետությունների փորձերը, այնտեղ այգեգործության համար հստակ պայմաններ են դրված: ՌԴ-ում այգեգործությունը զարգացնելու համար առաջին 5 տարիների ընթացքում բոլոր հարկերից ազատված են՝ սկսած հողի հարկից մինչև ոռոգման ջուր: Մի կողմից օրենսդրական դաշտը պետք է հստակ աշխատի, մյուս կողմից՝ ֆինանսական ռեսուրսները: Օրինակ՝ ծիրանի այգին բերք է տալիս 5 տարի անց, խաղողը՝ երրորդ տարում, այսինքն՝ 2-3 տարին այգեգործն ուղղակի ներդրումների միջոցով աճեցնում է տնկիները, և այստեղ ոչ մի շահույթի մասին խոսք լինել չի կարող: Օրենքով պետք է պայմաններ ստեղծեն, որ գյուղացին շահագրգռված լինի այգի ստեղծելու համար»,- կարևորեց նա:
Պետությունը նպատակադրել է զարկ տալ բարձր բերքատու այգիների ստեղծմանը:
Ըստ Հրաչ Բերբերյանի՝ միայն այգի տնկելով չէ. բերքն իրացնել է պետք, հատկապես, որ մարքեթինգային քաղաքականությունն էլ է մեզ մոտ բացակայում:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան