Ազատանում ցորենի մթերումը դադարեցվել է
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան վարչական շրջանի ֆերմեր Գագիկ Պողոսյանի ամբարը ցորենով լիքն է: Բերքի առատությունը, սակայն, գյուղացուն չի ուրախացրել․ նա 20 տոննա ցորենից դեռ ոչ մի կիլոգրամ չի վաճառել, հույս էլ չունի, թե ամբարը կարող է դատարկել. պատճառը ցորենի ռեկորդային գինն է: Ցորենի մթերման գինն այս տարի աննախադեպ ցածր է՝ կիլոգրամը 80-90 դրամ, վերջին տարիների ընթացքում ցորենի մթերման նման գին չի արձանագրվել:
Եղանակային պայմաններն այս տարի բարենպաստ են եղել հացահատիկի մշակության համար: Ազատանում հեկտարից մինչև 60 ցենտներ բերք են ստացել: Կարկտահարությունից համայնքը տուժել է, բայց էական վնասներ ցորենի ցանքսը չի կրել:
«Ցորենի բերքից շատ գոհ ենք, բայց գինն է էժան, ալրաղացները ցորենի կիլոգրամը 70-75 դրամով են մթերում, չենք կարող այդ գնով վաճառել, մեզ ձեռ չի տալիս: Համայնքում խոշոր ֆերմերային տնտեսություններ կան, մարդիկ 30-40 տոննայով բերք ունեն, բայց ցածր գնի պատճառով չեն վաճառում»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց Գ․ Պողոսյանը:
Օրեր առաջ էլ ցորեն ունեցողներն է՛լ ավելի վատ վիճակում են հայտնվել․ վերամշակող ընկերությունները դադարեցրել են ցորենի ընդունումը՝ պատճառաբանելով, թե իրացում չկա:
Ռուսաստանից էժան ցորեն է ներմուծվում
«Մթերում չկա, լրիվ դադարեցվել է: Ալրաղացներն ավելի էժան են ցորենն ընդունում, որը ներմուծվում է դրսից: Ռուբլու գնանկման հետ կապված ՌԴ-ից ավելի էժան գնով է ցորեն ներմուծվում: Ալրաղացներն են գին թելադրողները, էժան ներկրումների պատճառով էլ մենք ենք տուժում: Կարո՞ղ է վերամշակողները տուժեն, իրենք ոչ մի անգամ չեն տուժում: Ճանապարհներին նայում ես, տեսնում ես՝ մեծ քանակությամբ մեքենաներ են՝ ցորենով բեռնված, որոնք դրսից են գալիս․ ՌԴ-ից և Ուկրաինայից են ցորեն բերում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Ազատանում այս տարի, նախորդի համեմատ, ցորենի ցանքատարածություններն ավելացել են 120 հեկտարով՝ շնորհիվ սուբվենցիոն ծրագրի: Ազատանում 2022 թվականին 970 հեկտար աշնանացան ցորեն են ցանել:
Դեռ նախորդ տարվանից Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը: Ցորենի արտադրության խթանման ծրագրի շրջանակներում 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես՝ սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար տրամադրվում է 120․000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70․000 դրամ փոխհատուցում։
Ըստ Շիրակի մարզպետարանի՝ աշնանացանի համար, ընդհանուր առմամբ, մարզում 5․804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի տարածաշրջանն է՝ 2․230, այնուհետև Արթիկը՝ 1․806 և Անին՝ 1․089։
Ցորենի մշակությամբ զբաղվող գյուղացու խոսքով՝ մեկ կիլոգրամ ցորեն աճեցնելու հաշվով պետությունն աջակցում է 20 դրամով, բայց իրացման հարցում քայլեր չի ձեռնարկում:
Հանրապետության տարբեր մթերման կետերում ցորենն ընդունվում է կիլոգրամը 80-90 դրամի սահմաններում, իր հերթին ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը: Նա երեք պատճառ մատնանշեց, թե ինչու է ցորենը ջրի գին դարձել:
Ո՞րն է ցորենի էժանացման պատճառը
Գյուղատնտեսը նշեց, որ գնի իջեցման պատճառը ռուբլու կուրսն է, որը բավականին իջել է։ Բացի այդ՝ անցած տարվա ցորենի առատ բերքը, էմբարգոն և այս տարվա արդեն ցորենի բարձր բերքատվությունը Ռուսաստանում գերավելցուկ են ստեղծել, դրա համար էլ գները բավականաչափ իջել են։ Իսկ Հայաստան հացահատիկը գրեթե ամբողջությամբ (99.9%) ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։
Նրա խոսքով՝ գնի իջեցման պատճառներից մեկն էլ այն է, որ լուծվել է Լարսի խնդիրը, քանի որ 10-12 անցակետ է ավելացել:
«Ռուսաստանից ներկրվողի հաշվին է մեր արտադրանքի գինը որոշվում, գյուղացուց էլ գնում են այն գնով, ինչ ներկրվում է: Էժան են ներկրում, որովհետև նաև տրանսպորտային ծախսերն են էժանացել: Պատկերացրեք՝ մեր գյուղացիները հեկտարի վրա 200․000-ից ավել ծախս են անում և անջրդի հողում լավագույն դեպքում ստանում են 3 տոննա ցորեն, եթե 80 դրամով էլ մթերեն, ստացվում է, որ հեկտարի հաշվով 240․000 դրամ եկամուտ են ստանում, իմաստ չունի այդ գործով զբաղվել, վնասով են միայն աշխատում»,- փաստեց նա:
Վերջին 10 տարում ցորենի՝ նման ցածր գին չի եղել
Հարություն Մնացականյանը հիշում է, որ մթերման գինն իջել է 10-20 դրամով, բայց վերջին 10 տարում ցորենի՝ նման ցածր գին չի եղել։ Անցած տարի՝ այս օրերին, մինչև բերքահավաքը ցորենի մթերման գինը հասնում էր 200-ի, այս տարի 80-90-ի սահմաններում է:
Գեղարքունիքի մարզում էլ այս տարի աշնանացանի ցանքատարածություններն ավելացել են, ինչին նպաստել է ցորենի ցանքատարածության ծավալների մեծացմանն ուղղված պետական սուբսիդավարման ծրագիրը:
Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետ Մարտին Պետրոսյանի հրապարակած տվյալներով՝ 2022 թվականին մարզում 12 հազար 642 հեկտար աշնանացան է արվել, որը 2021 թվականի համեմատ ավել է 3 հազար 35 հեկտարով, սուբսիդավորման շահառուների թիվն էլ կազմում է 3 հազար 536:
Նախորդ տարի 15 հազար 800 տոննա ցորեն են հավաքել, այս տարվա ցուցանիշը, ինչպես մարզի գլխավոր գյուղատնտեսն է վստահեցնում, կկրկնապատկվի:
Չնայած առատ բերքին և ցանքատարածությունների ավելացմանը՝ Մեծ Մասրիկում էլ են դժգոհ մթերման ցածր գներից: Գյուղացիներից Արմեն Ասատրյանն ասում է՝ բերքն արտակարգ է, մինչև 60 ցենտներ բերք են հավաքել, բայց վաճառել չեն կարողանում:
Ցորենի արտադրությամբ զբաղվողները դարձյալ պետության աջակցության կարիքն ունեն․ խնդրում են, որ Կառավարությունն աջակցի նաև իրացման հարցում՝ կարգավորի գները:
Ցորենը 80 դրամով էլ վաճառելու դեպքում մեր ֆերմերները կունենան շահույթ. նախարար
Ի պատասխան ցորեն մշակողների խնդիրների՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ կառավարությունն արդեն խոշոր աջակցություն է ցուցաբերել ցորեն աճեցնող գյուղացուն։
Նախարարը վստահեցրեց՝ անգամ ցորենի կիլոգրամն 80 դրամով վաճառելով գյուղացին շահույթ է ունենում։
«2022 թ. աշնանացանի ծրագիրն աշխատել է բավականին հաջող` չնայած անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Մենք միայն չկարողացանք Գեղարքունիքի և Սիսիանի համայնքներում այդ ծրագիրն ամբողջովին իրականացնենք»,–հավելեց Քերոբյանը։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան