Գյուղատնտեսություն

Ինչու է աշնանացանի սուբսիդավորումը դադարեցվել

Ցորենի ցանքատարածություններն ավելացել են 50-60 հեկտարով

Աշնանացանի սուբսիդավորման պետական ծրագիրը դադարեցվել է, Ագրոպրեսի հետ զրույցում բողոքեցին Շիրակի մարզի ֆերմերները։
Անցյալ տարի նրանք ցորենի սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութի համար մեկ հեկտարի հաշվով 70-120 հազար դրամ պետական սուբսիդավորում էին ստացել ու արդյունքում  մարզում 5 000 հեկտար ավելի շատ աշնանացան ցորեն մշակվեց։ Ծրագիրը, սակայն, այս տարվանից Կառավարությունը որոշել է չեղարկել։
Համայնքի ղեկավարներն արդեն ահազանգում են՝  առանց սուբսիդիայի մինչև 30 տոկոսով կկրճատվեն ցորենի ցանքատարածությունները։
Շիրակի մարզի Բասեն բնակավայրում գրեթե բոլոր ֆերմերն օգտվել են աշնանացանի սուբսիդավորման ծրագրից։ Համայնքի բնակիչներից Հայկ Մնացյանը հավաստիացրեց՝ պետության կողմից տրամադրված այս աջակցությունից օգտվողները գոհ են, միան թե հիմա սրտնեղել են, որ առանց պատճառաբանությամբ ծրագիրը դադարեցվել է։
Նրա պնդմամբ՝ սուբսիդավորման շնորհիվ ցորենի ցանքատարածություններն ավելացել են, բայց նույնը չի կարող այս տարվա մասին։
«Շատ օգուտ էր այդ ծրագիրը, շատերը, ֆինանսական միջոցների սղության պատճառով, չէին կարողանում ցորեն մշակել։ Այս տարի քիչ են ցանել նաև դիզվառելիքի և թունաքիմիկատների բարձր գների պատճառով։ Աշնանացանի սուբսիդավորման ժամանակ ցանքատարածություններն ավելացել են 50-60 հեկտարով, այս սեզոնին նվազել է՝ 30-40 հեկտարով»,- մանրամասնեց ֆերմերը։
Բասենի գյուղացիները ցորենից ցանկալի եկամուտ չեն ստացել նաև կրծողների պատճառով։ Այստեղ կտրուկ ավելացել է կրծողների թիվը, որն էլ վնասել է բերքի 30 տոկոսը։

Լավագույն ծրագրերից մեկը
Աշնանացանի սուբսիդավորումը գյուղատնտեսության աջակցության լավագույն ծրագրերից է համարում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։
Նա, վերլուծելով տվյալները, փաստեց, որ ծրագրի ընթացքում զգալի չափով ավելացել է ցանքսն ու բերքատվության ցուցանիշը։
«Նախորդ տարի բավականին մեծ ցանքս է կատարվել։ Ավելացել են նաև էլիտար սերմերի ցանքատարածությունները։ Ցորենի բերքատվությունը ևս։  Հիմա, երբ ծրագիրը չի իրականացվում, հաջորդ տարի, որ դաշտերը շրջենք, կտեսնենք, որ բերքը որակյալ չէ»,- նշեց համայնքի ղեկավարը։
Ըստ Շիրակի մարզպետարանի՝ աշնանացանի համար, ընդհանուր առմամբ, մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի տարածաշրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։

Մարզում մոնիթորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն չհավաստագրված սերմերով է իրականացվել, 2397 հա-ը՝ հավաստագրված սերմերով։

Նախարարի  պարզաբանումը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այդպես էլ չի հստակեցնում, թե ինչու են որոշել աշնանացան ցորենն այլև չսուբսիդավորել։
Ասում է՝  կոլեգիալ քննարկումների ժամանակ,  ինքներս մեզ չկարողացանք համոզել, որ արժե շարունակել այն։  Ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ նախարարությունում դեռ քննարկումները շարունակվում են, կորոշեն՝ ինչ ծրագրով են առաջ շարժվում։
«Կախված յուրաքանչյուր տարվա մեր սպասելիքներից՝ կարող ենք ինտերվենցիաներ անել տարբեր ծրագրերի մեջ, որը կարող է վերաբերվել թե՛զբոսաշրջությանը, թե՛ արդյունաբերությանը, թե՛ գյուղատնտեսությանը։ Անցյալ տարի, երբ ցորենի գները բարձր էր, նպատակահարմար գտանք թե պարենային անվտանգության և թե անմշակ հողերը մշակովի դարձնելու նպատակով սկսել աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագիրը»,- պարզաբանեց նախարարը։

Ներկրումները՝ ցածր գնի պատճառ
Բասենցի ֆերմեր Հայկ Մնացյանին Վահան Քերոբյանի խոսքերը հավատ չեն ներշնչում։ Նա ծրագրի կասեցման վերաբերյալ իր դիտարկումներն ունի։
«Պատճառը ցորենի շուկայական գինն է։ Եթե պետությունն այդքան միջոցներ պետք է ներդնի ավելացնելով ցորենի ցանքատարածությունները, ապա հաշվի առնելով ներկայիս գինն, իր համար ավելի արդյունավետ է  ցածր գնով ներկրել»,- իր տեսակետը հայտնեց  ցորենի մշակությամբ զբաղվողը։
 Իսկ այս տարի ցորենի մթերման գինը պատմական ռեկորդ է սահմանել։
Ֆերմերների խոսքով՝  ցորենի մթերման գինն այս տարի աննախադեպ ցածր է՝ կիլոգրամը 80-90 դրամ, որը կազմում է ինքնարժեքը։
Արծրունի Իգիթյանը շեշտեց, որ ցորենի ցածր գինը պայմանավորված է ներկրումներով։
«Ռուսաստանից էժան ցորեն բերում, այտեղ արժեքը շատ ցածր է՝ կապված բերքի քանակով և կիրառվող պատժամիջոցներով։ Ներկրվողի հաշվին է մեր արտադրանքի գինը որոշվում, գյուղացուց էլ գնում են այն գնով, ինչ ներկրվում է: Էժան են ներկրում, որովհետև նաև տրանսպորտային ծախսերն են էժանացել: Պատկերացրեք՝ մեր գյուղացիները հեկտարի վրա 200․000-ից ավել ծախս են անում և անջրդի հողում լավագույն դեպքում  ստանում են 3 տոննա ցորեն, եթե 80 դրամով էլ մթերեն, ստացվում է, որ հեկտարի հաշվով 240․000 դրամ եկամուտ են ստանում, իմաստ չունի այդ գործով զբաղվել, վնասով են միայն աշխատում»,-  հավելեց նա:
 Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ՀՀ-ն հացահատիկը գրեթե ամբողջությամբ (9 9.9%) ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։
2022 թվականին  ներմուծվել է 533.6 հազար տոննա հացահատիկ, որից 379.0 հազար տոննան ցորեն է, 57.5 հազար տոննան՝ գարի, 97.1 հազար տոննան՝ եգիպտացորեն։
2021 թվականին հանրապետությունում հացահատիկի ինքնաբավության մակարդակը կազմել է 23.2 %:


Հեղինակ՝  Մանյա  Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search