Գյուղատնտեսություն

Բուսաբուծության աջակցության ծրագիրն ամբողջ հանրապետությունով

Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման և ցանքատարածությունների ավելացման նպատակով կառավարությունը գործարկել է բուսաբուծության աջակցության ծրագիրը: Գործադիրը մարտի 14-ի նիստում արդեն հաստատել է ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ծրագրի իրականացման նպատակն է ՀՀ-ում խթանել նաև հավաստագրված սերմերի իրականացումը։

«Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես՝ գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղային (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ), մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված արժեքի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով. հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ, բազմամյա խոտաբույսերի մշակաբույսերի մշակության համար յուրաքանչյուր 1 հա՝ 110 հազար դրամ»,-ներկայացրել է նախարարը:

Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր շահառու ՀՀ մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք: Անհրաժեշտության դեպքում, ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն:

Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 11 մլն դրամ գումարը: Ծրագրի շրջանակում թույլատրվում է խառը ցանքերի իրականացումը, ընդ որում՝ փոխհատուցումը տրամադրվում է հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով։

Ի՞նչ սպասել

Բուսաբուծության աջակցության ծրագիրն իրականացվելու է ամբողջ հանրապետության տարածքով:

Սա գյուղատնտես Վարուժան Խոդեդանյանը լավ ծրագիր է համարում: Նրա կարծիքով՝ ծրագրից կօգտվեն հիմնականում խոշոր գյուղացիական տնտեսությունները, որոնք լեռնային գոտիներում են բուսաբուծությամբ զբաղվում:

«Ճիշտ են արել, որպես փոխհատուցում տրամադրվող գումարները նորմալ գնով է հաշվարկված, եթե ֆերմերը հեկտարի հաշվով մոտ 200 կգ ցորեն ցանի, սերմի արժեքն էլ ամենաբարձր արժեքով գնելու դեպքում 250 դրամով, արժեքը կկազմի 50 հազար դրամ, իսկ փոխհատուցման 50 տոկոսը տալու դեպքում ստացվում է 25 հազար դրամ, ուստի, նորմալ է տրամադրվող 60-70 000 դրամները: Ծրագիրն ինչ- որ հարց կլուծի, մարդիկ շահագրգռված կլինեն աշխատել»,- Ագրոպրեսի հետ զրույցում կարևորեց մեր զրուցակիցը:

Կառավարության նիստում այս հարցը քննարկելիս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ ծրագիրն այս տարի կիրականացվի, որի արդյունքներով կմշակվի հաջորդ ծրագիրը՝ լավարկված մեխանիզմներով, ռիսկերը հնարավորինս նվազեցնող:

«Երկու հանգամանք ենք հաշվի առել, նախ՝ այս որոշումը եթե մենք հիմա չկայացնենք, 2024 թվականի գարունը բաց կթողենք: Այդպես պայմանավորվեցինք, իհարկե, հնարավոր բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որ գործընթացը տեղի ունենա կարգին համապատասխան՝ հնարավորինս բացառելով որևէ չարաշահում: Իսկ 2025 և 2026 թվականների համար ծրագրի ներկայացումն ավելի հղկված լինի: Այսինքն՝ այդ պատճառով էր նաև, որ տարանջատեցինք, 2024 թվականը հիմա այսպես որոշումը կայացնեք, որ նախատեսվածն իրականացվի, բայց արդեն հաջորդ ծրագրով կունենանք լավարկված մեխանիզմներ՝ ռիսկերը հնարավորինս նվազեցնող»,- ասել էր փոխվարչապետը:

Պետք է լավարկել մեխանիզմները

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել էր, որ պետք է լավարկել մեխանիզմները՝ չարաշահումներից խուսափելու համար:

«Ի հեճուկս մտահոգությունների՝ սա պատճառ չէ, որ մենք այս որոշումը չկայացնենք: Պետք է աշխատենք, այսինքն՝ մեխանիզմը պետք է հասկանանք, լավարկենք»,- հույս էր հայտնել վարչապետը:

Լավ ու վատ կողմերը

Բուսաբուծության աջակցության ծրագիրն արդեն իսկ ոգևորություն է առաջացել Ախուրյան խոշորացված համայնքում:

Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանի տեղեկացմամբ՝ 1 ամսում արդեն 50 գյուղացի է դիմել ծրագրից օգտվելու համար:

«Նորմալ ծրագիր է, իմ կարծիքով հաջորդ տարի էլ ավելի կլավացնեն, սա դեռ պիլոտային է: Գյուղացիները դիմում են, դրական է մեզ համար»,- ասաց նա:

Թեև բուսաբուծության աջակցության ծրագիրը գյուղացիների մեծ մասն, ինչպես նաև փորձագետները դրական են համարում, այնուամենայնիվ, Ազատանի վարչական ղեկավարը խնդիր տեսնում է:

«Լավ կլիներ, որ փոխհատուցումը չտրամադվել միայն հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում, այլ նույն օժանդակություն տրամադրվեր, երբ ֆերմերն իր արտադրած սերմը ցաներ ու այս ծրագրի օգտվեր: Այդ դեպքում շահառուների թիվն ավելի մեծ կլիներ, և ծրագիրը հօգուտ գյուղացիների կլիներ»,-տեսակետ հայտնեց Ոսկանյանը:

Կառավարության նիստում ծրագրի վերաբերյալ վարչապետը դիմել էր Էկոնոմիկայի նախարարին, մարզպետներին, համայնքների ղեկավարներին՝ պետք է շատ ուշադիր աշխատել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ստեղծել մեխանիզմներ՝ գումարը գյուղացիներին հասցնելու համար, որպեսզի չլինեն դեպքեր, երբ գյուղացիները վարկային «վատ պատմությունների» պատճառով այդ գումարները չստանան:

 

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search