Ցորենը եկամտաբեր չէ
Ցորե՞ն թե՞ ինտենսիվ այգի. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերջին հայտարարությունից հետո այս հարցի պատասխանն են փորձում գտնել ֆերմերները:
Սեպտեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանը պատասխանել էր հարցին, թե ինչու է աշնանացան ցորենի սուբսիդիան դադարեցվել: Էկոնոմիկայի նախարարն ասել էր. «Կառավարությունը ծախսում է ՀՀ քաղաքացիների փողը։ Հայաստանում մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրերն ենք իրականացնում, եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն՝ այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։ ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»։
Փոխարենը նախարարը կարևորել էր ինտենսիվ այգեգործությունը: Ըստ Պապոյանի՝ Հայաստանում պետք է զարգացնել ինտենսիվ այգեգործությունը, որը շատ ավելի եկամտաբեր է:
«Շատ վատ տնտեսական քաղաքականություն կլինի, և ես շատ կքննադատեմ որևէ տնտեսական քաղաքականություն մշակողի, որը ՀՀ սահմանափակ հողային ռեսուրսն ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի, օրինակ, ցորենի արտադրության մեջ»,- նման տեսակետ էր հայտնել էկոնոմիկայի նախարարը:
Արթիկի և Հոռոմի անջրդի հողատարածքներում ցորենի արտադրությամբ զբաղվող Գագիկ Հարությունյանը Ագրոպրեսի հետ զրույցում հակադարձում է Գևորգ Պապոյանին՝ պնդելով, որ ինքը ցորենից եկամուտ է ստանում:
«Ես ցորեն աճեցնելիս լրիվ կանոնները պահպանում եմ՝ ինչ անհրաժեշտ է բույսին տալիս եմ, ստանում եմ շատ բարձր բերք՝ 5-7 տոննա: Էնպես էլ չի, որ ցորենը ծախսատար է: 5 տոննա ցորեն ստանալու դեպքում 2,5 տոննան իրա ինքնարժեքն է կազմում, իսկ մնացած 2,5-ը քեզ եկամուտ է մնում: Ղազախստանում հեկտարից 15 ցենտներ են ցորեն ստանում, մենք ամենավատ դեպքում ստանում ենք 20-30 ցենտներ, ինչի՞ էնտեղ ցանում են, մեզ մոտ՝ ոչ»,- նկատեց ֆերմերը:
Նրա խոսքով՝ սխալ է ցորենն ու ինտենսիվ այգեգործությունը համեմատել, օրինակ, անջրդի տարածքում այգի հիմնելն ավելի ծախսատար է: Գագիկ Հարությունյանը էկոնոմիկայի նախարարի ուշադրությանը հրավիրում է մկների դեմ պայքարը՝ ընդգծելով, որ կրծողների պատճառով ցորենի կորուստ են ունենում:
Ֆերմերները հակադարձում են
Լոռու մարզի Ագարակ համայնքի ֆերմեր Արման Աբովյանի պնդմամբ՝ սուբսիդավորման դեպքում իրենք կարողանում էին ոչ միայն ներդրած գումարները հետ բերել, այլ քիչ թե շատ շահույթ ստանալ։
«Ինտենսիվ այգիները չեն կարող պետությանն ապահովել նրանով, ինչ ցորենն է լուծում՝ պարենային անվտանգության հարց: Եթե նորալ պետություն է, գոնե պետք է կարողանա իր ներքին սպառման ցորենն արտադրել: Այո, այգին մի անգամ տնկում ես տարիներով բերք է տալիս, թեև ծախսեր պահանջում է: Առանց այգի պետությունը կարող է գոյատևել, բայց առանց ցորեն՝ ոչ: Ցորենին սուբսիդա չեն տալիս, խոտ աճեցնելուն են տալիս: Երևի, խոտն իրենց համար ավելի կարևոր է: Ցորեն ցանելով կարող ես նաև անասնակերի խնդիր լուծել»,-ասաց մեր զրուցակիցը:
Հայաստանում ցորենի ինքնաբավության աստիճանը 27.9% է. պահանջարկի առյուծի բաժինը Ռուսաստանից ներկրվող ցորենով է բավարարվում: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստան է ներմուծվել 344 հազար տոննա ցորեն։ Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 178 հազար տոննա ցորեն։ Նույն ընթացքում ներմուծվել է 344 հազար տոննա։
Այգեգործությունը գրավիչ չէ
Այնպես չէ, որ ինտենսիվ այգեգործության ճյուղում ամեն ինչ հարթ է՝ արձանագրում է Նոր Գեղիի այգեգործ Գևորգ Սահակյանը: Նրա դիտարկմամբ՝ այստեղ էլ այլ խնդիրներ կան:
«Տեղում էդքան ապրանքը չի իրացվում, դուրս ենք տանում: Գիտեք՝ սեզոնին Լարսն ամենաքիչը երկու- երեք անգամ փակվում է, դժվարությամբ ենք բերքը ՌԴ հասցնում: Բացի դա, ամենուրեք ինտենսիվ այգիներ են դրել, և խնձորի բերքն ավելացել է: Տավուշում, Գյումրիիում էլ են այգիներ տնկել, ժայռերի մեջ ինտենսիվ այգի են աճեցնում: Այգեգործությունն այլևս գրավիչ չէ, սառնարանային տնտեսություն պահելը միայն լրացուցիչ ծախսեր է առաջացնում»,- նշեց նա:
Մինչ կառավարությունն անցած տարվանից դադարեցրել է աշնանացան ցորենի սուբսիդիան, արդեն սկսել է տնամերձում խրախուսել ինտենսիվ այգեգործությունը:
Կառավարության փորձնական ծրագիրով ֆինանսավորում է տնամերձում ինտենսիվ այգի հիմնելու ծախսի 95 տոկոսը, 5 տոկոսը՝ համայնքն է տալիս: Առաջին փուլի շահառուները Տավուշի մարզի Խաշթառակի և Բերքաբերի այգեգործներն են:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան