Փետրվարի 15-ից վերսկսվել է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրն ամբողջ ծավալով: Այս տաի ծիրանը, խաղողը, խնձորը, դեղձը, սալորը, սեխը, ձմերուկը, կարտոֆիլը, բալը, կեռասը, ցորենը, գարին ու վարսակը կապահովագրվեն կարկուտից, գարնանային ցրտահարությունից և երաշտից:
Ծիրանը, ցորենը, գարին ու վարսակն ապահովագրելու դեպքում կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40 %-ը, իսկ մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60 %-ը։
«Երկար բանակցություններից հետո եկել ենք համաձայնության ապահովագրական ընկերությունների հետ։ Ապահովագրական ընկերությունները այս տարի կիրականացնեն ակտիվ վաճառք։ Կգան գյուղեր և տեղում, սիրելի քաղաքացիներ, կապահովագրեն ձեր այգիները, ձեր հողատարածքները։ Ապահովագրավճարի 40-ից 60 %-ը պետությունը կվճարի ձեր փոխարեն, իսկ ապահովագրական ընկերությունները, կրկնում եմ, այս տարի անխոչընդոտ և ակտիվ կիրականացնեն ապահովագրություն»,- ֆերմերների համար այս լավ լուրն օրեր առաջ հայտնել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը ծրագիրը թերի է համարում:
«Եթե 1 հեկտար խաղողին 800 հազար կամ 1 միլիոն դրամ են հաշվում ծախսը, այս դեպքում ծախսն են ապահովագրում: Եթե ապահովագրեցինք, կարկուտ եկավ, կամ ցրտահարություն եղավ, մենք այդ դեպքում միայն ծախս ենք կարողանում հանել, բա՞ գյուղացու ապրելը: 1 հեկտար խաղողի այգու վրա միջին ծախսը կազմում է 1 միլիոն 600-ից մինչև միլիոն 800 հազար դրամ։ Հենց այդ ծախսն է ապահովագրում, այն էլ 100 տոկոս վնասի դեպքում պետք է հետ վերադարձնի: Չի ապահովագրվում, օրինակ, 1 հեկտար խաղողի սպասվելիք բերքը: Եթե կարկուտն եկավ, էդ բերքը շարքից դուրս եկավ, գյուղացին չի կարող 1 միլիոն 800 հազար դրամի ապահովագրվածով վարկ փակի»,-Ագրոպրեսի հետ զրույցում նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ խաղողի և պտղատու այգիների դեպքում պետք է 100 տոկոսի չափով սուբսիդավորվում կատարվի:
Ապահովագրական ծրագրի չապահովագրված ռիսկերը
Ֆերմերի բերքը բնական աղետների ռիսկերից ապահովագրող ծրագիրը կյանքի է կոչվել 2019 թվականից, սակայն, 8 տարվա ընթացքն այդքան էլ սահուն չի անցել:
2024 թվականին ծիրանն ու խաղողը չապահովագրվեցին, քանի որ վերաապահովագրողները որոշել էին դադարեցնել գործունեությունը: Հաջորդ տարի ծրագիրը սկսվեց, բայց որոշակի փոփոխություններով, ճիշտ է՝ ծիրանն ու խաղողն տարերային աղետներից ապահովագրվեցին, բայց ցորենի, գարու և վարսակի համար հասանելի եղավ միայն երաշտի ռիսկից ապահովագրվել:
Այդ ժամանակ Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ծրագիրը վնասաբեր է, հենց այդ պատճառով էլ, շվեյցարական «Swiss Re» ընկերությունը, որը հանդես էր գալիս որպես վերաապահովագրող, հրաժարվել է համագործակցությունից՝ վճարումները չափազանց բարձր համարելով։ Որպեսզի պահովագրությունը չդադարեր, պետությունը դարձավ ժամանակավոր վերաապահովագրող։ «Պետական աջակցություն» միջոցառման շրջանակներում 15 հազար հա տարածքի համար նախատեսվել էր 1.490 մլրդ դրամ ապահովագրավճարի մի մասի սուբսիդավորում:
«Մենք այս տարի ունեցանք ապահովագրության հետ խնդիր: Հիմա KFW-ի հետ ակտիվ բանակցությունների մեջ ենք: Կարող եմ արձանագրել, որ ունենք հաջողություն: Իրենք պատրաստ են մեզ գումար հատկացնել, պետությունն էլ կհամաֆինանսավորի: Բանակցում ենք նաև վերաապահովագրողի հետ, որ, եթե ոչ այն ծավալով, ինչ ունեցել ենք 2023-ին, ապա 2025-ին ունենանք ապահովագրության շատ ավելի մեծ ծավալ, քան եղել է այս տարի»,-խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել էր Պապոյանը՝ հավռլով, որնպատակ կա ծավալները 2026-ին ամբողջությամբ վերականգնել ու զարգացնել:
Չնայած ապահովագրության ծրագրում ծագած խնդիրներին՝ 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել:
Արդյունքներ՝ ծրագրից
Ապահովագրողների Ազգային Գործակալության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ շուրջ 1․9 մլն դրամի անցած տարի կնքվել է 32 ապահովագրական պայմանագիր։ Ամբողջ հանրապետությունում ապահովագրվել է շուրջ 20 հա տարածք, որից 5․7 հա խաղող, 1 հա դեղձ՝ կարկուտ և հրդեհ ռիսկից, 5․4 հա խնձոր, 0․1 հա սալոր, 2 հա կարտոֆիլ, 1․5 հա ձմերուկ և սեխ, 1․5 հա բալ և կեռաս՝ կարկուտ ռիսկից, 3 հա հացահատիկ՝ երաշտ ռիսկից։ Ապահովագրական դեպքերի հետևանքով ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվել է 788 840 դրամի չափով ապահովագրական հատուցում: Իսկ վնասաբերությունը կազմել է 42%:
Աշխուժություն կա, բայց ոչ մեծ չափով
Սուրենավանցի այգեգործ Անուշավան Համբարձումյանն այս տարի չի պատրաստվում գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի շահառու դառնալ: Նա դժոգոհում է, որ նախորդ տարի ապահովագրողները հրաժարվել են ծիրանն ապահովագրել, քանի որ այն ռիսկային է, հետևաբար, ապահովագրական ընկերությունները խուսափում են հնարավոր վտանգն իրենց ուսերին վերցնել:
Ապահովագրություն իրականացնող ընկերություններից մեկից թեև դեռ ստույգ հաշվարկներ չունեն, ասում են՝ դիմողներների աշխուժություն կա, բայց ոչ մեծ թվով:
«Ովքեր նախորդ տարիներին ապահովագրության ծրագրից օգտվել են և գոհ են, կրկին դիմում են, իսկ ովքեր չեն արել, հիմա էլ չեն դիմում: Դեռ մեծ հոսք չունենք: Ծրագրին համեմատաբար ավելի շատ դիմում են Արմավիրի մարզից»,-փոխանցեցին ապահովագրական ընկերությունից՝ հույս հայտնելով, որ դեռ մինչև մարտի 1-ը ժամանակ կա, ֆերմերները կդիմեն:
Նշենք, որ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը կառավարության միջոցների հաշվին կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 80 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Ֆինանսավորումը ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեից 200 մլն դրամ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան
