Օդի բարձր ջերմաստիճանի և տեղումների սակավության պատճառով դաշտերում գրեթե խոտ չկա, և խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը պակասել է 10 տոկոսով, ինչը նշանակում է, որ ձմռանը պանրի սղությունը նկատելի կլինի։
Արագածոտնի մարզի համայնքների մեծ մասում զբաղվում են անասնապահությամբ: Արոտավայրերում խոտ չկա: Արտենի համայնքից Փայլուն Հովհաննիսյանն ասում է՝ օր-օրի պակասում է կովերի կաթնատվությունը.
«Անցած տարի այս ժամանակ 10-11 լ կթում էի, այս տարի 5-6լ, արոտ չկա: Անձրև չի եկել, չորային է տարին, երաշտ, խոտ չկա»:
Հայաստանի ամենացուրտ հյուսիսում՝ Աշոցքում, մենամեծ արոտավայրերն են: Այստեղ 10-15 տոկոսով նվազել է պանրի արտադրությունը: Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանն ասում է՝ տարին չորային է, կաթը՝ քիչ. անասնապահներից 1լիտր կաթը 140 դրամով են գնում.
«Խոտ ընդհանրապես չկա, աշնանն էլ չգիտենք ինչ կլինի: Ժողովուրդը կարող է անասունները կոտորեն՝ մորթեն: Ընդհանրապես խոտ չկա, անցյալ տարվա կեսն էլ չկա»:
Արմավիրցի Հապետ Պողոսյանը ավելի թանկ է վճարում. 1 լիտր կաթը գնում է 170 դրամով, առաջ օրական 3տ, այսօր հազիվ 900լ են կարողանում գտել։ Երաշտի պատճառով Արմավիրի գյուղերում անասունների անկման դեպքեր են գրանցվել.
«Մեզ մոտ կաթը 2 ամիս առաջվա համեմատությամբ 3 անգամ պակասել է: Դա մասամբ պայմանավորված է անասուններին լեռնային շրջաններ տեղափոխելով, մասամբ՝ չորային եղանակով. անասնակերը՝ խոտը, շատ է թանկացել և արդեն անասունների մորթ կա: Կթու կովերը մորթում են»:
Որպեսզի ձմռանը տեղական պանիրը չպակասի, պետք է արտադրության մանրամասն պլանավորում, ժամանակակից տեխնոլոգիաներ, հարկային դաշտի վերանայում: Պանրագործների միության նախագահ Արմեն Գոգիյանի դիտարկմամբ՝ այս կարևոր խնդիրը լուծելու համար հստկեցումներ պետք է անի կառավարությունը.
Մեզ մոտ կաթը 2 ամիս առաջվա համեմատությամբ 3 անգամ պակասել է: Դա մասամբ պայմանավորված է անասուններին լեռնային շրջաններ տեղափոխելով, մասամբ՝ չորային եղանակով. անասնակերը՝ խոտը, շատ է թանկացել և արդեն անասունների մորթ կա: Կթու կովերը մորթում են
«Հայաստանում ազգային անվտանգոթյան դոկտրինայի շրջանակում, պարենային անվտանգության հետ կապված, չունենք հստակ, ճիշտ ձևակերպված փաստաթուղթ: Դասակարգված չեն առաջնային անհրաժեշտության ապրանքների պահեստավորման, պլանավորման, արտադրման և այլ հարցեր: Առաջին հերթին մեզ պետք է անասնապահ գյուղացու և ֆերմերի ստատուս, որպեսզի անասնապահ գյուղացին և ֆերմերն իրարից տարբերվեն»:
Պետք է մշակել կաթի արտադրության ռազմավարություն, որպեսզի տարվա ընթացքում ապրանքի դեֆիցիտ չլինի: Ժամանակակից ֆերմերային տնտեսություններում ներդրված ստանդարտները չեն ազդում կաթնարտադրության վրա նույնիսկ երաշտի ժամանակ:
Արմեն Գոգիյանը մեջբերում է Իսրայելի օրինակը. «Եղանակով պայմանավորված խնդիրները խիստ նվազեցվում են: Շոգ երկրներում՝ Իսրայելում, տափաստան է, ոչ բարենպաստ վայր, բայց, քանի որ կիրառել են ստանդարտներ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, ունենում են բարձր կաթնատվություն, պարենային անվտանգության շրջանակում ներքին արտադրությունն ապահովում է բնակչության կաթի պրոտեինը»:
Կաթ վերամշակող, արմավիրցի Հապետ Պողոսյանը եղել է Իսրայելում, հետևել անասնապահական ֆերմաներում աշխատանքի պլանավորմանը, կաթի վերամշակմանը: Ասում է՝ Իսրայելում ներդրվող տեխնոլոգիաների շնորհիվ կաթնամթերքի արտադրության ծավալները կայուն են.
«Այնտեղ բոլոր ֆերմաների համար պլանավորումը կար՝ ամեն կովը պետք է այսքան կաթ տա՝ նշված յուղայնությամբ: Իրենք այդքան էլ ստանում էին, իսկ մենք դեռ 10-20 տարի հետո հազիվ հասնենք այդ մակարդակին»:
Ըստ վիճակագրության՝ մեր երկրում մեկ անձը սպառում է տարեկան 5-6 կգ պանիր: Սպառվող պանրի 5 տոկոսն արտադրվում է Հայաստանում, 5 տոկոսը ներկրվում է: Աշոցքի պանրագործ Գեորգի Բաղդասարյանն ասում է, որ հարկային դաշտը կարգավորված չէ, իրենց պանիրը մրցակցությունից դուրս է մնում.
Պանիր արտադրողների 90 տոկոսը պարզեցված հարկով է աշխատում, 10 տոկոսը՝ ավելացած արժեքի հարկով: Դա արդեն մրցակցություն չէ: Պետք է բոլորին մի դաշտ բերվի, պանիր են արտադրում 1կգ, թե 1000 տ՝ պետք է նույն ձևով հարկվի, կամ էլ տարբերակվի՝ կաթի փոշիով է սարքված, յուղով, նորմալ մակնշվի, որպեսզի տարբերություն դրվի մաքուր կաթով ու խառնուրդով պատրաստված պանրի միջև»:
Պանրագործների միության նախագահ Արմեն Գոգիյանի խոքով՝ պանրի որոշակի քանակ արտահանվում է Ռուսաստան, որտեղ հունիսի 1-ից ներկրվող պանրի վրա դրվում է «Четный знак» որակի կոդը։ Սեպտեմբերի 1-ից այն կդրվի նաև մյուս կաթնամթերքների վրա.
«Կառավարությունը մրցույթ էր հայտարարել, հաղթել է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն, որպեսզի ապահովի Հայաստանում «Четный знак»-ի գործառույթները: Մեր վերամշակողները, արտահանողները ոնց զանգում են, ոնց փորձում են կապ հաստատել իրենց հետ՝ չի ստացվում: Չի արվել, չի կայացել,պատրաստ չեն եղել մինչև հիմա »:
Պանրագործներն ու կաթ վերամշակողները ցանկանում են երկխոսել կառավարության հետ, համատեղ ծրագրեր մշակեն՝ գործունեությունը խթանելու համար: Ուզում են նաև, որ նվազեցվի ներկրվող կաթի փոշու ծավալը, և ապահովվեն սննդի անվտանգության պայմանները:
Աղբյուր՝ Հանրային ռադիո