Հիմա չիր պատրաստելու եռուն շրջանն է: Նոր զարգացող բիզնեսի հեռանկարների, ձեռքբերումների և առկա խնդիրների շուրջ Ագրոպրեսը զրուցել է «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Սանդրո Աբովյանի հետ:

«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Սանդրո Աբովյան

- Իհարկե, վերջին տարիներին աննախադեպ քանակի չորանոցներ են բացվել: Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով:
Առաջին հերթին կառավարության իրականացրած ծրագրերն են օժանդակում, որ չորանոցներ կառուցվեն: Այսպիսի բան երբևէ չի եղել, որ արտադրողը դիմի, և նրան վարկավորման տեսքով ֆինանսական միջոցներ տրամադրեն:
Նախ նշեմ, որ չորանոցներ կառուցելու համար ֆինանսական մեծ միջոցներ պետք չեն: Առաջին պայմանն այն է, որ գումար լինի՝ հումք գնելու համար: Կառավարությունն իր մշակած ծրագրով սուբսիդավորված՝ անտոկոս վարկեր է տրամադրում:
Ընդ որում, անտոկոս վարկը տրամադրվում է առանց գրավադրմամբ, որի միջոցով արտադրողները հումք են գնում: Այսինքն՝ սա խրախուսման ամենավերջին տարբերակներն են: Նախկինում վարկ ստանալու խնդիրներ կային, հիմա դրանք չկան: Դրա համար էլ չորանոցները շատ են բացվել: Արտադրողների քանակն ավելացել է, հետո կարողանում են արտահանել: Տեղական շուկայում սպառման ծավալներն այն քանակության չեն, որ չորանոցների արտադրանքը սպառվի: Սա այդ գործով զբաղվող բոլոր անհատները գիտակցում են, միայն արտահանմամբ է իրենց արտադրանքն իրացվում: Չորանոցներ կան, որոնք տեխնոլոգիաների կիրառմամբ այնքան առաջ են գնացել, որ ձեռքի աշխատանքի ծավալները բավականին կրճատվել են: Չիր արտադրելն աշխատատար գործընթաց է, ձեռքի աշխատանք է պահանջում:
- Ասում եք՝ աննախադեպ քանակի չորանոցներ են բացվել: Կա՞ն տվյալներ, թե ինչքան չորանոցներ են կառուցվել:
-Ես տվյալներ չունեմ: Նախկինում ուսումնասիրություն էի անում և մոտավոր պատկեր ներկայացնում: Հիմա ստույգ քանակություն ասել հնարավոր չէ: Այս տարի, օրինակ, ինձ շուրջ 20 քաղաքացի է զանգահարել և չորանոց կառուցելու հարցով խորհուրդներ հարցրել: Բայց այդ զանգերի քանակությամբ էլ հստակ պատկեր չեմ կարող արձանագրել: Դիմողները խոշոր արտադրողներն են, իսկ ավելի փոքրերը, կամ նույնիսկ տնային պայմաններում չիր արտադրողներն ինքնուրույն են գործից գլուխ հանում: Օրերս այցելել եմ Վայքի շրջան և նոր բացված չրի արտադրամասեր տեսա, որոնց մասին նույնիսկ տեղյակ չէի: Չրի բնագավառում այսպիսի զարգացում երբևէ չի եղել: Արմավիրի մարզի Խանջյանի համայնքում ուր մտնում ես՝ չորանոցներ կտեսնեն: Նայում ենք՝ մեկ ֆուռ է կանգնած, հինգ՝ չրագործ:
Մեկ կարևոր արձանագրում կատարեմ՝ այն վայրերում, որտեղ զարգանում է չորացված մթերքների արտադրությունը, այնտեղ նաև սոցիալական լարվածությունն է թուլանում: Արարատի և Արմավիրի մարզերում չորանոցներն աշխատատեղերի ստեղծման խնդիր են լուծում: Բավականին մեծ թվով աշխատողներ են ներգրավվում: Նկատեմ, որ չորանոցների աշխատողների աշխատավարձն են բարձրացրել: Տնայնագործական պայմաններում ևս մեծ քանակությումբ չիր է արտադրվում:
Պետք են բերքատու, լավ սորտեր: Անհրաժեշտ է զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը, որ բերքատվության ցուցանիշը բարձր լինի:
-Իսկ նոր արտադրատեսակներ արտադրվո՞ւմ են, որոնք դրսի շուկայի համար կարող են գրավիչ լինել:
- 2007-2008 թվականներին լոլիկի չրի առաջին ֆուռը Հայաստանից՝ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից, գնացել է Ֆրանսիա: Խնդիրն այն է, որ ռուսական շուկան այնքան էլ հետաքրքրված չէ լոլիկի չրով: Մենք ամեն ինչ էլ չորացնում ենք՝ և՛ տարբեր մրգատեսակներ, և՛ որոշ բանջարեղենի տեսակներ:
Հիմա դեղձ են չորացնում: Դեղձի չիրն արտահանման մեծ շանսեր ունի, քանի որ ոչ բոլորն են չորացնում, աշխատատար է. Նախ՝ պետք է պտղամիսն առանձնացնել, հետո՝ խոշոր կորիզը: Սակայն մի շարք խոշոր չրի արտադրամասեր նոր տեխնոլոգիաներ են կիրառում, ինչը գործն առաջ է գցում: Արտադրողներ կան, որոնք սարքավորումներ են բերել, որոնց միջոցով հնարավոր է կեռասի կորիզը հեռացնել:
-Չրի արտադրության կազմակերպման հարցում առաջնային խնդիրներից մեկը հումքի բարձր գինն է: Հնարավո՞ր է բարձր գնով ձեռք բերած հումքով մրցունակ արտադրություն կազմակերպել: Այս տարի հումքը՝ միրգը, թա՞նկ է, թե՞ էժան:
- Ամենացավոտ հարցին ենք անդրադառնում: Հումքային բազա ընդհանրապես չունենք: Մեզ մոտ հումքը թանկ է, և գնալով գինն ավելի է բարձրանում, և չիրն էլ շատ թանկ է վաճառվելու: Պետք է ինտենսիվ այգիներ ունենանք: Սև սալորը սրանից 10 տարի առաջ 500 դրամ արժեր, բոլորն այդ ծառից տնկեցին, հետո՝ լճացավ: Պետք են բերքատու, լավ սորտեր: Անհրաժեշտ է զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը, որ բերքատվության ցուցանիշը բարձր լինի: Հիմա, քանի որ շուկան ազատ մրցակցային է, արտահանվում է անգամ Վիկտորիա տեսակի սալորը, և հումքի դեֆիցիտ է առաջացնում: Հիմա Վիկտորիա տեսակի սալորը պակասեց, մյուս տարի սկսելու են մեծ քանակությամբ տնկիներ դնել: Հումքի շուկան դրա համար էլ տարերային է: Չրագործների համար դժվարություններ են առաջացնում:
-Բայց թանկ հումքի պատճառով հայկական չիրը դրսի շուկայում մրցունա՞կ է:
- Մեր չիրը թանկ է, եթե որակական հատկանիշներով զիջեց, ուրեմն՝ «բանկրոտ» ենք: Պետք է որակյալ չիր ստանանք, որ կարողանանք մրցակցել թուրքականի հետ: Թուրքիայում չիր են պատրաստում, հետո գին որոշում, որովհետև այնտեղ հումքն էժան է:
Կարող եմ տեղեկացնել, որ վերջին տարիներին շուրջ 1000 տոննայից ավել հայկական չիր է արտահանվել: 2000-ական թվականներին ՀՀ-ում արտադրվում էր չրի 20 տոկոսը, իսկ 80-ը՝ ներկրվում: Հիմա ճիշտ հակառակն է՝ 80 տոկոսն է արտահանվում, 20-ը՝ դրսից բերվում:
-Հումքային բազայից խոսեցինք, համապատասխան սորտերի խնդիր չունե՞նք:
-Հումքային բազայի խնդրով ոչ ոք այսօր չի զբաղվում: Թուրքիայում, օրինակ, աշխատում են այնպիսի ծիրանի տնկիներ մշակել, որ կորիզը պտղամսից հեշտ հանվի, շաքարի քանակությունը բարձր լինի: Մեզ մոտ դա չկա: Ծիրանի երևանյան սորտն այնքան էլ արդյունավետ չէ չիր պատրաստելու համար: Այս ուղղությամբ պետք է ծրագրեր մշակել: Չիր պատրաստելու սորտերի պտղատու տնկարաններ է անհրաժեշտ հիմնել:
- Այս պայմաններում չրագործության ոլորտը գրավի՞չ է ներդրումների համար:
-Պետք չէ ունևոր լինել, որ կարողանաս այս բիզնեսով զբաղվել: Փոքր միջոցներով կարող ես գործ դնել: Հիմա մեծ հզորությամբ չորանոցներ կան, որոնք մինչև 200 տոննա չիր են արտադրում և արտահանում: Եթե հումքային բազայի խնդիրը չլինի, ներդրումներն ավելի շատ կլինեն:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան