Նոր կանոններ, նոր ռիսկեր
Այս տարվա հունվարից ԵԱՏՄ երկրների մսամթերք արտադրողներն իրավունք ստացան երրորդ երկրներից տավարի ու խոզի միս ներմուծել 0 % մաքսադրույքով:
Այս որոշմամբ ԵԱՏՄ բոլոր երկրներին հնարավորություն տրվեց ներմուծել խոզի և տավարի միս զրոյական մաքսադրույքով՝ այն պայմանով, որ ներմուծված միսն օգտագործվի տվյալ ԵԱՄՏ երկրում բացառապես մսամթերքի արտադրության նպատակով:
Մասնավորապես, Հայաստանն իրավունք ստացավ զրոյական մաքսադրույքով ներմուծել 5000-ական տոննա խոզի և տավարի միս:
Մսամթերք արտադրողներն ու արտահանողները մտահոգված են, նրանք բազմաթիվ վտանգներ են տեսնում, որը սպասում է Հայաստանին քվոտայից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում: Հատկապես այն պարագայում, երբ Ռուսաստանը այդ քվոտան արդեն ստացել է:
Ըստ մսամթերք արտադրողների և արտահանողների՝ ամենածանր իրավիճակում կհայտնվեն հայկական արտահանողները, որոնք ԵԱՏՄ շուկայում մրցակցում են գլխավորապես ռուսական արտադրողների հետ:
Երշիկ արտադրող 8 խոշոր ընկերության ներկայացուցիչներն Ագրոպրեսի հետ զրույցում ընդգծեցին, որ հայտ չներկայացնելու հետևանքով մսեղիք արտադրողները կհայտվեն վտանգավոր իրավիճակում ԵԱՏՄ շուկաներում:
Ինչպես գիտեք, մսամթերքի արտահանման բազմաթիվ սահմանափակումների և արգելքների պայմաններում Հայաստանի մսամթերքի արտահանման աշխարհագրությունը խիստ սահմանափակ է: ԵԱՏՄ-ն մնում է մեր երկրի մսամթերքի արտահանման հիմնական ուղղություններից մեկը: Այսինքն՝ հայկական արտահանողները ինքնըստինքյան կդառնան անմրցունակ արտահանման շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրողների համեմատ:
«Մեր երկրի ներքին շուկան շատ ավելի խոցելի կդառնա հայկականի հանդեպ ԵԱՏՄ արտադրողների մրցունակության բարձրացման պատճառով: Հատկապես ճանապարհների բացման հետևանքով Վերին Լարսի խնդրի վերացման դեպքում: Քանզի հնարավորություն կլինի արագ ներմուծել արդեն նաև կարճ պահպանման ժամկետով մսամթերքը, հատկապես ՌԴ հարավային շրջաններից»,-նշեցին արտադրողները:
Նրանք նաև մատնանշում են, որ գյուղատնտեսությունը, ցավոք, դեռևս պատրաստ չէ արտադրողներին մատակարարել բավարար քանակի և բարձր ստանդարտի, ստաբիլ գնի արտադրական նշանակության հումք: Ուստի, ըստ ընկերության ներկայացուցիչների, մեր թերզարգացած գյուղատնտեսությունը չպետք է կաշկանդի արտադրողներին և արտահանողներին:
Բացի այդ, հարցեր են առաջացնում նաև ֆերմերային տնտեսությունների գնագոյացման մոտեցումները: Մսամթերք արտադրողների կարծիքով՝ զարգացած տավարաբուծության և խոզաբուծության նպատակին հասնելու ճանապարհին կարիք կա պետության կողմից որոշակի կարգավորման, որպեսզի արտադրական նշանակության միսը մթերվի խելամիտ, հիմնավորված գնով: Պնդում են, որ ֆերմերային տնտեսությունների զարգացման ժամանակաշրջանում մսամթերք արտադրողներն ու արտահանողները չպետք է տուժեն:
Միսը քիչ է, գինն էլ՝ բարձր
Հարկ է նկատել, որ անցյալ տարվա հունվար- մայիսին Հայաստանում 3.4 տոկոսով նվազել են խոզի մսի արտադրության ծավալները, և գինն էլ բարձրացել է․ մեկ կիլոգրամ խոզի մսի գինը հասնել է 4000 դրամի: Այս ամենի վրա մի քանի գոծոններ են ազդել:
«Խոզի կերը երեք անգամ թանկացել է: Կերի գնի բարձրացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքով, ինչպես նաև սոյայի դեֆիցիտով: Երաշտն էլ մեծ դեր խաղաց: Երբ կորոնավիրուսն սկսվեց, մսի գինը դարձավ 1500 դրամ, որի դեպքում բոլոր ֆերմերները վնաս են կրել: Շատ ֆերմերներ էլ փակեցին իրենց խոզաբուծարանները: Խոզի մսեղիքը մոտ 50 տոկոսով թանկացել է: Խոզի մսի ինքնարժեքը կազմում է 2500 դրամ, իսկ հիմա 3000 է, այսինքն՝ տարբերությունը 500 դրամ է»,- բացատրեց Շիրակի մարզի Սարալանջ համայնքի ֆերմեր Հարություն Սարգսյանը:
Խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերը բողոքում է, որ անասնաբուծության այս ճյուղը «ողբերգական» վիճակում է: Նրա խոսքով՝ մեր երկրում խոզաբուծությունը շատ դանդաղ է զարգանում, պետությունն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում այս ճյուղին:
Ինչ են ասում պաշտոնական տվյալները
Տեղեկացնենք, որ նախորդ տարվա 1-ին կիսամյակում Հայաստամը ներմուծել է 904,9 տոննա սառեցրած տավարի միս, արտահանել է ընդամենը 14 տոննա։ Ի դեպ, 2019-20 թթ․ սառեցրած միս ընդհանրապես չի արտահանվել։
Համեմատության համար նկատենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 4708 տոննա ձուկ (թարմ, սառեցրած և պաղեցրած):
Մսամթերք արտադրողներն ու արտահանողները հնարավոր վտանգները ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարությանը հարցի քննարկման ժամանակ: Ակնկալում են, որ խելամիտ որոշում կընդունվի: Իսկ հայկական կողմի պատասխանն արդեն հայտնի է:
Առաջնորդվելու են գյուղացու շահերով
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով ԵԱՏՄ երկրների կողմից երրորդ երկրներից առանց մաքսատուրքերի խոզի և տավարի մսամթերքի ներկրումների մասին Ագրոպրեսի հարցին, հայտարարեց, որ առաջնորդվելու են գյուղացու շահերով։
Կառավարությունն այս պահին որոշում ունի այդ քվոտաները չբաշխել Հայաստանում։ Իսկ պատճառը, ըստ նախարարի, տեղական անասնապահության զարգացումն է։
«2021-ի մենք չբաշխեցինք դա, և տավարի միսը 400 դրամով թանկացավ։ Ճիշտ է՝ գործ ունենք թանկացումների հետ, սակայն նախկին գինը 1800 դրամ էր, ինչը գյուղացիների համար շատ վատ գին էր։ Ըստ էության, գյուղացիները վնասով էին վաճառում իրենց անասունները։ Նախորդ տարի չենք բաշխել այդ քվոտան, բայց, եթե գնաճային ռիսկերը մեծանան, Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկելով կարող է նոր առաջարկ ներկայացնել»,- պարզաբանեց Քերոբյանը:
Փաստորեն զգալի հարված ստացավ հայկական մսամթերքի մրցունակությունը ռուսաստանյանի համեմատ, քանի որ էկոնոմիկայի նախարարությունը մեր պետությանը հատկացված քվոտան չվերցրեց՝ ձգտելով խրախուսել տավարաբուծության և խոզաբուծության զարգացմանը:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան