Այս տարի կաթնամթերք արտադրող ընկերությունները մթերման գները ժամանակից շուտ են նվազեցրել, հայտարարում են ֆերմերները:
Օրեր առաջ Կոտայքի մարզի մի քանի գյուղերի անասնապահներ հավաքվել էին և բողոքի ակցիա իրականացրել կաթի մթերման գնի նվազեցման դեմ:
Բողոքում էին, որ կաթի մթերման գինն իջել է, իրենք ներդրումներ են անում, բայց շահույթ չեն ստանում։
«Կաթը տանում են 180 դրամով, գործարաններում 200-ով է ներմուծվում: Մեր պահանջն այն է, որ գործարանները կաթի արժեքը բարձրացնեն: Շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կա, որը վերաբերում է նաև կաթնամթերքին։ Խանութներում կաթի մեկ լիտրի մանրածախ գինը շուրջ 500 դրամ է, ինչո՞ւ այս գնաճը չի ազդել մթերման գնի վրա»,- Ագրոպրեսի հետ զրույցում հարց է բարձրացնում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի բնակիչ Ռուստամ Մհոյանը, որը նաև բողոքի ակցիայի մասնակիցներից է:
Կաթի մթերման գնի նվազեցման հարցն անասնապահների առօրյայի անբաժան մասն է դարձել: Ամեն տարի՝ գարնան վերջին, երբ անասունն արոտ է դուրս գալիս, մթերող ընկերությունները կաթի գինն իջեցնում են: Այս տարի, ինչպես նկատում են ֆերմերները, ընկերություններն ավելի շուտ են սկսել գերշահույթ ստանալ: Կաթի մթերման գների նվազեցման հետ էլ կապված սկսվում են գյուղացիների բողոքի ակցիաները: Նրանք այս հարցով ամեն տարի ճանապարհ են փակում և իրենց պահանջները հայտնում: Բայց ֆերմերի ձայնն այդպես էլ լսելի չի դառնում:
Հիմա անասնապահությամբ զբաղվող գյուղացիները պահանջում են, որ կաթի մթերման գինը վերահսկվի կամ միջինացված գին սահմանվի, որը նույնը կլինի ամառ, թե ձմեռ:
«Երեք օրվա ընթացքում մթերման գինը բարձրացավ 220 դրամով, փետրվարի 1-ից մինչև 5-ը՝ 200 դրամով, ամսի 5-ից դարձել է 180 դրամ»,- տարակուսում են նրանք:
Կաթ արտադրողները միջնորդավորված են աշխատում
Պռոշյան համայնքի ֆերմեր Դավիթ Սիմոնյանի խոսքով՝ ոչ միայն ընկերությունները, այլ նաև միջնորդներն են գինն իջեցրել:
Հիմա միջնորդների մասին: Համայնքների մեծ մասում ֆերմերը կաթն անմիջապես վերամշակողին չի տալիս: Նրանից կաթն ավելի էժան գնում են միջնորդները, իսկ գործարանին տալիս սահմված արժեքով:
«Եթե ընկերությունը կաթի լիտրը 200 դրամ է սահմանում, միջնորդը 180 դրամով գնում է գյուղացուց, արդյունքում գումար աշխատում: Հաճախ միջնորդներն էլ են գինը նվազեցնում: Գյուղացիներից շատերը փոխադրամիջոց չունեն, դրա համար են միջնորդավորված աշխատում»,- բացատրում է ֆերմերը:
«Թամար» ՍՊԸ ներկայացուցիչը պարզաբանում է՝ իրենք մթերման գները չեն նվազեցրել:
Մինչդեռ ֆերմերները պնդում են՝ ընկերությունների միջև կա ներքին պայմանավորվածություն․ բոլորն էլ միաժամանակ են իջեցնում մթերվող կաթի գինը՝ այդպիսով հնարավորություն չտալով շուկայում մրցակցության գոյությանն ու գյուղացիների համար այլընտրանքային գնորդներ գտնելուն:
Պռոշյանցի անասնապահը, սակայն, անասնակերի թանկացման պատճառով 60 գլուխ խոշոր եղջերավորներից թողել է միայն 10-ը: Նախորդ տարի հանրապետությունում երաշտ էր, անասնակերի պակաս կար: Ֆերմերները խոտ կուտակել են հակը մինչև 2500 դրամով: Նա մատնանշեց, որ կաթի մթերման ցածր գնի պայմաններում անասնապահությամբ զբաղվելը ձեռնտու չէ:
«Անասուններին կերակրելու համար պետք է 4000-5000 հակ խոտ պահեստավորեի: Հո՞ վարկի տակ չէի ընկնելու: 3 տարի առաջ կաթն էլի լիտրը 160-ով էինք հանձնում, բայց խոտն առնում էինք 700-ով, հիմա կաթը դարձյալ նույն գնով ենք տալիս, բայց անասնակերը թանկացել է: Գարու կիլոգրամը 500 դրամ է դարձել, տարիներ առաջ 90-ով էինք գնում»,- փաստեց մեր զրուցակիցը:
Ասում է՝ միայն ինքը չէ խոշոր եղջերավոր կենդանիներին հարկադիր սպանդի ենթարկել, այլ տարածաշրջանի բոլոր խոշոր ֆերմերները ևս դիմել են այդ քայլին: Անասնակերի թանկացման և կաթի գնի նվազման պայմաններում ոչ ոք չի ուզում կով պահել:
Չլուծված հարց. կաթի գնագոյացումը ձևավորված չէ
Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը հայտարարում է՝ ֆերմերները ճիշտ չեն, կաթի մթերման գները չեն նվազել, ավելին՝ նախորդ տարվա համեմատ մի բան էլ թանկացել է:
Կաթ արտադրողների միության նախագահը շեշտեց, որ նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում կաթի մթերման գինը 180 դրամ էր, այնինչ՝ անասնակերի թանկացման հետևանքով այն այսօր 200-220 դրամից պակաս չեն ընդունում: Նրա դիտարկմամբ՝ հնարավոր է միջնորդներն են իրենց սև գործն անում:
«Մեր երկրում կաթի արտադրությունը սեզոնային բնույթ է կրում, երբ արտադրության ծավալն ավելանում է, գները նվազում են: Մեզ մոտ կաթի գնագոյացման հարցը ձևավորված չէ, կառավարությունն էլ չի ուզում այս հարցում միջնորդի: Կաթի գնագոյացումը ձևավորվում է իր մեջ եղած բաղադրությունների արժեքների գնահատականներով: Աշխարհում գնագոյացման տարբեր մեխանիզմներ կան, իսկ Հայաստանում չկա: Պետք է սկզբից որոշվի յուղայնությունը, հետևաբար, սահմանվի դրա արժեքը, ու հստակ գին որոշվի»,- կարևորեց միության նախագահը:
Խաչատուր Պողոսյանը չի ընդունում ֆերմերների առաջարկը, նա բացառում է, որ կարող է կաթի մթերման ֆիքսված գին սահմանվի: Զայրացած ասում է, թե աշխարհում նման բան չկա:
Ֆերմերները, սակայն, ահազանգում են՝ նման գնի պայմաններում կաթ չեն մթերի, բողոքի մեթոդների կդիմեն։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան