Չրագործությունը զբաղմունքից բիզնես է դառնում
Տարվա այս օրերին չրագործները քիթ սրբելու ժամանակ չունեն՝ գործը եռում է: Արևի ոսկեշող ճառագայթների տակ, կամ էլ նոր տեխնոլոգիայով հայկական արևահամ մրգերն են չորացնում: Դեղձի, սև սալորի, թզի, ծիրանի դատարկված սկուտեղները շուտով կլցվեն տանձով, խնձորով և մյուս պտուղներով: Հատ-հատ չորացված մրգերը կսպասեն գնորդին:
Այսպես գործն ակտիվ է հանրապետության գրեթե բոլոր ծայրերում: Մեկը մյուսի հետևից բացված չորանոցների խոստումնալից բիզնեսը, սակայն, այլևս առաջվանը չէ, շատերը փակել են չորանոցերը:
«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ տնօրեն Սանդրո Աբովյանն Ագրոպրեսի հետ զրույցում պատմեց, որ վերջին 5 տարվա ընթացքում կտրուկ ավելացել են չորացված մթերք արտադրողների թիվը, բայց հիմա նվազման միտում է արձանագրում:
«Ամեն տարի մոտ 10 չրանոց ավելանում է, հաջորդ տարի՝ 5-ով պակասում, բայց ընդհանուր առմամբ չրանոցները շատանում են»,- հավելեց նա:
«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ տնօրենի ներկայացմամբ՝ չրագործության ոլորտում բումը պայմանավորված է նրանով, որ այս գործն սկսելը ծախաստար չէ, այն հեշտությամբ զբաղմունքից բիզնեսի է վերածվում: Չորանոց հիմնելու համար այլևս կարիք չկա ծանոթ-բարեկամ խառնել, պետությունն էլ սուբսիդավորված վարկեր է տրամադրում:
«Առաջին հերթին կառավարության իրականացրած ծրագրերն են օժանդակում, որ չորանոցներ կառուցվեն: Այսպիսի բան երբևէ չի եղել, որ արտադրողը դիմի, և նրան վարկավորման տեսքով ֆինանսական միջոցներ տրամադրեն: Չորանոցներ կառուցելու համար ֆինանսական մեծ միջոցներ պետք չեն: Առաջին պայմանն այն է, որ գումար լինի՝ հումք գնելու համար: Կառավարությունն իր մշակած ծրագրով սուբսիդավորված՝ անտոկոս վարկեր է տրամադրում: Ընդ որում, անտոկոս վարկը տրամադրվում է առանց գրավադրմամբ, որի միջոցով արտադրողները հումք են գնում: Համաֆինանսավորում է անում պետությունը, մոտ 20 տոկոս սուբսիդավորում է անում: Կանանց համար ավելի լավ պայմաններով են վարկ տալիս՝ չորանոց կառուցելու համար: Հումքի համար սուբսիդավորում էլ են տրամադրում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Իրացման հարցը լուրջ է
Սանդրո Աբովյանը թեև ստույգ հաշվարկներ չունի, բայց հավաստիացնում է, որ այս տարի էլ մեծ քանակությամբ չիր է պատրաստվում, քանի որ հումքը, մասնավորապես՝ սև սալորն առատ ու էժան էր:
Չնայած այս ամենին՝ այսօր չորանոցների մեծ մասը փոքր ձեռնարկություններ են, որոնք արտադրանքի սպառման խնդիր ունեն:
«Չորանոցներ գիտեմ, որ նույնիսկ անցյալ տարվա չիրը չեն կարողացել իրացնել, այդ ապրանքի մեծ մասը ցածրորակ է: Աշնանն էլ, գարնանն էլ ինձ շատ են զանգել և ասել, որ տոննաներով չիր կա, որոնք արտահանման ենթակա չէ: Տեղական շուկայում չի կարող չիր վաճառվել, Հայաստանում ի՞նչ չիր, եթե մեկը մտածի, որ ստեղ պետք է վաճառք անի, չի կարող: Ներքին շուկան լճացած է»,- փաստեց «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիայի» տնօրենը:
Շատ չրագործներ էլ արտադրանքը դուրս չեն կարողանոմ հանել, քանի որ այն որակյալ չէ, որակապես զիջում է:
«Հարցնում եմ՝ թե խի՞ ես էսքան անորակ չիր արել, որ դուրս չես կարողանում հանել, ասում է՝ բերքն էժան էր առա և չիր սարքեցի: Արտահանողներն ասում են՝ խնդիր ունենք, հատկապես՝ ռուբլու ցածր կուրսը նրանց սպանում է»,- նկատեց Աբովյանը:
Գործերը վատանում են
Արմավիրի մարզի Ծիածան բնակավայրից չիր արտադրող Գագիկ Սիրեկանյանը գոհ է պետական աջակցությունից, որի միջոցով կարողանում է չիր արտադրել: Նա, սակայն, խնդիրներ ունի արտահանման հետ կապված:
«Արտահանողները չեն տանում չիրը՝ պատճառաբանելով, որ որակական խնդիրներ կան: Մենք աշխատում ենք, որ լավ հումքով որակյալ չիր պատրաստենք. այս գործն այսպես է. չիրը պետք է լավը լինի և թանկ: Չիրը գնում են փող ունեցողները, իսկ ցածրորակն էժան է, բայց վաճառք չկա»,- նշեց չրագործը:
Նրա խոսքով՝ ինքը քիչ քանակությամբ է արտադրում և որակապես բարձր, այն միայն տեղական շուկայում է սպառվում:
Չրագործների գործերը գնալով վատանում են՝ խոստովանում է Արարատի մարզի չրագործ Վլադիկ Մանուկյանը: Ասում է՝ նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով կրճատել է արտադրության քանակը, այս տարի հազիվ 3-4 տոննա չիր արտադրի: Արտադրության կրճատման պատճառներն, ըստ նրա, բազմաթիվ են:
«Արտահանման վիճակը վատ է՝ ելնելով ռուբլու և ՌԴ-ում տիրող իրավիճակից: Այսքան ժամանակ մեկը չի ասել՝ ապրանք ունենք, տանենք: Նախորդ տարի այս ժամանակահատվածում արտահանվում էր: Ռիսկ չենք անում, որ շատ չիր անենք: Վախենում ենք չիրը շատ անենք, մնա, չծախվի»,- ասաց տնտեսվարողը:
Չրագործը շեշտեց, որ տարեցտարի ավելացող չրանոցների քանակն այդքան է լավ չէ, արտադրանքը շատ է, պահանջարկը՝ քիչ, հետևաբար, գործը միայն տուժում է:
«Գիտեն՝ ոսկի են անում չրագործները, սաղ չրանոցներ են դրել: Սարքավորումները էժան է, վերցնում են, բայց չեն կարողանում աշխատել: Էնքան մարդ է ինձ դիմում, ասում՝ օգնի, տեխնոլոգիա բացատրի: Տեխնոլոգիայով չիր սարքելն էլ արդեն ծախսատար է դառնում»,- փաստեց Արարատի մարզի բնակիչը:
Լոգիստիկ կենտրոններ են պետք
Չրի իրացումը կազմակերպելու համար, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ տնօրեն կարծիքով, պետք է ճիշտ ռազմավարություն մշակել. ստեղծել լոգիստիկ կենտրոններ, որտեղ մթերում կարվի և կտեսակավորվի արտադրանքը:
«Պետք է կենտրոնացված բազա լինի՝ իր ենթակառուցվածքներով, սառնարաններով հանդերձ: Չրագործներից մթերեն ապրանքը, որից հետո իրացումը կազմակերպվի, այդ թվում՝ արտահանում: Արտահանողը հիմա ի՞նչ է անում. ամեն մի չրագործից մի քանի կիլոգրամ կամ տոննա ապրանք է վերցնում և տանում, դրա համար նա էլ նորմալ չի կարողանում վաճառել: Փոքրերին ձեռնատու չէ այս գործը, պետք է խոշոր լինեն, որ իրացման խնդիրները քիչ լինեն: Պետք է չրի կենտրոնացում լինի՝ ռեալիզացիան ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար»,- եզրափակեց նա:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան