Հայաստանում սպանդանոցային մորթը վերահսկելու նպատակով նոր գործիքակազմեր է կիրառվում․ այլևս սպանդանոցային մորթը ստուգվում է տեսանյութերով։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանը։
Նա նշել է, որ սպանդանոցային մորթի դեպքում հաջողվել է հասնել այնպիսի մակարդակի, որ փաստացի մորթը ստուգվում է պարբերաբար և եթե նկատվում է, որ բացակայում են դրա վերաբերյալ համապատասխան տեսանյութերը, ապա վերահսկողություն է իրականացվում և պատասխանատվություն կիրառվում:
Հայրապետյանը կարևորեց այս գործում թվայնացման այնպիսի համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս գրասենյակում իրականացնել մեծածավալ ստուգումներ՝ փորձելով համապատասխան փաստաթղթերն այդ համակարգի միջոցով տեսնել և վերահսկողություն իրականացնել։
«Ցանկացած պահի, յուրաքանչյուր սպանդանոց այցելելու խնդիր չունենք: Մենք համեմատում ենք տեսանկարահանումը փաստացի մորթին է վերաբերում, թե այլ նկարահանումների: Նման տարբերակներով մենք ունենք բազմաթիվ գործառույթներ, որոնց փաստաթղթային ստուգումը կարելի է իրականացնել գրասենյակում և դրա հիման վրա բացահայտել»,-պարզաբանել է ՍԱՏՄ ղեկավարը:
Սպանդանոցներում խախտումների թիվն ավելացել է
Արդեն իսկ սպանդանոցներում արձանագրված խախտումների թիվը 2023 թվականին ավելացել է, ինչպես և նախկինում՝ հիմնականում հայտնաբերվել են սանիտարահիգենիկ խախտումներ՝ իր հերթին հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը։
«2023-ին իրականացվել է 271 ոչ պլանային ստուգումներ, արձանագրվել է 130 խախտում, այսինքն՝ իրականացված ստուգումների 48 տոկոս դեպքերում խախտում է եղել։ 2022-ին ստուգում անցած 270 սպանդանոցից խախտում է արձանագրվել 93-ում»,- ներկայացրել է նա:
Սրա հետ մեկնտեղ նախորդ տարի ավելացել է նաև սպանդանոցներից օգտվողների թիվը։ Եթե 2023 թ.-ի առաջին եռամսյակում սպանդանոցում իրականացվել է 608 խոշոր եղջերավոր կենդանու մորթ, ապա 4-րդ եռամսյակում այդ թիվը հասել է 2374-ի։ Իսկ 2022 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է ավելի քան երկու անգամ։
ՍԱՏՄ-ում ձեռքբերում են համարում նաև այն, որ նախորդ տարվանից վերահսկելի է դարձել սպանդանոցների անօրինական տեղեկանք տալու գործընթացը։
«Նախկինում սպանդանոցները ոչ թե մորթ անելով էին զբաղվում, այլ թուղթ վաճառելով։ Այսինքն՝ տալիս էին թուղթ, իբրև թե կենդանին մորթվել է սպանդանոցում, բայց մորթն իրականում այլ տեղում էր իրականացվում։ Հիմա համապատասխան փաստաթուղթը տրվում է միայն սպանդի օնլայն հեռարձակման դեպքում»,- նշել է նա։
Օրենքը չեն շրջանցելու
Օրենքն ուժ մեջ մտնելուց հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զգուշացնում էր տնտեսվարողներին՝ վճռական են լինելու և օրենքն աշխատեցնելու են։
«Այստեղ էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը, եթե օրենքներն աշխատեն, վստահ եմ, որ կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան, որպեսզի սպասարկումն այդ ոլորտում լինի բարձր մակարդակի վրա։ Քանի որ օրենքները չեն աշխատում մինչ այժմ այս ոլորտում, դա բերելու է նրան, որ այն մարդիկ, ովքեր ներդրումներ են արել սպանդանոցների ոլորտում, ունենան ֆինանսական դժվարություններ, քանի որ օրենքի պատշաճ չկիրառման արդյունքում չի ձևավորվել այն բիզնես ծավալը, որպեսզի թույլ տա՝ այդ ընկերությունները շահույթով աշխատեն»,- ընդգծել է նախարարը։
Մի քանի սպանդանոցի սեփականատերեր Ագրոպրես-ի հետ զրույցում փաստեցին, որ դեկտեմբերի 6-ից սկսած իրենք օրենքով աշխատում են:
Ոչինչ չի փոխվել
Մինչդեռ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հակոբյանը հակառակն է պնդում, որ ոչինչ էլ չի փոխվել: Ըստ նրա՝ միայն ՍԱՏՄ-ն չի կարող վերահսկողություն սահմանել, ամբողջական համակարգ պետք է գործի:
«Մսի շուկայում վերահսկողություն չկա, ում է հետաքրքիր այդ թուղթը: Վերահսկողություն պետք է նաև հարկային տեսչությունն իրականացնի, պարեկները: ՍԱՏՄ պետը պատրաստակամ է, որ այս ամեն ինչն իրականություն դառնա, դրա համար իր կաշվից դուրս է գալիս, բայց իրենից ներքև ոչ մեկ ոչինչ չի անում»,- արձանագրեց սպանդանոցի ղեկավարը:
Արսեն Հակոբյանի փոխանցամբ՝ դեկտեմբերի 20-ից հետո Երևան մտնող բոլոր մայրուղիների վրա միս է վաճառվել:
«Մարզային տեսչության պետերը պարզաբանել են՝ այս մի քանի օրն է, թող ծախեն, ոչինչ: Օրենքը չի աշխատում, շրջանցում են: Հիմա սպանդանոցները 3 տոկոսով են աշխատում: Նույն վիճակն է բոլորի մոտ, իսկ դա արդեն գործել չի»,- հայտարարեց նա:
ՍԱՏՄ-ից Ագրոպրեսին փոխանցեցին, որ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ից մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացված անասնահամաճարակային 530 մշտադիտարկում է կատարվել, որից 160-ը տուգանվել են: Այդ ընթացքում վաճառվել է 4234 տոննա խոշոր եղջերավոր անասունների սպանդանոցային միս, 4047 տոննան էլ խոզի միս: Միայն դեկտեմբերի 16-ի դրությամբ ընդհանուր առմամբ կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը:
Այսօր Հայաստանում գործում է 101 սպանդանոց։ ՍԱՏՄ-ում վստահ են, եթե դրանք իրենց ամբողջ ուժով աշխատեն, բավարար կլինեն ամբողջ հանրապետության համար, բայց դեռ ցավով են արձանագրում, որ սպանդանոցները կանոնակարգված չեն աշխատում։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան