Վերամշակում

Հայկական ձուկը՝ ԵՄ արտահանման ճանապարհին

8 տարի տևած բանակցություններից հետո մարտի 16-ից Հայաստանն իրավունք է ստացել սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական Միության երկրներ:

Հայաստանյան պատկան կառույցները սա շատ կարևոր ու բացառիկ նշանակության հնարավորություն են համարում մեր երկրի և արտադրողների համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առաջին անգամ է Հայաստանը հնարավորություն ստանում ԵՄ արտահանել ձուկ ու ձկնամթերք։

«Մենք մեր հարևան երկրներից ենք նույնիսկ առաջ անցել։ Ունենք հարևաններ, որ ձկնաբուծության ոլորտից ԵՄ շուկա մեկ տեսակի ապրանքի արտահանման թույլտվություն են ստացել, օրինակ՝ խավիար, իսկ մենք ստացել ենք թույլտվություն ձկնարտադրության ոլորտի բոլոր տեսակի ապրանքերի համար»,-ասել է Տիգրան Պետրոսյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի համաձայն՝ պայմանով, որ արտահանող տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում: Բոլոր տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, ըստ ՍԱՏՄ պաշտոնյայի, հայկական ձկնամթերքը, օդային ճանապարհով մի քանի ժամվա, իսկ ցամաքային ճանապարհով առավելագույնը 4-5 օրվա ընթացքում կհասնի Եվրոպա։

ԵՄ-ի կողմից հայկական ձկնարտադրողներին նման հնարավորություն տալը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, որը տարիների հետևողական աշխատանքի արդյունք է։ Ասուլիսում իր հերթին նշել է Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը:

«Մեր տնտեսվարողները տքնաջան աշխատել են, տարիների ընթացքում բարելավել են իրենց արտադրանքի որակը։ Հանրապետությունում այս ոլորտը վերջին տարիներին նկատելի զարգացում է ապրում։ Շատ ընկերություններ ներդնում են նոր տեխնոլոգիաներ, որպեսզի հնարավորութան դեպքում և՛ ռացիոնալ օգտագործեն ջրային պաշարները, և՛ արտադրեն որակապես ավելի բարձր հատկանիշներով ձուկ ու ձկնամթերք»,-ներկայացրել է կոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 27 հազար տոննա արդյունաբերական արտադրության ձուկ և ձկնամթերք, ինչը 5 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ։ Նախորդ տարվա արտադրանքի 15 հազար տոննան արտահանվել է։ 

Ռուսաստանից կախվածությունը կնվազի

Ձկնամթերքը Եվրոպա արտահանելու լուրը սպասված է ձկնաբուծությամբ զբաղվողների համար: Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրի ձկնաբույծ Արկադի Գրիգորյանի խոսքով՝ հայկական ձուկը ԵՄ երկրներ արտահանվելու դեպքում ռուսական շուկայից կախվածությունը կնվազի: Նա արդեն շուրջ 10 տարի իր արտադրանքի 70 տոկոսը ռուսական շուկայում է իրացնում, այլընտրանքային շուկան անհրաժեշտություն է համարում: Նրա պնդմամբ՝ հայկական «Իշխան»-ը  համապատասխանում է եվրոպական չափանիշներին, քանի որ աճեցվում է քաղցրահամ ջրում: Ձկնաբույծը եվրոպական շուկան ռուսականին այլընտրանք է համարում:

«Եթե ռուսները մի օր որոշեն, որ մեր ձուկն այլևս պետք չէ իրենց, մենք ի՞նչ ենք անելու: Ռուսական շուկային այլընտրանք կունենանք և ԵՄ կարտահանենք մեր արտադրանքը, սա առավելություն է: Եվրոպայում մեր ձկան պահանջարկը կա, այնտեղ ջրերը տաքանում են, արտադրութան ծավալները բավականին իջել են: Իսկ «Իշխան»-ը սառը ջուր է սիրում, տաք ջրում չի լինում այդ ձուկն աճեցնել: Ամբողջ աշխարհում «Իշխան»-ի պակասություն է, Եվրոպան պատահական չթողեց, իրենք «Թառափի» ավելցուկ ունեն, դրա համար չթողեց այդ տեսակի ձուկ տանենք: Էս տարի ՌԴ-ում ձուկը շատ թանկ է. նախորդ տարիների՝ կիլոգրամը 400 ռուբլու փոխարեն 1000 ռուբլով է վաճառվում: Պատժամիջոցներով պայմանավորված՝ այնտեղ Եվրոպայից ձուկ չի տարվում: Եթե գնային առումով ԵՄ-ն մեզ ձեռ չտա, մեկ է՝ այլընտրանք է»,- Ագրոպրեսի հետ զրույցում ընդգծեց ձկնաբույծը:

ԵՄ շուկան բարդ է, հեշտ չի լինելու

«Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ շեշտեց, որ հայկական ձուկն արտահանվում է նաև ԱՄՆ, Արաբական միացյալ Էմիրություններ և այլ երկրներ։

«Այնտեղ էլ ընդունող երկրներն ունեն իրենց չափանիշները, որոնք չէի ասի, որ զիջում են եվրոպական չափանիշներին։ Նախ պետք է եվրոպական շուկան ուսումնասիրել, հասկանալ տվյալ պահանջները։ Ապրանքների ստանդարտներից զատ, մենք պետք է նաև հասկանանք պահանջարկը, գործընկերներ գտնենք, հեշտ չի լինելու: ԵՄ շուկան բարդ է ոչ միայն իր չափանիշներով, այլև այնտեղ մեզ սպասում է մրցակցություն։ ԵՄ-ն հիմա չափանիշներ է սահմանել կերի, ջրի, ինչպես նաև մնացորդային հավելումների նկատմամբ, թե ինչ դեղորայք է օգագործում ձուկը բուժելուց: Նշեմ, որ Եվրոպական երկրներից Դանիան, Նորվեգիան, Բելգիան հայտնի են իրենց ձկնաբուծությամբ, շուկայի 80 տոկոսն այդ երկրների արտադրանքն է: Լոգիստիկ առումով հարցերը նունպես պետք  է կարգավորենք»,- նկատեց Գոռ Գրիգորյանը։ 

Ոլորտի մասնագետները վստահ են՝ մինչև տարվա վերջ արդեն կլինի որոշ խմբաքանակի արտահանում ԵՄ շուկա։ 

Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink no deposit bonussahabetsahabetdeneme bonusuonwininterbahisinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişbio linkinterbahisinterbahis girişjojobetdeneme bonusu veren siteler