Պետությունը կաջակցի ջերմոց հիմնողին
ՀՀ կառավարությունը որոշել է ընդլայնել ջերմատնային տնտեսությունների թիվը և ստացված արտադրանքի միջոցով մեծացնել արտահանման ծավալները: Հենց այս նպատակով ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների համար ևս մեկ՝ նոր ծրագիր է իրականացվում:
Նախատեսվում է յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով և 3 մլրդ դրամի չափով, որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը։ Ծրագիրը նախատեսված է բոլորի մարզերի համար:
Շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս:
Յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով:
Իսկ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ` 35 հա ջերմատան շահագործման դեպքում պետական բյուջեի մուտքերը յուրաքանչյուր տարի եկամտային հարկի գծով կկազմեն շուրջ 168 մլն դրամ, իսկ 35 հա ջերմատան կառուցապատման դեպքում` շուրջ 490 մլն դրամ։
Հենց այնպես փող են տալիս
Ջերմոցային տնտեսության զարգացման համար կառավարության կողմից տրամադրվող գումարը իր նպատակին չի ծառայել և չի ծառայելու։ Ագրոպրես-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:
«Ասվածի ապացույցն այն է, որ 1 հա ջերմատուն կառուցելու համար անձը դիմել է բանկին, սակայն բանկից 20 տոկոս կանխավճար և 30 տոկոս գրավ են պահանջել»,-նկատեց նա:
Փորձագետի դիտարկմամբ՝ ոչ ոքի չի հաջողվել ստանալ նման վարկեր։
«Կառավարությունից միայն գումար են տալիս, բայց հասկանալի չէ, թե կոնկրետ ինչի համար են տալիս, այդ ջերմոցը ինչի համար է սարքվելու և ինչ պետք է արտադրի, որ դա արտահանվի: Շատ լավ ծրագիր կլիներ, եթե ուղղվածություն լիներ: Ստացվում է, որ փողը հենց այնպես են տալիս առանց հասցեականության և կոնկրետ ուղղության»,- մատնանշեց Գևորգյանը:
Ըստ ասոցիացիայի նախագահի` առաջին հերթին կարևոր է, թե որտեղ է կառուցվում ջերմատունը։
«Մեզ պետք է ջերմատուն կառուցել լեռնային գոտիներում։ Այնտեղ օդը, ջուրը մաքուր է, և մենք կկարողանանք օրգանիկ գյուղմթերք արտադրել, որ կարողանանք արտահանել։ Այսօր ոչ ոքի հետ, նաև Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ՀՀ-ն մրցունակ չէ։ Գազի գները թանկ են, ինքնարժեքը թանկ է նստում մեզ վրա: Լոլիկ ենք արտադրում, որը չենք կարողանում ՌԴ ուղարկել, պետք է այնպիս մթերք արտադրենք, որ կարողանանք այլ շուկաների էլ տանենք, ոչ թե մնանք միայն Ռուսաստանի հույսին: Մեկ է ադրբեջանցին չի թողնելու, որ ռուսական շուկա մտնենք, իր հերթին էլ ռուսը չի թողնելու Լարսն անցնեք»,-ասաց նա։
Գևորգյանն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև, թե ինչ է աճեցվում ջերմոցում։ Հայաստանում հիմնականում ջերմատներում աճեցվում է 60 տոկոս բանջարեղեն և 40 տոկոս ծաղիկ։ Սակայն այսօր, նրա խոսքով, և՛ արաբական երկրներում, և՛ Եվրոպայում մեծ պահանջարկ ունի օրգանիկ գյուղմթերքը, որը հնարավոր է բարձր գնով վաճառել։
Ասոցիացիայի նախագահի համոզմամբ՝ ջերմոցներում հնարավոր է այդ գյուղմթերքն արտադրել, եթե ջերմատունը լինի լեռնային գոտում` հատկապես Սյունիքում, որը մոտ է Իրանի սահմանին, և այնտեղից հնարավոր է արտադրանքը հեշտությամբ արտահանել արաբական երկրներ։
«Ճամբարակում վարելահողերի 70 տոկոսը չի օգտագործվում, թող նման համայնքներում ջերմոց սարքեն: Բայց այստեղ մեկ հարց էլ կա: Լեռնային գոտում ջերմատուն կարող է կառուցել գյուղացին, որը, սակայն, չունի այնքան ֆինանսական միջոց, որ ջերմատան կառուցման համար 20 տոկոս կանխավճար տա և 30 տոկոս գրավ դնի։ Հետևաբար, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի հենց այս կարևոր հանգամանքի վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Պողոս Գևորգյանը նաև հիշեցրեց, որ ջերմոցային տնտեսությունների զարգացմանն ուղղված նախորդ ծրագիրն էլ հաջողության չի հասել, վարկերը վերցրել են, ջերմոց կառուցել, բայց հետո, ինչպես ինքն է որակում ՝ «սկել»:
«600 մետրից եկամուտ չես կարող ստանալ՝ ծախսերն ավելի շատ են, քան ստացած արտադրանքը: Մարդիկ էլ արտադրանքը դուրս չեն կարողանում տանել: Հենա էլի Լարսում խնդիր կա. ֆերմերը զանգել, ասում է՝ տեղական շուկայում եմ վաճառում, կիլոգրամը 120 դրամով եմ վարունգ ծախում, որովհետև շուկան լիքն է: Լարսում խնդիր կա. ասում են՝ ռուսական սահմանի վրա մեզ կանգնեցնում են, իսկ թուրքականներն անցնում են: Սաղ ամառը, որ գնայիք և տեսնեիք, ճանապարհի երկու կողմերը հայկական ելակ էր թափված: Էլի նույնը շարունակվելու է »,- մտահոգություն հայտնեց նա:
Ծրագիր՝ խոշոր ներդրողների համար
Արմավիրի մարզի Արաքս համայնքը, որը հայտնի է իր ջերմոցներով օգտվել են նախորդ բոլոր ծրագրերից, հատկապես՝ անտոկոս վարկային աջակցությունից են գոհ, որն իրենց համար անհասկանալի պատճառներով հիմա կասեցվել է:
Նոր՝ 3 մլրդ վարկային ծրագրից դեռ չեն շտապում օգտվել, բացատրում են, որ որոշակի վերապահումներ ունեն: Նրանց կարծիքով՝ այն ունևոր ֆերմերների համար է:
«Փոքր ջերմոցային տնտեսությունները դժվար թե օգտվեն նմա ծրագրերից, խոշորները կօգտվեն: Սկզբնական շրջանում մեծ գումար պետք է ներդրվի, որն այսօր գյուղացին չունի: Մի կողմից էլ գյուղացին 4 հեկտար հող չունի, էլի հարուստ ֆերմերներն ունեն: Այս ծրագրից խոշոր տնտեսվարողնեը կարող են օգտվել, գյուղացին 1000-2000 մետր հող ունի: Չաշխատող աջակցություն է, այն խոշոր ներդողների համար է»,- նկատեց Արաքս համայնքից Ղազար Ղազարյանը:
Նրա ներկայացմամբ՝ իրենց տարածաշրջանում գյուղացին հիմնականում ջերոմոցից ստացած եկամուտով է ընտանիք պահում, արդյունքից չեն դժգոհում:
«Եկեք գնանք Գայ գյուղ, Մեծամոր գյուղ, մի քառակուսի մետր անմշակ հող չեք գնի, բոլորը ջերմոցներ են»,- հպարտությամբ նշեց նա:
Կոլապսային վիճակ որոշ ջերմոցատերերի մոտ
Չնայած այս ամենին, որոշ ջերմոցատերեր անհանգստացած են, նրանք այս փուլում խուսափում են սածիլներ «դնել» մի քանի պատճառներով: Առաջինն անորոշությունն է. նախ՝ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների ֆոնին տնտեսվարողների շրջանում առկա են վատ սպասումներ:
Անհանգստություններ կան իրացման շուկայի հետ կապված, քանի որ կանխատեսելի չեն առաջիկայում ՌԴ արտահանում իրականացնելու հնարավորությունները, Լարսի անցակետում սպասվող խոչընդոտները: Երկրորդ բացասական սպասումը կապված է գազի գնի հնարավոր թանկացման հետ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան