Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի հուլիսից, որի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով սարքավորումների մատակարարումն է:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագիրը մեկնարկից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հաստատվել է 201 շահառուի լիզինգի տրամադրման 293 հայտ՝ շուրջ 8,9 մլրդ դրամի չափով, որոնց շրջանակներում ձեռք է բերվել շուրջ 750 միավոր սարքավորում, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ:
Ծրագրի շրջանակում լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1 մլրդ դրամ։ Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման համար որպես հիմք սահմանված ֆինանսական կազմակերպությունների հանդեպ տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրվանից ավելի ժամկետը փոխարինվում է մինչև 90 օր ժամկետով։
«2020 թվականին երկու ոլորտում է աճ գրանցվել, որոնցից մեկը գյուղատնտեսությունն է, որտեղ որոշակի դերակատարում ունի նաև այս ծրագիրը»,- արձանագրեց վարչապետ Փաշինյանը։
Նախագծի ընդունման արդյունքում կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, կապահովվի ծրագրի շրջանակում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների լիզինգի տրամադրումը, ինչպես նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։