Ծառերի էտն այն գործողությունն է, երբ այգու մկրատով կամ սղոցով կտրում ու հեռացնում են սաղարթի շիվերի ու ճյուղերի մի մասը
Պտղատու բույսերի էտը, որպես ագրոտեխնիկական միջոցառում, հայտնի է եղել շատ հին ժամանակներից (Հունաստանում, Հռոմում, Ուրարտուում և արևելյան մի շարք երկրներում), օրինակ, մ.թ.ա. 4-րդ դարում հույն հայտնի գիտնական Թեոֆրաստը իր բույսերի ուսումնասիրությանը նվիրված աշխատության (որը բաղկացած է 7 գրքից) 2-րդ գիրքն ամբողջությամբ նվիրել է պտղաբուծությանը։ Այդ գրքում հեղինակը գրում է ծառերի էտի, ձևավորման և նույնիսկ երիտասարդացման մասին:
Ավելի ուշ էտի մասին գրել են հռոմեացի գիտնականներ Կատոնը, Կալումելը, Վիրգիլիոսը:
Մեր թվարկության 8-րդ դարում Պոնիոս Անդալիոս ազգանունով մի հեղինակ Հայաստանի գյուղատնտեսությանը և նրա էկոնոմիկային նվիրած իր «Գիրք վաստակոց» աշխատության մեջ բավականին մանրամասնությամբ խոսում է շատ ծառատեսակների էտի և ձևավորման մասին:
19-րդ դարի վերջերին արդեն հայտնիի էին էտի տարբեր ձևերը, նրանց կատարման ժամկետները և ձևավորման եղանակները:
Ամերիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և մեր հանրապետությունում կատարված բազմաթիվ ուսումնասիրություններն ու փորձնական հետազոտությունները ցույց են տվել, որ էտը աճն ու պտղաբերումը կարգավորող ամենահին ագրոտեխնիկական միջոցառումներից մեկն է:
Հայաստանում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ծիրանենու որոշ սորտեր տարիներ շարունակ աճել են փարթամորեն, բայց բերք չեն տվել: Երբ այդ ծառերն ուժեղ էտել են և դրանով կանխել նրանց ուժեղ աճը, ծառերը հաջորդ տարվանից սկսել են բերք տալ:
Խնձորենու տեղական սորտերի վրա կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ 30 տարեկան «Ղափար» սորտի յուրաքանչյուր ծառն ամենամյա էտից 30-40կգ-ով ավելի շատ է բերք տալիս, քան նույն տարիքի և միևնույն պայմաններում աճող չէտված ծառը:
Նախկինում՝ Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտում Գ. Ս. Եսայանի փորձերով ապացուցվել է, որ էտը ծառերի աճն ու բերքատվությունը կարգավորելու ամենահիմնական և պատասխանատու ագրոտեխնիկական միջոցառումներից մեկն է:
Պտղաբուծության բնագավառում գոյություն ունեցող գրականության վերլուծությունը ցույց է տալիս, որ էտն անհրաժեշտ միջոցառում է գրեթե բոլոր պտղահատապտղային տեսակների համար:
Էտի ձևերը, բնույթն ու կատարման ժամկետները կախված են էտվող ծառերի աճի օրինաչափություններից և ժառանգական առանձնահատկություններից:
Կախված ծառերի տարիքային փոփոխություններից, փոխվում են նաև էտի բնույթը և խնդիրները:
ա) Տնկարանում էտի գլխավոր խնդիրն է` ձևավորել բունը, ուղեկցողը, ստեղծել ապագա ծառերի սաղարթի հիմքը և համապատասխան թվով ու որոշակի դասավորությամբ կմախքային ճյուղեր, այնպես, որ տնկարանից թողարկելու ժամանակ, կախված տեսակային ու սորտային
առանձնահատկություններից և տեղի հողակլիմայական պայմաններից, տնկիներն ունենան որոշակի բարձրության բուն, 3-5 առաջին կարգի համապատասխան երկարությամբ կմախքային ճյուղեր:
բ) Այգետնկումներից անմիջապես հետո ծառերի կմախքային ճյուղերի ծայրային մասերն էտում են՝ վերերկրյա մասի և արմատային համակարգի միջև խախտված կորելյացիոն կապը վերականգնելու համար: Հետագայում մինչև բերքատվության անցնելը սաղարթի ձևավորումը շարունակվում է, առաջանում են երկրորդ, երրորդ կարգի ճյուղավորումներ, այլ կերպ ասած՝ ստեղծվում է այնպիսի սաղարթ, որի մեջ ուղեկցողը լինում է ավելի ուժեղ, քան նրանից սկիզբ առնող առաջին կարգի կմախքային ճյուղերը: Սրանք էլ իրենց հերթին ավելի ուժեղ են լինում, քան երկրորդ կարգի ճյուղերը, իսկ երկրորդներն էլ ավելի ուժեղ, քան երրորդները և այլն: Կմախքային ճյուղերն իրենց շարունակողի հետ պետք է կազմեն ոչ սուր անկյուն: Որքան անկյունը մեծ լինի, այնքան ճյուղերի և շարունակողի ներաճման գործընթացն ավելի լավ կընթանա, և դրանից ճյուղերը կլինեն ավելի ամուր: Ճյուղերի և շարունակողի միջև կազմված անկյունը պետք է լինի 900-ից փոքր, սակայն 400-ից մեծ: Այս ձևով ստեղծված սաղարթը կապահովի առատ և բարձրորակ բերքի ստացումը, կդիմանա բերքի ծանրությանը, կհեշտացնի բերքահավաքի, էտի ու բուժման աշխատանքները:
գ) Երբ ծառերն արդեն սկսում են պտղաբերել, ամեն տարի պետք է կանոնավոր կերպով էտել։ Ընդ որում, այս դեպքում էտի նպատակն է ապահովել ծառերի ամենամյա բավարար աճը, նպաստել պտղաբերող ճյուղերի՝ օղանիստերի, նիզակների, փնջաճյուղերի, խառը պտղաբերող ճյուղերի գոյացմանը և ծաղկաբողբոջների հիմնադրմանն ու նրանց դիֆերենցմանը: Էտի միջոցով ծերացած, մահացող պտղաբերող ճյուղերը փոխարինում են նորերով և պահպանում ծառերի աճող ու պտղաբերող օրգանների առաջացումն ամբողջ սաղարթի վրա:
դ) Երբ նկատվում է տարիքավոր ծառերի բերքատվության անկում, աճման պրոցեսների խիստ թուլացում և սաղարթի մերկացում, այդ դեպքում էտի նպատակն է իջեցնել սաղարթը, նպաստել նրա ստորին մասերի աճման պրոցեսների վերականգնմանը, մահացող մասերը փոխարինել նորերով, առաջացած հոռաշիվերից ձևավորել նոր փոխարինող կմախքային ճյուղեր և այլն:
ե) Երբ նկատվում է ավելի տարիքավոր ծառերի (աճի ու զարգացման 6-7-րդ փուլերում) սաղարթի կմախքային և կիսակմախքային ճյուղերի մահացում, էտի նպատակն է` երիտասարդացնել ծառերը, ստեղծել նոր կմախքային ճյուղեր:
զ) Էտի միջոցով չպետք է թույլ տալ սաղարթի խտացում, պետք է պայմաններ ստեղծել լույսի ազատ թափանցման համար սաղարթի ներսը, որը կերկարացնի ծառերի բերքատվության տևողությունը և կնպաստի պտուղների վառ գունավորմանը:Բացի դրանից, էտի միջոցով կարգավորվում են աճող և ծաղկաբողբոջների հարաբերությունը: Եթե աճը թույլ է, իսկ պտղագոյացումները՝ շատ, էտելով պակասեցում են պտղագոյացումների թիվը, պայմաններ ստեղծում աճող մասերի գոյացման համար և հակառակը:
է) Էտելով կրճատում են արմատային համակարգի և վերերկյա մասերի միջև սննդանյութերի փոխադրման ճանապարհը:
ը) Էտի միջոցով պետք է ստեղծել այնպիսի սաղարթ, որը մի կողմից համապատասխանի տվյալ տեսակի կենսաբանական առանձնահատկություններին, իսկ մյուս կողմից՝ մարդու պահանջներին, այսինքն՝ ապահովի ամենամյա բարձր բերքատվությունը, պտուղների որակի լավացումը, նպաստի ծառերի երկարակեցությանը, թեթևացնի ծառի խնամքի, բուժման, բերքահավաքի աշխատանքները, քիչ նեցուկներ պահանջի և այլն:
Էտի տեսական հիմունքները
Պտղատու բույսերը շատ հեռավոր անցյալում, աճելով անտառային ցենոզում, միշտ ձգտել են դեպի վեր։ Դրա հետևանքը եղել է այն, որ պտղատու բույսերը միշտ ունեցել են վերընթաց աճ, բարձր բուն, դեպի վեր աճող կմախքային ճյուղեր: Դեպի վեր աճելու այդ հակումը բույսերի մեջ էվոյուցիայի ընթացքում ամրացել ու ձևավորվել է որպես այնպիսի ժառանգական հատկություն, ինչպիսին են բևեռայնությունն ու կողային ճյուղեր տալու ընդունակությունը: Այդ հատկությամբ են պայմանավորված սաղարթի որոշակի ձևը, բնի բարձրությունը և կողային ճյուղեր առաջացնելու ընդունակությունը: Բացի դրանից, պտղատու բույսերն ունենում են նաև այլ առանձնահատկություններ, որոնք նույնպես մտնոմ
են էտի կենսաբանական հիմունքների մեջ: Դրանք են.
1) Օրգանիզմի ամբողջականությունը, առանձին օրգանների միջև եղած մշտական փոխադարձ կապը, նրանց՝ ինչպես մեկը մյուսի, այնպես էլ տարբեր արտաքին պայմանների վրա փոխադարձ ներգործությունների օրինաչափությունները:
2) Պտղատու բույսերի տարիքային փոփոխությունները ՝ կախված
նրանց օնտոգենեզից:
3) Սաղարթի կմախքային ճյուղերի և աճակալող մասերի ցիկլիկ փոփոխությունները կամ ցիկլիկ ծերացումն ու երիտասարդացումը:
4) Ուղեկցողի վրա ճյուղերի հարկային դասավորության ու մորֆոլոգիական զուգահեռականության հատկությունը:
5) Շիվերի, բողբոջների և հյուսվածքների տարորակությունը, բողբոջների գրգռողականությունը, նրանց վաղահասությունը, ճյուղեր արտադրելու և, ընդհանրապես, վերականգնելու հատկությունը և այլն:
6) Սովորաբար չխնամված, չէտված ծառերի մոտ նկատվում է բերքատվության պարբերականություն:
Առատ բերքի տարում ծառերի վրա առաջանում են մեծ թվով ծաղկաբողբոջներ, այդ դեպքում աճը սովորաբար թույլ է լինում, դրա հետևանքով ածխաջրերի սինթեզումը դանդաղ է ընթանում, ազոտային նյութերից սպիտակուցներ չեն սինթեզվում, և նրանց սինթեզը կանգ է առնում: Այդպիսի դեպքերում ազոտից գոյացած միացությունները ամինաթթուների ձևով կուտակվում են բույսի մեջ, որը չի ապահովում ծաղկաբողբոջների հիմնադրումը հաջորդ տարվա բերքի համար: Էտի միջոցով կարգավորում են բույսի մեջ տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացները, այսինքն՝ տարիքավոր, ծերացած պտղաբերող ճյուղերի, ծաղկաբողբոջների մի մասը հեռացնում են և պայմաններ են ստեղծում վեգետատիվ մասերի վերընթաց աճի համար: Վերջինս ապահովում է ազոտի սինթեզը՝ մինչև սպիտակուցներ, ինչը և նպաստում է հաջորդ տարվա բերքի համար ծաղկաբողբոջների հիմնադրմանը: