ԱՄՆ-ում և Եվրոպայում կենդանիների հաշվառման համակարգերը պատմականորեն ունեցել են երկակի նշանակություն. մի կողմից` դրանք բարելավել են ֆերմերային գործը, մյուս կողմից՝ ծառայել հակակողոպուտային և հակաառևանգման նպատակներին, ինչը զգալիորեն նվազեցրել է կենդանիների գողության դեպքերն ու ապօրինությունների մակարդակը գյուղատնտեսության ոլորտում։
Խորհրդային Միության փլուզումից հետո կենդանիների հաշվառման նախկինում գործող մեթոդները դարձել են անարդյունավետ, շատ դեպքերում՝ անիմաստ։ Կենդանիների համարակալման և հաշվառման ժամանակակից համակարգի բացակայության պայմաններում խիստ անարդյունավետ են դարձել տվյալ ոլորտի պետական և ոչ պետական մարմինների հսկողական և վերահսկողական գործառույթները։ Հաշվառման ավտոմատացված համակարգի բացակայությունը խոչընդոտում է գյուղատնտեսության այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսին են անասնաբուծությունն ու տոհմային գործը, կենդանիների սելեկցիան, անասնաբուժությունը, սննդամթերքի արտադրությունը և արտահանումը, նաև պարենային անվտանգությունը։
Ժամանակակից ավտոմատացված համարակալման և հաշվառման համակարգն ինտեգրվում է պետական կառավարման բոլոր ոլորտներում, տարբեր մակարդակներով, հզորացնում պետական կառավարումը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։ Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել Հայաստանի համար այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսին են զոոնոզ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը դրանց, կենդանիների պատվաստանյութերի բաշխումը, կենդանիների բուժ-կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների կազմակերպումը, կենդանիների վերարտադրության հետագծելիությունը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի արտոնագրումը և փաստաթղթավորումը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրումը և արտահանումը, սննդամթերքի արտադրությունում որակի և անվտանգության ապահովումը։
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը մեծ նշանակություն ունի ճշգրիտ և թափանցիկ վիճակագրություն մատուցելու, իրական սոցիալ-տնտեսական իրավիճակ ներկայացնելու առումով։ Ավտոմատացված համակարգը թույլ կտա վերծանել թաքնված կենդանիների գլխաքանակը։
Կենդանիների հաշվառման ինքնաշխատ/ավտոմատացված համակարգը խթանում է բանկային ծառայութունների զարգացումը՝ նվազեցնելով գյուղատնտեսության վարկավորման ռիսկերը։ Այն անասնապահության և սննդամթերքի արտադրության ոլորտները դարձնում է առավել կանխատեսելի և գրավիչ։ Նորացվում և հզորանում է բանկերի գործիքակազմը, ակտիվանում են ներդրումային ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում։ Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կիրառումը ամբողջ երկրում կնպաստի գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության մեխանիզմների ներդրմանը` լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար։
Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգերը մեկուսացված և օժանդակ համակարգեր չեն. դրանք կարող են սահմանել արդյունավետ հսկողություն միայն այն պարագայում, երբ համահունչ զարգանում են համապատասխան ենթակառուցվածքները, իրագործվում է ռեսուրսների ճիշտ կառավարման քաղաքականություն, իսկ ինտեգրացիոն գործընթացները շահավետ են ոչ միայն վերահսկողություն իրականացնող մարմինների, այլ նաև տնտեսվարողների համար։
Գլոբալ առումով` կենդանիների համարակալման և հաշվառման համակարգերը բազմաֆունկցիոնալ վերահսկման և պետական կառավարման ահռելի ռեսուրս են: Այն հնարավոր չէ ուղղակիորեն կրկնօրինակել այլ երկրներից, քանի որ համակարգի շահագործման պայմանները խիստ տարբերվում են։Հիմնական տարբերությունները պայմանավորված են պետական կառուցվածքի, սոցիալ-տնտեսական, արտադրական, անասնաբուժական և անասնաբուծական ոլորտների զարգացվածության, ռեսուրսների հասանելիության, ֆերմերների կարողությունների և տվյալ երկրի պատմամշակութային առանձնահատկություններով։
Չնայած նրան, որ զարգացող երկրներում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգերի ստեղծումն ու կիրառումը սահմանափակվում են պետության սոցիալ-տնտեսական իրավիճակով, գլոբալիզացիոն գործընթացները և միջազգային շուկայում կենդանական ծագման մթերքների մեծացող պահանջները ստեղծում են բոլոր նախադրյալները այդ համակարգերի մշակման և ներդրման համար։
Հեղինակ՝ Սերգեյ Չախմախչյան
https://agromshakuyt.card.am/