Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը:
«Պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման: Օրինակ, ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալի կերպով կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է»,- ասված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունների նշված վարքագիծը Հանձնաժողովը որակել է գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հարուցված վարչական վարույթը «Լուսակերտ», «Լուսակերտի «էլիտ», «Գնթունիք» և «Վարիանտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասով կարճվել է:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ: