Սյունիքի սահմանամերձ 2 գյուղերի բնակիչների խոշոր եղջերավոր անասունները նախօրեին անցել են ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածքներ և չեն վերադարձվել։ Այսպիսի դեպքեր վերջին օրերին հաճախ են գրանցվում։
Երեկ ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Ելքը, թերևս, էլեկտրական հովիվներ են, որոնք թանկ հաճույք են և առայժմ միայն Շուռնուխում են տեղադրվել։ Հարցը նաև Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի օրակարգում է։ Արմեն Դավթյանն է շարունակում թեման։
Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Ճակատեն սահմանամերձ բնակավայրերի 3 ընտանիքի պատկանող խոշոր եղջերավոր անասուններն անցել են ադրբեջանական հսկողության տարածքներ, ադրբեջանցի զինվորականները չեն վերադարձրել կենդանիներին։ Դավիթբեկցի Արգամ Պողոսյանի երկու կովն ու մեկ ցուլիկն էլ են անցել ադրբեջանցիների տարածք։
«Անասունները միշտ այդ տարածքում էին արածում, սահմանին կպած է։ Անասուն է, դե մտնում են անտառ, դուրս են գալիս, կորում են, նորից ճարում ենք։ Մեկ էլ տեսա անասունները կտրվեցին ու չեկան, սահմանը անցան։ 8 անասուն անցան, գիշերը 3-ը հետ եկան, ու մեկի վզին պարան կար։ Երևի գողանալու նպատակով։ Էն 5-ը չեկան»։
Ճակատենի բնակիչ Մարատ Դավթյանն անձամբ է տեսել, որ անասուններին քշում-տանում են։
«Մեր հանդից հասել է իրանց սահմանը, իրենք էլ վերցրել, չեն տալիս։ Ես տեսա, որ իրենք քշած տանում են։ Զանգեցի մեր գյուղի սահմանապահ զորքերի հրամանատարին, ինքն էլ եկավ տեսավ։ Մեր արոտավայրերից մի ձոր է բաժանում սահմանում։ Նորից եմ ասում՝ ես տեսա, բայց ով է ռիսկ անում գնա էնտեղ»։
Թե Դավիթ Բեկում, թե Ճակատենում ադրբեջանցիները չեն հատել մեր սահմանը։ Մինչև նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումը անասուններին արածեցրել են ներկայում արդեն հակառակորդին անցած տարածքներում։ Լսենք Արգամ Պողոսյանին և Մարատ Դավթյանին։
«Իրենք չեն մտել մեր սահմանը, անասուններն են անցել։ Եղել է, որ էլի անցել են ու հետ են եկել, բայց այս անգամ սենց ստացվեց։ Գիտեք՝ միշտ այդտեղ ենք արածեցրել անասուններին, սովոր են։ Որ տարածքում էլ պահում ես, փախչում, գնում են իրենց ծանոթ տարածքները»։
«Մեր անասունները սովոր են Ադրբեջանի տերիտորիային, որ միշտ էնտեղ ենք պահել։ Աչքդ մի վայրկյան թարթում ես, գնում են, ինչքան էլ ցանկապատել ենք, չի օգնում էլի գնում են»։
Արգամ Պողոսյանը հիշեցնում է՝ Դավիթ Բեկը 3 կողմից սահմանակից է հարևան պետությանը։
«Եթե քարտեզով նայեք, կտեսնեք, որ մեր գյուղը 3 կողմից սահման է։ Ընդամենը մի կողմն է, որ սահման չի։ Էդ կողմում էլ ցանքսեր են՝ ցորենի, գարու։ Սպասում էինք, որ հավաքենք բերքը, նոր տանենք էդտեղ արածացնելու, չհասցրինք»։
Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը հերքում է ոմանց կողմից տարածվող լուրերը, թե իբր անասուններին դիտավորյալ են քշում հակառակորդի սահման, որպեսզի գյուղացիները փոխհատուցում ստանան։ Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ միայն Դավիթ Բեկ գյուղից 11 ընտանիքի 108 անասուն է ոչնչացվել։
«Խփել են գոմին, անասունների կեսը սատկել է, կեսը՝ փախել։ Մինչև օրս փոխհատուցում տրված չի։ Հիմա մարդիկ ոնց դիտավորյալ կքշեն նրանց սահմանը, որ փոխհատուցում ստանան»։
Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ապրողները նման միջադեպերից խուսափելու համար ստիպված անասունները մորթում են։ Կա նաև անասնակերի խնդիր։ Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանի հավաստմամբ՝ միայն իրենց գյուղից 50 հա տարածք ադրբեջանցիների հսկողությանն է անցել։
Աղբյուր՝ Հանրայինռադիո