Արտահանվող գյուղմթերքի մեջ ձկան ծավալներն ամենամեծն են: Այս մասին փաստում են Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է նաև ձկան և ծովամթերքի 0.2 % գնաճ:
Ձկան և ծովամթերքի շուկայում 2021թ. հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 31.9 %, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ: Հարկ է նշել, որ իշխան ձկնատեսակի գնաճը 2021թ. Հոկտեմբերին, 2020թ. հոկտեմբերի համեմատ, կազմել է 36.5 %, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.7 %:
Ձկնարտադրության ծավալների, արտահանման հեռանկարների և առկա խնդիրների շուրջ Ագրոպրեսը զրուցել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանի հետ:
- Պարո՛ն Բունիաթյան, այս տարի ձկնարտադրության ծավալները աճե՞լ են՝ հաշվի առնելով այն փաստը, որ գյուղմթերքի արտահանման ծավալների գերակշիռ մասը ձկնամթերքն է կազմում:
-Կարող եմ հայտնել, որ նախորդ տարիների համեմատ՝ մեկ տարվա ընթացքում արտադրության ծավալները 15-20 տոկոսով ավելացել են: Եթե չլիներ ռուսական շուկան, տեղում լճացում կառաջանար:
-Տվյալներ ունե՞ք արտահանման ծավալների վերաբերյալ, ի՞նչ խնդիրներ կան կենդանի ձկան արտահանման հարցում:
- Արտահանման ծավալներից չենք դժգոհում, շատ լավ է: Տվյալներ չեմ կարող ասել, բայց խոսելով ձկնաբույծների հետ՝ կարող եմ արձանագրել, որ արտահանման ծավալները ևս աճել են: Մեր հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Ինչքան պետք է՝ տեղական շուկայում ենք իրացնում, իսկ մնացածն արտահանվում է: Մեր արտադրած կենդանի ձկան 70 տոկոսն արտահանվում է ՌԴ:
Մենք պետք է ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները շատ լավ պահպանենք: Եթե 10 օր ՌԴ-ն կանգնեցնի արտահանումը, մենք կորած ենք:
-Բայց Ռուսաստանը ձկան տեսականիով հարուստ երկիր է, հայկական ձուկը մրցունա՞կ է:
-Ամբողջ ռուս ազգն է այդ ձուկն օգտագործում: Մեր հայկական ձուկը մրցունակ է բոլոր մյուս ձկների հետ, քանի որ իրենք չունեն ձկան այդքան մեծ պաշարներ, մեծ արտադրություն, ինչպես մենք:
-Իսկ ռուբլու արժեզրկումն ինչպե՞ս է անդրադառնում առևտրի ծավալների վրա:
- Ռուբլու արժեզրկումը միանշանակ մեծ վնաս է հասցնում մեր արտադրողներին: Միայն պետք է ռուսական կողմի հետ գանք պայմանավորվածության, որպեսզի դոլարով կամ եվրոյով առևտուր անենք, որովհետև ռուբլու փոխարժեքը տատանվում է, ըստ այդմ, անհնար է լինում արտադրանքի հստակ գին սահմանել: Բայց դա խնդիր է, քանի որ իրենք էլ չեն ցանկանում դոլարով կամ եվրոյով առևտուր անել: Այս խնդրի միակ լուծումը իրենց հետ կանխիկ տարբերակով աշխատելն է, որպեսզի մենք կարողանանք այդ ռուբլին նույն պահին վերածել դոլարի կամ եվրոյի:
Ձկան կերը գնում ենք դոլարով և եվրոյով, իսկ ձուկը վաճառում ենք ռուբլով, և երկու կողմից էլ տուժում ենք:
- Աշխատանքներ տարվո՞ւմ են այլ շուկաներ գրավելու ուղղությամբ:
- Դրա մասին պետք է կառավարությունը մտածի, ոչ թե արտադրողները: Մենք եվրոկոդ չունենք՝ մեր արտադրությունը եվրոպական երկրներ արտահանելու համար: Դրանով ոչ մեկը չի զբաղվում, և կարող ենք եզրակացնել, որ ոչ էլ հետաքրքիր է:
Պետք է մեր երկիրը եվրոկոդ ստանա, որպեսզի կարողանանք այլ շուկաներ հանել մեր ապրանքը: Անհատը դա չի կարող անել: Պետությունը պետք է այդ լիցենզիան ստանա, որ հնարավոր լինի եվրոմիության երկրներ հայկական ձուկ արտահանել:
- Տեղական շուկայում իշխան ձկնատեսակի գինը բավականին բարձրացել է: Սա պայմանավորվա՞ծ է ձկան կերի բարձր գնով, թե՞ կան այլ գործոններ ևս:
- Ոչ միայն կերն է թանկացել, այլ նաև հոսանքը, վերջին շրջանում նաև աշխատուժն է թանկացել: Սննդամթերքի շուկայում գնաճ է, հետևաբար նաև ձկան արժեքը պետք է բարձրանա: Բենզինը ևս թանկացել է, մեր արտադրանքը տեղափոխում ենք, դիզել ենք ծախսում, որը ևս ազդում է գնագոյացման վրա:
Իշխանի կիլոգրամը 2500 դրամ է: Տեսնում եք, որ խոզի և տավարի արժեքն ավելի բարձր է: Համեմատեք և տեսեք, թե մենք ինչքան ծախս ենք անում՝ ձուկ արտադրելու համար: Ձուկը 1,5 տարի պահում ենք, մինչև դառնա մեկ կիլոգրամ: Այդ ընթացքում հոսանք ենք օգտագործում և այլ ծախսեր կատարում:
Վերջին 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ձկնաբուծության համար օգտագործվող ջրի սակագինը 10 տոկոսով թանկացել է: Դա ևս ապրանքի արժեքի վրա ազդում է: Հիմա էլ նոր օրենք ենք ընդունել, ըստ որի՝ ջրի հետդարձի համար ևս պետք է վճարենք: Մենք պետությունից ջուր ենք գնում, օգտագործված ջուրը բաց ենք թողնում դրենաժներով, որի համար ևս վճարում ենք: Դրենաժների ջրի համար մեկ խմ-ի դիմաց 0,07 դրամ պետք է մուծենք: Սա աբսուրդ է, ջուրը պետությունից գնում ենք, օրգանական պարարտանյութերով հարստացնում և հետդարձի համար վճարում: Ձկան արտաթորանքը պարունակում է օրգանական պարարտանյութ, օգտագործված և դրենաժներով վերադարձվող ջուրը կարող է օգտագործվել ոռոգման նպատակով: Այս ամենի համար ևս վճարում է ձկնաբույծը:
Հավելեմ, որ ձկնաբուծական տնտեսությունները մեծ քանակի հոսանք են օգտագործում: Ես ժամում 200 կվտ հոսանք եմ օգտագործում, ժամում մոտ 100 հազար դրամ հոսանքի գումար է ծախսվում:
-Այս հանգամանքները հաշվի առնելով՝ եղե՞լ են դեպքեր, երբ ձկնաբուծարաններ փակվեն:
-Նկատեմ, որ այս տարիների ընթացքում ոչ մի ձկնաբուծական տնտեսություն չի հիմնվել, որովհետև արդեն 8 տարի է՝ Արարատյան դաշտում արգելված է հորատումներ կատարել: Հնարավոր է՝ եղել են փոքր տնտեսություններ, որոնք չեն կարողացել գոյատևել և փակվել են, ստույգ թվեր չեմ կարող փոխանցել:
Մինչև 2008 թվականն ունեցել ենք 330 տնտեսություն, հիմա ունենք շուրջ 116-ը:
- Այսօր ի՚՞նչ խնդիրներ ունեն ձկնաբույծները, էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ պետք է անի՝ ձեր բիզնեսն առաջ տանելու համար:
-Վերջին երկու տարում ձկնաբուծության ոլորտի առողջացման, ռազմավարական գործառույթների իրականացման առումով ոչ մի քայլ չի կատարվել: Պետական աջակցություն չենք ունեցել, իսկ բարձրացված հարցերը մնացել են հենց այնպես՝ անպատասխան: Ձկնաբուծության մասին մոռացել են, մեզանով չեն էլ զբաղվում: Կարողանում ենք ինքնուրույն մեր խնդիրները լուծել և մեր տնտեսությունները զարգացնել:
Նախորդ տարիներին սուբսիդավորված վարկեր էր տրամադրվում ձկնաբույծներին: Վարկի 12 տոկոսադրույքից 7 տոկոսը պետությունը սուբսիդավորում էր, 5-ն էլ ձկնաբույծն էր տալիս: Սա օգուտ տվեց մեր տնտեսությունների զարգացմանը: Իսկ այս տարի առանց պատճառաբանությամբ այլևս սուբսիդավորված վարկեր չեն տրամադրվում ձկնարտադրողներին:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան