Խորոված ուտելու ժամանակը չէ, կամ ինչո՞ւ է թանկանում խոզի միսը
Հայկական շուկայում խոզի միսը ռեկորդ է սահմանում: Ամանորյա ամենապահանջված խոզի ազդրամսի կիլոգրամն արժի 3000-3500 դրամ, որոշ իրացման կետերում այն նույնիսկ հասնում է 3700-ի, իսկ չալաղաջ 4000-4200 դրամից պակաս գնել չես կարող:
Շիրակի մարզի Սարալանջ համայնքի բնակիչ, ֆերմեր Հարություն Սարգսյանը 7 տարի է՝ խոզաբուծությամբ է զբաղվում: Նա արձանագրում է, որ վերջին տարիներին շուկայում խոզի մսի գնի պատկերը չի փոխվել: Խոզի մսի գնի բարձրացումը, ըստ նրա, մի քանի հանգամանքով է պայմանավորված:
Ֆերմերը փաստում է, որ խոզի կերի գինը բարձրացել է, այն մեծապես ազդում է մսեղիքի արժեքի վրա: Բացի այս, Սարալանջի բնակչի խոսքով՝ խոզի գլխաքանակն է կրճատվել, ինչը մսի դեֆիցիտ է առաջացրել:
Միաժամանակ այս տարվա հունվար- մայիսին Հայաստանում 3.4 տոկոսով նվազել են խոզի մսի արտադրության ծավալները:
«Խոզի կերը երեք անգամ թանկացել է: Կերի գնի բարձրացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքով, ինչպես նաև սոյայի դեֆիցիտով: Երաշտն էլ մեծ դեր խաղաց: Երբ կորոնավիրուսն սկսվեց, մսի գինը դարձավ 1500 դրամ, որի դեպքում բոլոր ֆերմերները վնաս են կրել: Շատ ֆերմերներ էլ փակեցին իրենց խոզաբուծարանները: Խոզի մսեղիքը մոտ 50 տոկոսով թանկացել է: Խոզի մսի ինքնարժեքը կազմում է 2500 դրամ, իսկ հիմա 3000 է, այսինքն՝ տարբերությունը 500 դրամ է»,- Ագրոպրեսի հետ զրույցում բացատրեց նա:
Խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերները բողոքում են, որ անասնաբուծության այս ճյուղը «ողբերգական» վիճակում է: Նրա պնդմամբ՝ մեր երկրում խոզաբուծությունը շատ դանդաղ է զարգանում, պետությունն անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում այս ճյուղին:
Ֆերմերը մատնանշում է, որ այս գործի եկամտաբերությունը ցածր է, մինչդեռ ծախսեր շատ է պահանջում:
«Եթե համեմատենք մյուս երկրների հետ, ապա այնտեղ ամեն ինչ ստաբիլ է, որովհետև պետությունը շատ ծրագրեր է սուբսիդավորում: Իրենք գիտեն՝ իրենց երկրին ինչ է պետք, բոլորը միաժամանակ նույն գործով չեն զբաղվում: Մեր երկրում գյուղատնտեսությունը կանոնակարգված չէ. մի տարի խոզի միսն էժան էր, հաջորդ տարի շատերն այդ գործից հրաժարվեցին, միսը քիչ էր, և գինն էլ բարձրացավ»,-նկատեց Սարալանջի բնակիչը:
Միս՝ Պարագվայից և Բրազիլիայից
Խոզաբույծը դժգոհում է, որ ներկրումների պատճառով իրենց բիզնեսը տուժում է: Հարություն Սարգսյանը նշում է, որ շուկա չի ձևավորվում, ֆերմերը չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ քանակությամբ խոզ պահի:
Հավաստիացնում է, եթե ներկրումներ չլինեն, կարող են խոզի մսի արտադրությամբ ինքնաբավ դառնալ:
Սակայն այս ամենից դեռ հեռու ենք, ՀՀ-ից խոզի միս չի արտահանվում, փոխարենը մեծ ծավալներով ներկրումներ ունենք:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի փոխանցած տվյալներով՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում մեր հանրապետություն է ներկրվել 9648226,63 կգ խոզի միս: Խոզի մսի ներկրման աշխարհագրությունը բավականին լայն է՝ Վրաստանից, Ղազախստանից, ՌԴ-ից, Կանադայից, Դանիայից, Բելառուսից, Բրազիլիայից և անգամ հեռավոր Պարագվայից է խոզի միս բերվել:
Խոզի անկման դեպքեր են գրանցվել
Խոզաբուծությունը զարգացած է հատկապես Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում: Բնակիչները խոզաբուծությունից ստացած եկամուտով են ընտանիք պահում: Բայց ամեն տարի չէ, որ գյուղացիներին բախտ է վիճակվում գործից օգուտ ստանալ:
Այս տարի այգեհովիտցի խոզաբույծները կոտրած տաշտակի առաջ են կանգնել, մայիսին համայնքում բռնկված աֆրիկյան ժանտախտի հետևանքով մեծ քանակությամբ խոզեր են անկել:
Կարեն Աբազյանի 10 գլուխ խոզերն են սատկել, նա այսօր կքած է վարկերի տակ:
«Անասնաբույժի խնդիր կա մարզում: Հիվանդությունների դեմ պայքար չի տարվում: Գյուղացին չարչարվում է, փող է դնում, խոզ պահում, բայց տարին վնասով է փակում: Ամբողջ գյուղը վնաս կրեց, ինչքան խոզ կար, վերացավ: Փոխհատուցում էլ չտվեցին»,- նեղսրտեց գյուղացին:
Ագրարային քաղաքականություն չի մշակվում
Խոզի մսի միայն ողային հատվածը՝ չալաղաջն է թանկացել՝ իր դիտարկումները ներկայացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Փորձագետի պարզաբանմամբ՝ այս պահին պահանջարկ ունի խոզի բուդը: Նրա կանխատեսմամբ՝ հնարավոր է չալաղաջի արժեքը մի փոքր նվազի:
«Ամեն տարի նույն իրավիճակն է: Սա խոզի մսի համար ամենաթանկ սեզոնն է, գինը որոշվում է առաջարկ-պահանջարկով: Կարող ենք փաստել, որ մենք չունենք ագրարային քաղաքականություն, և առաջարկ-պահանջարկով է գինը որոշվում: Ագրարային քաղաքականությունը խաղի այն կանոնն է, որը հնարավորություն կտա այդ քաղաքակությամբ շուկան ձևավորել: Կան ֆերմաներ, որոնք այսօր ինչ-որ չափով գին են թելադրում: Գյուղացին էլ հարմարվում է այդ գնին»,- շեշտեց նա:
Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է, անհրաժեշտ է ագրարային ճիշտ քաղաքականություն վարել՝ խնդիրները լուծելու ուղղությամբ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան