15 օրում հայտնաբերվել է 10 տոննա միս առանց սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի: Առաջիկայում՝ սեպտեմբերի 1-ից, վաճառքի կետերում առանց սպանդանոցային ծագմամբ մսեղիքի քանակը կարող է էլ ավելանալ, քանի որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվացնելու է ստուգումը, որպեսզի բացառվի բակային մորթից ստացված մսի վաճառքը:
«Հիմա գիշերները և առավոտյան, ոստիկանության հետ համատեղ մեր տեսուչները ստուգումներ են անում Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա և մայրաքաղաքի մեծածախ շուկաներում»,- նշել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ չբացառելով, որ ոչ սպանդանոցային մորթի միս վաճառվում է հատկապես այն մարզերում, որտեղ սպանդանոցների թիվը դեռ քիչ է:
Իր հերթին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել, որ նախարարությունը սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս բոլոր գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում՝ կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքը և ապահովելու, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված:
«Հիմա ձեռնամուխ ենք եղել այդ կարգավորումների խստացմանը, որպեսզի ոչ միայն արգելենք սահմանված կանոնների խախտմամբ որևիցե մսի վաճառք, այլև տնտեսվարողն իսկապես ցավ զգա օրենքները և ստանդարտները խախտելու համար»,- հավելել էր Քերոբյանը։
Սպանդանոցները պարապուրդի են մատնված
Ստուգումներն ու խստացումները չեն անհանգստացնում հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերին: Այս պահին Հայաստանի ամողջ տարածքում գրանցված է 102 սպանդանոց: Միակ մարզը, որտեղ սպանդանոց չկա, Վայոց ձորն է։
Նոր ծաղկող բիզնեսի տերերը խոստովանում են՝ պարապուրդի են մատնված, քանի որ անասնատերերից շատերն առաջվա պես մսավաճառների ու միջնորդների հետ են աշխատում: Սպանդանոցներում էլ դիմողների թիվն առանձնապես չի ավելացել:
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հակոբյանը նկատում է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մորթը չի ավելացել՝ գյուղացիները սպանդանոցների հետ չեն համագործակցում:
Գործարարը պնդում է՝ մեր երկրում սպանդանոցները չեն գործում, պատճառը վերահսկողության բացակայությունն է, պատկան մարմիններն են թերանում իրենց գործողություններում:
«Ոչ ոք չի հարցնում՝ սպանդանոցն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, այդ թուղթը կա՞, թե՞ չկա: Միջնորդներն այնպես են կազմակերպում գործը, որ սպանդանոցները չաշխատեն: ՍԱՏՄ-ն պարապուրդի է մատնված, վերահսկողություն չի անում: Երկու օր հսկողություն կանեն, հետո նորից մի երկու տարի չեն հետևի»,-Ագրոպրեսի հետ զրույցում սրտնեղեց բիզնեսմենը:
«Մսամթերքի նոր աշխարհ» սպանդանոցում գործը կանգնած է. երկու ամիսը մեկ հազիվ են մի քանի գլուխ անասուն մորթում: Արսեն Հակոբյանը հեղափոխությունից հետո է վարկ վերցրել և սպանդանոց կառուցել: Սակայն սկսած գործը երկար հաջողություն չի ունեցել, միայն առաջին տարին է աշխատանքից գոհ եղել:
Ստուգումներ չեն եղել
Հիմա էլ ձախողված բիզնեսի ծախսերը փակելու համար ստիպված է գրավ դրած տունը վաճառել:
«Հսկողությունը տվեցին ոստիկանությանը, որ ստուգեն միս տեղափոխող մեքենաների փաստաթղթերը, սանիտարական պայմանները: Դուք հսկողություն տեսե՞լ եք. վեց ամսում հազիվ մեկ ավտո բռնեն, հետո նորից ոչինչ չեն անում»,-նշեց մեր զրուցակիցը:
Սպանդանոցի տնօրենի խոսքով՝ «հալալ» մորթը նաև «հարամ» կողմեր ունի. վաճառքի կետերում ավելի հաճախ սպանդանոցային մորթը վկայող փաստաթուղթ պահանջող էլ չկա:
Իսկ գործարար Աշոտ Հակոբյանի սպանդանոցային ոլորտում սկսած գործը երկար կյանք չի ունեցել: Նա մեկ տարի առաջ է փակել սպանդանոցն՝ օրենքի չկիրառման պատճառով: Այս սպանդանոցի տերն էլ գործից սկզբում չի տուժել: Անկեղծանում է՝ ստուգումներ չեղան, անասնապահներն էլ առիթից օգտվեցին:
«Գյուղացիները չեն ուզում կենդանիներին բերել և սպանդանոցներին հանձնել: Չեն ուզում լրացուցիչ ծախսի տակ ընկնել: Սպանդանոցային մորթի դեպքում գյուղացու ծախսը ընդամենը 3-4 տոկոսով է ավելանում, փոխարենը համոզված են լինում, որ անասունը լիարժեք ստուգված է, ու մորթը կատարվել է հիգիենիկ պայմաններում: Էն ժամանակ կենդանու փորոտիքը, կաշին, գլուխը, ոտքերը մսավաճառներն էին տանում, իսկ ես դրանք սաղ թողնում էի գյուղացուն: Էդ ամբողջը մինչև 25 000 դրամ գումար է կազմում: Առաջ էր գյուղացին տուժվում, սպանդանոցի դեպքում վնաս չի կրում»,- բացատրեց նա:
Պարտադիր սպանդանոցային մորթի մասին Կառավարության՝ դեռ 2016 թվականին ընդունված որոշման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել է: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ 2020 թվականի հունվարի 15-ից: Ըստ դրա՝ գյուղացին չէր կարող իր բակում մորթել սեփական անասունն ու վաճառել: Անասնատերերն ու մսավաճառները բողոքեցին, թե չկա սպանդանոցների անհրաժեշտ քանակ, և որ իրենք էլ պատրաստ չեն անասունը սպանդանոց հասցնել:
Վարչապետն Նիկոլ Փաշինյանն էլ 2020 թվականի հունվարի 23-ին հայտարարեց՝ հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանն անցնելու է այս համակարգին:
Սպանդանոցների դեմ բողոքողներից մեկն էլ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրի բնակիչ Վոլոդյա Մնացականյանն է: Նա այս ընթացքում երբևէ միս սպանդանոցին չի հանձնել:
Անասնատիրոջ կարծիքով՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելը մեծ վնաս է քիչ անասուն ունեցողների համար. ստիպված պետք է լինեն իրենց մեկ-երկու գլուխ կենդանուն այնտեղ հասցնելու համար տեղափոխման ծախս անել և 5-ից 10 հազար դրամ էլ վճարել սպանդանոցին ծառայության համար:
«Էլ էդ անասունից ինձ ի՞նչ կմնա, որ տանենք, իրենք թող գան, տանեն: Հիմա, որ տանեի Էջմիածնի սպանդանոց, պետք է ճանապարհածախսը ես տայի: Մասիսի սպադանոցում միայն ոչխար են մորթում, մոտիկը միայն Էջմիածինն է: Եթե սպանդանոցից էլ ես մարդ կանչում, որ գան, անասունին տանեն, էլի ճանապարհածախս են ուզում: Իմ կենդանին հիվանդ չի՝ առողջ է, անասնաբույժ ունենք, բոլոր պատվաստումները ժամանակին կատարվում են», - դժգոհեց գյուղացին:
Երկար տարիներ Գումի շուկայում մսավաճառությամբ զբաղվող Վաղարշակ Իվանյանը ևս դեմ է սպանդանոցային պարտադիր մորթին: Նրա համոզմամբ՝ այն միայն լրացուցիչ ծախսեր է պահանջում անասնապահից և մսավաճառից: Հիշեցնում է՝ երկար տարիներ սպառողն օգտվել է բակային մորթից, դրանից որևէ վնաս չի արձանագրվել:
Ինչ միս է գնում սպառողը
Սպանդանոցում մորթված մսի վերաբերյալ տարբեր են սպառողների տեսակետները. մի մասի կարծիքով՝ միսն անպայման պետք է հիգենիկ պայմաններում մորթված լինի ոչ թե բակում՝ արևի տակ, մյուսների համար էլ նշանակություն չունի: Նրանք հայտարարում են՝ միսն այնքան թանկ է, որ տարին հազիվ մեկ- երկու անգամ գնեմ, հետևաբար, էական չէ՝ այն բակում, թե սպանդանոցում՝ ժամանակակից պայմաններում մորթված կլինի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան