Խոզի միս արտադրողները ծանր վիճակում են
Ռուս- ուկրաինական պատերազմի պատճառով անելանելի վիճակում են հայտնվել հայ արտադրողները, այս դեպքում՝ խոզաբույծները: Արդեն ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունից խոզեր են ներմուծվում մեր երկիր, այստեղ մորթում են և տեղականի անվան տակ վաճառվում: Դրսից խոզերի ներկրման հետևանքով տեղական խոզի միսն էժանացել է, այս օրերին խոզի մսի գինը մեծածախ շուկայում տատանվում է 2100- 2200 դրամի սահմաններում, իսկ 1800 դրամով վաճառվողը ռուսականն է:
Հայաստանում ամենամեծ, իսկ Անդրկովկասում երկրորդ խոշոր «Նուբարաշեն» խուզաբուծական ֆերմայի ներկայացուցիչ Հենրիկ Ադամյանը Ագրոպրես-ի հետ զրույցում պատմում է, որ գործընկեր երկիր Ռուսաստանում խոզի մսի գերարտադրություն է, լճացմանը խնդիրը փորձում են լուծել Հայաստան խոզ արտահանելով:
«Խոզի միսը հիմնական ուրախ առիթներով են օգտագործում, պատերազմի պատճառով Ռուսաստանում սպառումը քչացել է: Նույնը նաև մեզ մոտ էր 2020 թվականին, երբ պատերազմի ժամանակ և հետպատերազմական իրավիճակներում մենք էլ խորոված չէինք անում, անհարմար էր ծուխ անելը, հետևաբար, միսը լճացավ, նույն վիճակը հիմա իրենց մոտ է: Ինքնարժեքից ցածր գնով էլ միսն ուղարկում են մեզ մոտ: Եթե իրենց մոտ վիճակը լավանա է, մենք ենք փակուղու առաջ կանգնելու, այն ժամանակ ոնց էր. Ուկրաինայում կաթի խնդիր կար, կաթի փոշին ուղարկեցին Հայաստան, այստեղ կաթի գինն ընկավ, ու մերոնք կովերին վերացրին»,- ներկայացրեց Ադամյանը:
Արտադրությունը նվազել է
Խոզաբուծական ֆերմայի ներկայացուցիչն ասում է՝ խոշորները կարողանում են դիմակայել մրցակցությանը, առավել ծանր է փոքրերի դրությունը. մի քանի տասնյակ խոզ ունեցող գյուղացիական տնտեսություններ արդեն փակվել են: Նման իրավիճակում է հայտնվել ՇիրակիմարզիՍարալանջհամայնքիբնակիչ, ֆերմերՀարությունՍարգսյանը:
Խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերը մի քանի գլուխ խոզ դեռ մարտին է վաճառել: Նա դժգոհում է՝ անասնաբուծության այս ճյուղը «ողբերգական» վիճակում է:
Ֆերմերը բողոքում է, որ այս գործի եկամտաբերությունը ցածր է, մինչդեռ ծախսեր շատ է պահանջում:
«Եթե համեմատենք մյուս երկրների հետ, ապա այնտեղ ամեն ինչ ստաբիլ է, որովհետև պետությունը շատ ծրագրեր է սուբսիդավորում: Իրենք գիտեն՝ իրենց երկրին ինչ է պետք, բոլորը միաժամանակ նույն գործով չեն զբաղվում: Մեր երկրում գյուղատնտեսությունը կանոնակարգված չէ. մի տարի խոզի միսն էժան էր, հաջորդ տարի շատերն այդ գործից հրաժարվեցին, անցյալ տարի էլ միսը քիչ էր, և գինն էլ բարձրացավ: Հիմա խոզի միսը 2100 դրամով ենք վաճառում, իսկ ինքնարժեքը 2000 դրամ է մեզ վրա նստում»,-նկատեց Սարալանջի բնակիչը:
Ժանտախտով վարակված մի՞ս է ներկրվել
Խոզաբույծներն ահազանգում են, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերից աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզի միս են մեր հանրապետություն ներկրել, իրենք էլ վախենալով, որ կորուստներ կկրեն, հարկադիր սպանդի են ենթարկել խոզերին: Այս ամենի արդյունքում խոզի մսի դեֆիցիտ է առաջացել, հնարամիտ ներկրողներն այս անգամ խոզ են ներմուծել և մեր երկրում մորթել:
Արտադրողները սրտնեղում են, որ ներկրումների պատճառով իրենց բիզնեսը տուժում է: Հարություն Սարգսյանը նշում է, որ շուկա չի ձևավորվում, ֆերմերը չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ քանակությամբ խոզ պահի:
Տեղական խոզի մսի արտադրությունը մեր երկրում նվազել է. ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ հունվար-մարտին հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 3․3%-ով (3 167.4 տոննա), խոզի մսի արտադրությունը՝ 19․8%-ով (523.8 տոննա):
Արտադրության նվազմանը զուգահեռ՝ խոզի միսն արժեզրկվել է: Վիճակագրության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում խոզի միսն էժանացել է 13.0 %-ով:
Գյուղատնտես, ֆերմեր Հարություն Մնացականյանը բացատրում է, թե ինչու է խոզի մսի շուկայում նման իրավիճակ ստեղծվել, և խոզաբույծները կանգնել են լուրջ խնդրի առաջ:
Ռեստորանները պահանջ են դնում խոզաբույծների առջև
«Ռուսաստանում հացահատիկի մեկ կիլոգրամը հայկական փոխարժեքով վաճառվում է 33 դրամով, իսկ մեկ տոննա ցորենի բեռնափոխադրման գինը 55 դրամ է կազմում: Եթե խոզի միսը, որի ինքնարժեքը 1500 է կազմում, ապա այդ 55 դրամն ավելանալու դեպքում այդքան էլ թանկ չի նստում, հետևաբար, գերադասում են միս ներկրել, քան ցորեն ներկրել և այստեղ խոզ պահել: Մեզ մոտ ցորենի մեկ կիլոգրամը երեք անգամ ավելի թանկ է․ արժեքը 115 դրամ է»,-հավելեց նա:
Գյուղատնտեսի խոսքով՝ Ռուսաստանում խոզի մսի ինքնարժեքն էժան է, իսկ մեր երկրում՝ բարձր: Այս ամենն իր պատճառներն ունի: Դրանից մեկն էլ այն է, որ ռեստորաններն ու հանրային սննդի մյուս օբյեկտները ֆերմերից ցածր քաշով խոզի միս են գնում:
Հարություն Մնացականյանն ասում է՝ իր իտալացի գործընկերները հայկական ռեստորանում իրեն զարմացած հարցրել են, թե ինչու են սննդի օբյեկտները միայն 40 կիլոգրամանոց խոզի միս օգտագործում: Ֆերմերը միաջազգային փորձն է մատնանշում, որ եվրոպական ոչ մի երկրում ռեստորանները 40-45 կիլոգրամ քաշով խոզի միս չեն ընդունում:
«Ֆերմերը գոջին գնում է 30000-35000 դրամով, 4 ամսից հետո վաճառում է: Եթե խոզին երկար պահի, այն մոտ 100 կիլոգրամ միս կունենա, այդ դեպքում մսի ինքնարժեքն արդեն ցած կլինի, իսկ քչի դեպքում բարձր է: Սակայն մեր ռեստորատորները սովոր են մինչև 45 կգ խոզ գնեն, որ խորովածի մեկ շշի վրա 3-4 չալաղաջ տեղավորվի, և այդպես մատուցեն հաճախորդներին, ինչը բավականաչափ դժվարացնում է ֆերմերների գործունեությունը: Վերջերս հայերն սկսել են խամոն շատ սիրել, այ, դա մոտ 200 կիլոգրամանոց խոզից են պատրաստում»,-նշեց գյուղատնտեսը:
Եթե խոզի մսի գինն իջնում է, պետությունը պետք է սուբսիդավորի, «Նուբարաշեն» խուզաբուծական ֆերմայի ներկայացուցիչն է նշում՝ խոսելով համաշխարհային փորձի մասին, որ, օրինակ, Իսպանիայում մսի կիլոգրամը 3 եվրոյից նվազելու պարագայում պետությունն անմիջապես սուբսիդավորում է:
Արտադրողին օգնելու և շուկան կարգավորելու համար Հարություն Մնացականյանը մի քանի լուծում է տեսնում: Ըստ նրա՝ նախ պետությունը պետք է ներմուծման վերահսկողություն սահմանի, որ գոնե դրսից բերվածը հայկականի անվան տակ չիրացվի:
«Տեղական արտադրողը պետք է խոզին միայն մաքուր սնունդ տա, այդ համակցված կերերից չտա և էկոլոգիապես մաքուր մսի կիլոգրամը վաճառի 4000-5000 դրամով: Այս դեպքում խոզաբույծները կարող են պլյուսով աշխատել: Պետությունը պետք է վերահսկի և սահմանի, որ ռեստորանները միայն մինչև 45 կիլոգրամանոց խոզի միս չգնեն: Իտալացիներն ասում էին՝ ձեր խոզերը ժանտա՞խտ են, որ այսքան փոքր եք մորթում, մե՞ղք չեն ֆերմերները: Պետությունը պետք է լծակներ գործադրի հարցի լուծման համար»,- առաջարկեց գյուղատնտեսը:
Արտադրողներն իրենց հերթին հավաստիացնում են՝ եթե ներկրումներ չլինեն, կարող են խոզի մսի արտադրությամբ ինքնաբավ դառնալ:
Սակայն այս ամենից դեռ հեռու ենք․ ՀՀ-ից խոզի միս չի արտահանվում, փոխարենը մեծ ծավալներով ներկրումներ ունենք:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան