Առաջիկայում մեղվաբույծների համար դրական փոփոխություններ են սպասվում: Շուտով «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքում որոշ փոփոխություններ կլինեն: Արդեն մեկնարկել են քննարկումները:
Օրեր առաջ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում՝ նվիրված Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքը լավարկման և մեղվաբուծության ոլորտում ռազմավարության մշակման նպատակով առաջարկությունների, ինչպես նաև ոլորտի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկում։
Էկոնոմիկայի նախարարությունից Ագրոպրեսին հայտնեցին, որ որոշ փոփոխություններ են նախատեսվում իրավական տեսանկյունից, մի քանի փոփոխություններ էլ կլինեն մեղվաբուծության վերաբերյալ։ Թե ինչ փոփոխություններ, նախարարությունից առայժ չեն շտապում փակագծեր բացել, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են, ընդհանուր որոշման չեն եկել:
«Մեղվաբուծության մասին» օրենքն ավելի լավն ու արդյունավետ դարձնելու նպատակով նախարարությունը քննարկումներ է կազմակերպում «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ: Գիտակրթական կենտրոնի խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ ու դիտողություններ ոլորտում գործող օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ։
Հնարավոր փոփոխությունների մասին արտահայտվելիս՝ քչախոս են նաև «Մեղվաբուծության Դարբնոց»-ում: Այստեղ պատրաստվում են իրենց առաջարկները փաստաթղթային տարբերակով նախարարություն ուղարկել:
«Գործող օրենքում մի շարք կետեր կան, որոնք չեն աշխատում: Կետեր կան, որոնք ձևական են․ առարկայական չենք կարողանում դարձել: Ուզում ենք, որ օրենքը գործուն մեխանիզմ լինի: Ձևակերպումները պետք է հստակ լինեն, որ մեղվաբույծներին օգուտ լինի»,- նկատեց մասնագետը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մեղվաբուծության զարգացման ռազմավարությունն է մշակվում: Այս հարցում էլ իրենց կենտրոնը նույնպես իր փորձն ու գիտելիքները կներդնի:
Տիգրան Սեդրակյանի խոսքով՝ դեռ մի քանի անգամ էլ քննարկումներ կանեն, որից հետո կորոշեն ինչ փոխել և ինչպես: Պատրաստի տարբերակն արդեն կհանրայնացնեն:
2009 թվականին է ընդունվել «Մեղվաբուծության մասին» օրենքը, որով կարգավորվում է մեղվաբուծության ոլորտի կառավարմանը, մեղվաբուծական ապրանքների արտադրությանը և օգտագործմանը, մեղուների բուծմանը վերաբերող հարաբերությունների ողջ շրջանակը։
Օրենքը հստակեցնում է, որ փեթակները պետք է տեղակայվեն առողջապահության, մշակույթի, կրթության օբյեկտներից առնվազն կես կիլոմետր հեռու։ Սահմանված են նաև պահանջներ, այսպես կոչված, տոհմային փեթակների վերաբերյալ, որոնք պետք է տեղակայվեն այն տարածքներում, որտեղ 3 կմ շառավղով վերջին ութ ամիսների ընթացքում չեն հայտնաբերվել նոզեմատոզ և վարոատոզ, ամերիկյան և եվրոպական գանգրենա և մի շարք այլ հիվանդություններ։ Օրենքով սահմանվում է նաև մեղվապարսերի վաճառքի, փոխադրումների և արտահանման կարգը, ինչը թույլատրվում է, եթե, մասնավորապես, մեղուներն առողջ են, չեն տեղափոխվում մի շարք հիվանդություններով վարակված տարածքներից։
Արարատյան դաշտում մեղուների 60-70%-ը սատկել է «Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Նազարյանը չի մասնակցել քննարկմանը, բայց ողջունում է օրենքի լավարկումը: Նա շատ բան ունի պատմելու մեղվաբուծության ոլորտի ու խնդիրների մասին: Սկսում է օրակարգային և ցավոտ հարցերից:
«Հայաստանի մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահը ցավով տեղեկացրեց, որ Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70 %-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն եղել թունաքիմիկատներով դաշտերի ցողման մասին:
Նրա խոսքով՝ պետականորեն որևէ զգուշացում չի եղել մեղվաբույծներին գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի աշխատանքների մեկնարկի մասին, որպեսզի նրանք որևէ միջոցառում իրականացնեն:
«Ամեն մեկն իր ծանոթին է զգուշացրել, բայց մասսայական զգուշացում չի եղել։ Ծանոթներին ասել են, ով իմացել է, տարել է, ով էլ չի իմացել կամ չի հասցրել տանել, նրա մեղուները կոտորվել են։ Այս տարի հատկապես ահազանգերը շատ են եղել, որ մեղուները թունավորվել են, բայց որևէ բան հնարավոր չէր անել»,–ասաց Նազարյանը։
Մեղվաբույծը նշեց, որ մեղուների անկման դեպքերը տեղի են ունենում բավականին հաճախ, հատկապես գարնանային սրսկման սեզոնին:
Ինչ վերաբերում է մեղվաբուծության ոլորտի խնդիրներին, Նազարյանը նշեց, որ ամենալուրջ հարցերից մեկը մեղրի որակի հավաստագրումն է։
«Խոսքը էկո-սերտիֆիկացման մասին է, որի համար լուրջ գումարներ են պահանջվում։ Բայց մեղվաբույծը, այդքան գումար ծախսելով՝ չի կարողանա արդյունք ստանալ, հատկապես փոքր տնտեսություններում»,-ասաց փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մոտ 250 հազար մեղվաընտանիք կա, սակայն մեղվաբուծությունը մեր օրերում այնքան էլ ձեռնտու չէ։
Փորձագետը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ մեղվաբույծներին անտոկոս վարկեր էին տրամադրում, և շատերը օգտվել են դրանցից, սակայն այս տարվա հունվարի 1-ից անտոկոս վարկերի տրամադրման պետական սուբսիդավորումը վերացել է։
«Շատ մեղվաբույծներ հույս ունեին, որ սուբսիդավորում էլի կլինի, բայց, ավաղ, չեղավ։ Քանի որ սա սեզոնային բիզնես է, անընդհատ այդ վարկերը պետք են լինում, մեղվաբույծը գարունը վերցնում է, աշնանը փակվում»,- նշեց մեր զրուցակիցը։
Այժմ պետությունը մեղվաբույծներին օժանդակելու համար փեթակների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման լիզինգային ծրագիր ունի: Սակայն Նազարյանն աննպատակահարմար է համարում տարվա մեծ մասը պարապուրդի մատնված բեռնատար գնելը՝ հաշվի առնելով, որ տեխզննման և ապահովագրության ծախսերը գերազանցում են այն գումարը, որը մեղվաբույծները վճարում են փեթակների տեղափոխման համար:
Հայաստանում մեկ այլ սուր խնդիր է նաև մեղուների բուժման հարցը։ Նազարյանի խոսքով` մեղուների հիվանդության ախտորոշումն ու բուժումն այնքան թանկ է, որ նույնիսկ մեղվաբուծական ընտանիքին վաճառելով՝ մեղվաբույծը չի կարողանա վճարել։
Նազարյանը նշում է, որ իր թվարկած խնդիրները պետք է կարգավորվեն օրենքով: Նա այլ կետեր էլ է մատնանշում:
«Պետք է ձևավորվեն կրթության կենտրոններ, որ մեղվաբույծները կրթվեն: Սա այն գործը չէ, որ մի քանի մեղու պահես և ասես, որ գիտելիքներ ունեմ այդ ոլորտի մասին: Լուրջ մեղվաբուծության համար կենտրոններ են պետք»,-հավելեց Նազարյանը:
Մեղրի վաճառքի խնդիր կա Մեղվաբուծությունն անտեսված ճյուղ է եղել․ դժգոհում է մեղվաբույծ Հենրիկ Զաքարյանը և նկատում, որ միայն վերջին հինգ տարվա ընթացքում է պետությունը սկսել ուշադրություն դարձնել: Սպիտակցի մեղվաբույծին անհանգստացնում է հատկապես մեղրի իրացման հարցը:
«Մեղրի արտահանման խնդիրներ կան, պետք է արտոնվի: Անարատ մեղրի մեկ կիլոգրամը 3000 դրամով են ուզում գնել, շատերն էլ գերադասում են մեղրը պահել և ոչ թե այդ գնով վաճառել: Շատերը լացում են, որ պետությունն իրենց օգնի մեղրի արտահանման հարցում: Այստեղ մեղվաբույծը պետք է գրագետ աշխատի․ արտադրի այնքան, որ կարողանա իրացնել: Պետք է կենտրոնացված արտադրություն լինի, ինչպես նաև արտասահմանում: Շատ երկրներում մասնագիտացված մեղրի տնտեսություններ կան, մեկը միայն մեղրակաթ է արտադրում, մյուսը՝ մեղրահաց, և այլն: Կոնկերտ մեկ բան պետք է արտադրվի»,- կարևորեց նա:
Հենրիկ Զաքարյանը ևս առանձնացնում է այն խնդիրը, որ թունաքիմիկատների պատճառով մեղուներն անկում են: Նրա պնդմամբ՝ հենց այս հարցը պետք է օրենքի շրջանակներում կարգավորվի, որ մեղուները չսատկեն, և ոլորտն անկում չապրի:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան