Մեկ տարում Սիսիան խոշորացված համայնքի Գորայք բնակավայրի բնակիչ Կարեն Պետրոսյանը անասնագլխաքանակը կրճատել է 20 հատով. անցած տարվա 32 գլխի փոխարեն 12 խոշոր եղջերավոր է մնացել: Ագրոպրեսի հետ զրույցում անկեղծանում է,՝ ինքն էլ համագյուղացիներից շատերի պես ուզում է չարչարանքը նվազեցնել:
Նրա խոսքով՝ այսօր Գորայքի բնակիչների մեծ մասը հրաժարվել են անասնապահությունից:
Համայնքապետարանի տրամադրած տվյալներով՝ 2010 թվականից այստեղ 3, 5 անգամ անասնագլխաքանակը պակասել է: Այս տարվա տվյալներով՝ անցած տարվա 590 խոշոր եղջերավորի փոխարեն հիմա համայնքում 494 –ն է հաշվառված, 270 հատ էլ մանր եղջերավոր կա: Գորայքում հիշեցնում են՝ 7-8 տարի առաջ համայնքում միայն երկու հոգու 350 մանր կենդանի ունեին, իսկ ընդհանուր գլխաքանակը 2200-ի էր հասնում: Անասնապահությունից հրաժարվելու պատճառն, ըստ գյուղացիների, անասնակերի խնդիրն է ու կաթի գինը:
«Երեք տարի անընդմեջ երաշտ եղավ, մարդիկ ծախեցին անասուններին, երկու տարի առաջ կաթի գինը բարձրացավ, սկսեցին նորից անասուն պահել: Հիմա 130 դրամ է, նորից ծախեցին, որովհետև կովից ստացած եկամուտը ծախսում ենք իրա վրա: Կաթի մեկ լիտրը 140 դրամ է, կես լիտր ջրի գին չի էլի: Կաթի մեկ լիտրի ինքնարժեքը 115 դրամ է կազմում՝ հովիվի փողով, կերի և խոտի գումարը ներառյալ, 25 դրամը չնչին գումար է, որ մեզ է մնում: Կովին էլ 3 ամիս ես կթում»,- շեշտեց անասնապահը:
Անասնագլխաքանակի կրճատման պատճառներից է նաև արտագաղթը. Գորայքում 120 տնտեսությունից 65-ն է մնացել, գյուղում կենդանիներին վաճառել են և Երևան աշխատելու գնացել:
Կարեն Պետրոսյանը նաև նշեց, որ անասուն չկա, իսկ խոտի գին էլ մեկ հակը 500 դրամ է դարձել:
Թեև հստակ թվերով դեռ չեն հաշվարկել, բայց Աշոցքի ավագանու անդամ Արտուշ Մանուկյանի պնդմամբ՝ անասնագլխաքանակը կրճատվել է թե՛ խոշորի, թե՛ մանրի դեպքում:
«Ինչքան կաթի մթերման գինը բարձր է, այնքան անասնապահությունը շահութաբեր կլինի գյուղացու համար: Մսի գինն էլ է հիմա ցածր: Մարդիկ նախկին էնտուզիազմով անասուն չեն պահում, այլ գործ են գտնում՝ շինարարությունում են աշխատում, դրա համար էլ անասուն չեն ուզում պահել, ավելի հեշտ կյանքով են ուզում ապրել»,- նկատեց նա:
Դրախտիկում երինջներին մորթել են
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Դրախտիկի վարչական ղեկավար Միշա Առաքելյանը փաստում է, որ իրեննց մոտ էլ է անկում եղել. 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, որը նախորդ տարվա համեմատ 20-30 հատով քիչ է: Այս բարձր լեռնային գոտում այս սեզոնին գրեթե արևային օրեր չեն եղել, խոնավ եղանակի պատճառով խոտը գետնից չի բարձրացել: Հանրապետության այլ վայրերի համեմատ խոտը Դրախտիկում պակաս է: Վարչական ղեկավարն արձանագրում է, որ խոտի պատճառոց գյուղացիների զգալի մասը վաճառել են կենդանիներին:
«Խոտի մեկ հակը 1000 դրամ է, դե, եթե հաշվում ենք կաթի ինքնարժեքը վաբշե ցածր է լինում, մարդիկ, իմանալով, որ չեն կարողանալու պահել, ծախում են սաղ: Ջահել անասուն չկա գյուղում, մորթել են, կովի մսին գին չեն տալիս, դրա համար չեն վաճառում, ստիպված պահում են»,- ասաց նա:
Հայաստանում հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտը նախորդ տարվ նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4 տոկոսով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ բուսաբուծության ոլորտում աճը 10.6 տոկոս է, մինչդեռ անասնաբուծության ոլորտում աճն աննշան է՝ 0.1 տոկոս:
Անցել են էլեկտրական հովիվների օգտագործմանը
Անասնապահության միջոցով ապրող Ամասիա խոշորացված համայնքում ևս նվազում է եղել, այստեղ ավելի շատ մանր եղջերավորների թիվն է կրճատվել, քան խոշորներինը, սակայն, այդտեղ էլ կա զգալի նվազում: Ավագանու անդամ Նաիրա Աբրահամյանը հայտնեց, որ անասնապահության թիվ մեկ խնդիրը հիմա հովիվի բացակայությունն է: Ըստ Ամասիայի բնակչի՝ ոչ ոք հովիվություն չի ուզում անել:
«Բոլոր անասնատերերը հիմա հովիվություն են անում, որը շատ բաների է խանգարում: Անասուն ունեցողները հերթով կովերին ու ոչխարներին արոտ են տանում: Հիմա էլեկտրական հովիվներ ենն սկսել օգտագործել, բայց դա հիմնական մեթոդ չէ: Երկու օր առաջ, թեև էլեկտրական հովիվ կար, բայց գայլ էր մտել մեկի տարածք և մեկ մոզի էր կերել: Գյուղացիները հավաքվում են և ցանկապաատում են տարածքը, անասուն ունեցող ամեն գյուղացի այս տարի 60 հազար դրամ է հ ավաքել էլեկտրական հովիվների համար»,-հավելեց ավագանու անդամը:
Նրա փոխանցմամբ՝ հովիվ չլինելու պատճառով մարդիկ կով չեն պահում, ապրիլին մեկ ընտանիք ամբողջ անասնաֆերման վաճառել է և գյուղից Երևան հեռացել: Նաիրա Աբրահամյանն ասում է, որ գյուղի հովիվը ևս ընտանիքով գնացել է, նրան ամեն օր 10 հազար դրամ էին վճարում ոչխարն արոտ տանելու համար:
«Իրենք էլ կուզեն աղա լինեն, հովիվն էլ է ուզում, որ ինքն էլ հովիվ պահի, հիմիկվա հովիվը հովիվի է ման գալիս»,-մատնանշեց բնակչուհին:
Ի դեպ, հովիվների խնդրին օգոստոսի 22-ի կառավարության նիստին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գյուղերից մեկում էի, բոլորը ընդունում էին, որ գառների արտահանումը ամենաշահութաբեր ոլորտներից է, երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակը չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս հնարավոր անսպասելի պատասխանը, ասացին՝ հովիվների պրոբլեմ կա, չենք կարողանում հովիվ գտնել։ Այդքան հետազոտում ենք, ուսումնասիրում ենք, բայց մեկ է, պատասխանները պետք է կյանքից վերցնել, որ խնդիրներն ավելի լուրջ հասկանանք»,- ընդգծել էր վարչապետը:
Անասնագլխաքանակի կրճատման ֆոնին գործադիրը հաստատել է հանրապետությունում անասնաբուծության խթանմանն ուղղված երեք ծրագիր, որոնք կնպաստեն ոչխարաբուծության և անասնաբուծության զարգացմանը, կբարձրանա կենդանիների մթերատվության ցուցանիշները:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան