Շարունակվում է հացահատիկայինների բերքահավաքը Արրցախում
Փոխնախարարի համոզմամբ, «խելամիտ գտնվելու պարագայում» կարելի էր խուսափել կորուստներից: Եվ նա իր դիտարկումների համատեքստում բերքի կորստի երեք հիմնական պատճառ է նշում: «Կլիմայական անբարենպաստ պայմանները (մասնավորապես, երկարատեւ երաշտը), անշուշտ, բացասաբար են անդրադարձել ցանքատարածքների աճի վրա,- ասում է նա: - Բայց անհրաժեշտ է արձանագրել ոչ պակաս վճռորոշ նշանակություն ունեցող եւս երկու կարեւոր հանգամանք: Ուսումնասիրություններից պարզվել է, որ հողի սեփականատերերից եւ վարձակալներից շատերը ցանքը կատարել են ցածրորակ սերմերով, չեն պաշտպանվել խնամքի ու մշակման ագրոտեխնիկական պահանջները: Կարծում եմ, այդ ամենի անտեսումը դաս կհանդիսանա նրանց համար»:
Ըստ Վ. Ավետիսյանի, հանրապետությունում սկսված է եգիպտացորենի եւ արեւածաղկի բերքահավաքը: Նա չի շտապում «կանխատեսումներ անել», որովհետեւ «առաջին տոննաները նոր են դաշտից տեղ հասնում»: Բերքահավաքի ենթակա 2.377 հեկտար ցանքատարածքի ընդամենը 340 հեկտարն է հնձվել: Ընդ որում, մշակաբույսի «ավանդապահները» հիմնականում համարվում են Ասկերանի շրջանի հողագործները, որոնց ընդհանուրից բաժին է ընկնում ավելի քան 1270 հեկտարը: Մթերվել է 35 տոննա հատիկացու եւ 340 տոննա սիլոսացու զանգված: Հեկտարից միջին հաշվով (հատիկի դեպքում) 39 ցենտներ եգիպտացորեն եւ 68 ցենտներ սիլոս է ստացվում:
Վիճակագրական տվյալներով, այս տարվա բերքի տակ 1924 ցենտներ ցանքս է կատարվել: Հատկանշական է, որ այդ մշակաբույսի աճեցման առաջատարները դարձյալ ասկերանցիներն են: Այս անգամ ընդհանուր ցուցանիշի մեջ նրանց մասնաբաժինը 1053 հեկտար է: Համախառն բերքն առայժմ 256 տոննայի է հասնում:
Բերքահավաքին զուգահեռ երկրի հողագործները միաժամանակ նախապատրաստվում են աշնանացանին: Վ. Ավետիսյանը հավաստիացնում է, որ այս տարի նույնպես պետական աջակցություն կցուցաբերվի: Նրա խոսքով, առաջին հերթին կօգտվեն «կարգապահ հողօգտագործողները, ովքեր բարեխղճորեն կկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները: Նա եւս մի նորություն հայտնեց. հողօգտագործողն ինքը կկատարի սերմացուի ընտրությունը: Պետությունը կսուբսիդավորի երկիր ներկրվող էլիտա եւ առաջին վերարտադրության սերմերի արժեքի մի մասը: Գործընթացը սկսված է, գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով, ըստ ներկայացված հայտերի, «օգտատերերը» ձեռք են բերում ցորենի եւ գարու բարձրորակ սերմացու: Որպես առատ բերքի աճեցման նախադրյալ, փոխնախարարը կարեւորում է նաեւ հողի նախապատրաստումը ցանքին եւ ագրոմիջոցառումների ճիշտ կիրառումը:
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ք. Ստեփանակերտ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ