Գյուղատնտեսություն

Վարելահողերի 50%-ը չի մշակվում, 74%-ն էլ ոռոգման խնդիր ունի

Հայաստանում  գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողերի շուրջ  50%-ը նպատակային չի օգտագործվում։ Ամենաշատ անմշակ հողերը Վայոց ձորի մարզում են, այստեղ չեն օգտագործվում հողերի շուրջ 76%-ը՝ ավելի քան 19 հազար հեկտար հող, իսկ ամենաքիչ անմշակ հողերը Արարատի մարզում են։
image
image
Պատկերը մտահոգիչ է համարում  Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը։

«ՀՀ–ում գոյություն ունի շուրջ 2 միլիոն հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, վարելահող են շուրջ 444 հազար հեկտարը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, մասնավորապես վարելահողերը, վերջին տարիներին արդյունավետ չեն օգտագործվում»,– ասում է Իռա Փանոսյանը։

Էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունները ևս մեկ անգամ փաստել են․ գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունավետ չեն օգտագործվում ոռոգման ջրի պատճառով․ այն կամ չկա, կամ շատ քիչ է․

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոռոգման ջրի հասանելիության մակարդակը բավականին ցածր է։ Փաստացի ոռոգելի տարածքները շուրջ 117 հազար հեկտար են։ Սա շատ փոքր թիվ է ընդհանուր գյուղատնտեսական նշանակության՝ մասնավորապես վարելահողերի կազմում»։

ՀՀ–ում գոյություն ունի շուրջ 2 միլիոն հեկտար գյուղատնտեսական նշանակության հող

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյան
Խնդիր են նաև փոքր հողակտորները․ դրանց մակերեսը թույլ չի տալիս արդյունավետ գյուղատնտեսություն վարել և մեծ շահույթ ստանալ։ Հայաստանում մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում շուրջ 1.5 հեկտար հողատարածք, դրա 1 հեկտարը վարելահող է։

«Ընդ որում մինչև 0.5 հեկտար հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 42%-ը»,– մանրամասնում է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում հստակ և նպատակաուղղված քայլերի կարիք կա։  Հողը գյուղ ու երկիր է պահում, թեպետ կա վիճակագրություն․ աշխարհում ծայրահեղ աղքատների 80%-ը ապրում է գյուղերում և զբաղվում գյուղատնտեսությամբ։

«Հայաստանում պետք է կրճատել հետբերքահավաքային կորուստները, որը որոշ գյուղապրանքների պարագայում հասնում է մինչև 30%-ի։ Այսօր ամբողջ աշխարհում 4 միլիարդ մարդ ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատում է պարենային համակարգերում, որից 690 միլիոն մարդ թեր է սնվում, իսկ Covid համավարակի պայմաններում կանխատեսվում է, որ այս թիվը կավելանա ևս 100 միլիոնով»,– ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։


Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան
Էկոնոմիկայի նախարարությունը մշակվել է գյուղատնտեսության տնտեսական զարգացումն ապահովող 2020-2030թթ ռազմավարություն։ Դրա առաջնահերթություններից մեկը չօգտագործվող հողերի շրջանառմանը նպաստող միջոցառումներն են։

«Դեռևս չունենք հստակ գույքագրված տվյալներ, թե ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան կոնկրետ տարածքների համար, որ գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունավետ չեն օգտագործվում։ Այս առումով հայեցակարգային դրույթներից է, որպեսի սահմանվեն չօգտագործվող հողերի չափանիշները, և հանրապետության մասշտաբով դիտարկում և գույքագրում կատարվի հողերի չօգտագործման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների վերաբերյալ, որը հնարավորություն կտա ճշգրիտ տվյալների հիման վրա վարել արդյունավետ քաղաքականություն»,– ասում է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը։

Կարևոր  Է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի քարտեզագրումը՝ ըստ որակի․ դա թույլ կտա  ներդրում անելուց առաջ տեսնել,  թե որ տարածքում ինչ տեսակի ու գույնի հողեր կան։

«Մյուս գործիքը, որը էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է, գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերն են, որոնք արդեն մեկ տասնյակից ավելի են և նպատակաուղղված են ֆինանսական միջոցների հասանելիության միջոցով գյուղատնտեսական նշանակության հողերը մշակովի դարձնելուն»։

Պետական աջակցության ծրագրերը իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ՝ վարկային ծրագրեր, ծախսերի փոխհատուցման և սերմերի գների մասնակի սուբսիդավորման ծրագրեր։ Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են՝ այս ծրագրերը կնպաստեն, որ տարիներով չօգտագործվող հողերը դառնան մշակելի ցանքատարածքներ։
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search