Սյունիքի մարզի սահմանամերձ երկու գյուղի տնտեսություններին հասել է ՀՀ կառավարության կողմից տրամադրված 25 մոտոբլոկ՝ կցորդիչներով։ Դրանք հատկացվել ենԿապանի Ներքին Հանդ (12 հատ) եւ Կաղնուտ գյուղերին (13 հատ)։
Գյուղսարքավորումները տրվել են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․ իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաեւ գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։
Բացի սրանից, Կաղնուտի, Ներքին Հանդի ու Շիկահողի բնակիչներին 1000 հատ գաճաճ ընկուզենու, 600 հատ արքայանարնջի, 500 հատ խնձորենու տնկիներ են տրամադրվել։ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում մեկնարկած ծրագրերի աշխատանքները համակարգող, Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ ուսումնասիրվել են տարբեր գյուղերի առանձնահատկությունները եւ գյուղացիների կարիքները ու ելնելով դրանցից՝ տարբեր բնակավայրերում տարբեր նախաձեռնություններ կլինեն․ կոնկրետ այս սարքավորումների շնորհիվ նշված երկու գյուղերում հողի մշակումն ամբողջովին մեքենայացված կլինի, իսկ սա ոչ թե պետք է դիտարկել որպես օգնություն գյուղացիներին, այլ՝ գյուղատնտեսության զարգացում։