Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղատնտեսական ապահովագրության ժամկետները երկարաձգվել են։ Փորձնական ապահովագրման ընթացքում գործընթացը սկսեցին երկու մշակաբույսով, հիմա արդեն ապահովագրվում է 11-ը: Ապահովագրության փորձնական ծրագրի արդյունավետության թեմայի շուրջ Ագրոպրես-ը զրուցել է փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, գյուղատնտեսական ապահովագրման փորձնական ծրագրով ապահովագրվող մշակաբույսերի քանակն ավելացել է, արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ ապահովագրությունը պահանջարկ ունի ֆերմերների շրջանում:
Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ապահովագրական ընկերությունները նույնպես շահագրգռված չեն ապահովագրական պայմանագրերի թվի ավելացմամբ: Մեկ օրինակ նշեմ. տրանսպորտային միջոցների ապահովագրության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, և երբ ավտոմեքենայի ապահովագրության ժամկետը մոտենում է, գործող բոլոր ապահովագրական ընկերությունները զանգահարում են տվալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը՝ շահագրգռելով ապահովագրություն կատարել: Նույնը ես չեմ կարող ասել գյուղոլորտի մասին: 3 հեկտար խաղողի այգու սեփականատերը, որն այս տարի հրաժարվել է կրկին պայմանագիր կնքելուց, որևէ ապահովագրական ընկերություն չի հետաքրքրվել, թե ինչն է պատճառը:
Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ապահովագրական ընկերությունները նույնպես շահագրգռված չեն ապահովագրական պայմանագրերի թվի ավելացմամբ:
-Ի՞նչ պետք է անել, որ այս խնդիրը լուծվի:
-Այստեղ կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, մեծ խնդիր ունի անելու: Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այս կարևոր միջոցառումը չձախողի:
Գյուղացուն քիչ է հետաքրքրում, երբ խոսքը գնում է միայն ծախսերի ապահովագրության մասին: Շատ կարևոր է նաև բերքի, ինչպես նաև եկամուտի ապահովագրության կազմակերպումը: Ենթադրենք, թե գյուղացու կողմից կատարվող ծախսերը փոխհատուցվեցին, իսկ ինչո՞վ է այդ գյուղացին ապրուստ վաստակելու կամ գյուղատնտեսական վարկերը մարելու: Կարևոր է, որ աղետը գրանցվելուց հետո նախնական որոշակի գումար գյուղացուն վճարվի, բայց ամեն ինչ թողնվում է բերքահավաքի ավարտին: Այսինքն՝ գյուղացին գարնանը վնաս է կրում, բայց պետք է շարունակի լրացուցիչ ծախս կատարել ցրտահարության վնասները մեղմելու նպատակով:
-Նշեցիք, որ ապահովագրական ընկերությունները շահագրգռված չեն ավելացնելու կնքվող պայմանագրերի քանակը: Ինչո՞ւ ապահովագրական ընկերությունները պատրաստ չեն նման գործարքի:
-Պետությունը բավականին լուրջ մասնակցություն ունի ապահովագրության իրականացման գործընթացին, և դա չի կարող մշտապես լինել: Կգա ժամանակը, և պետությունը կդադարեցնի իր սուբսիդավորումը: Այդ դեպքում ավելի մեծ բեռ կընկնի գյուղացու վրա, և ծրագիրը կձախողի: Պետք է քննարկում անել ապահովագրական ընկերությունների հետ՝ հասկանալու, թե ինչու հետաքրքրություն չեն ցուցաբերում ծրագրի նկատմամբ: Պետք է քննարկումների միջոցով պարզել նաև, թե որտեղ է խնդիրը, և այդ ուղղությամբ աշխատել՝ ծրագրի հաջողության հասնելու համար:
-Իսկ այս դեպքում ճի՞շտ էր ապահովագրության իրականացումը մասնավոր ընկերություններին հանձնելը:
-Իհարկե, ապահովագրությունը պետք է մասնավոր ընկերությունը կատարի, բայց պետությունը տվյալ դեպքում 50-60 տոկոսով դերակատարություն ունի փորձնական ծրագրի կատարման հարցում: Այնպես որ, գործընթացն ամբողջությամբ մասնավորի վրա չի թողնված:
-Պարո՛ն Պետրոսյան, փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ ապահովագրությունն այդպես էլ փրկօղակ չեղավ:
- Փրկօղակ ինչպե՞ս կլինի, եթե 340000 գյուղացիական տնտեսություններից ընդամենը 1500 են ապահովագրական ծառայությունից օգտվել, այս թիվն անգամ տոկոս չի կազմում: Եթե թիվը փոքր է, խոսում է այն մասին, որ աշխատանքը վատ է տարվում: Սա միայն փորձնական առաջին քայլն է, և պետք է լուրջ աշխատանք տանել՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: Գյուղացու համար թանկ հաճույք չէ ապահովագրությունը, քանի որ պետությունը ևս սուբսիդավորում է կատարում: Եթե գյուղացին գարնանը ցրտահարության պատճառով 100 տոկոսով բերքը կորցրել է, կարելի է աղետը գրանցվելու ժամանակ 50 տոկոս ծախսերի փոխհատուցում տալ, իսկ մնացածը՝ վերջնահաշվարկը, կատարել աշնանը:
-Գյուղատնտեսության փորձնական ծրագիրը ծախսերի ապահովագրություն է, ոչ թե կորցրած բերքի: Ի՞նչ եք կարծում՝ ծրագիրն ավելի արդյունավետ չէ՞ր լինի, եթե ծախսի փոխհատուցման մեխանիզմից անցում կատարվեր բերքի ապահովագրության:
- Այդ բոլոր մեխանիզմները պետք է կատարել, եթե մեկն ուզում է ծախսերն ապահովագրել, թող այդ տարբերակն ընտրի, մյուսը՝ բերքն ապահովագրի:
Տարբեր մոտեցումներ պետք է ցուցաբերվեն: Պետք է ապահովագրության ծրագիրը պրոպագանդել, ինչը չի արվում: Պետք է ցույց տալ հաջողված օրինակը, որպեսզի մյուսներն էլ օգտվեն դրանից: Գյուղատնտեսության ապահովագրության գաղափարը շատ լավն է, դրանում կասկած չկա: Եթե ապահովագրվողների թիվն ավելանա, նոր կարձանագրենք, որ կա շահագրգռվածություն, հետաքրքրություն և աշխատանք: Ես վստահ եմ՝ ապահովագրության շահառուների թիվն էլի փոքր է լիելու:
Ծրագիրը հաջողության հասնելու համար պետք է շահել գյուղացիների վստահությունը: Ծախսերի փոխհատուցում տրվում է բերքահավաքից հետո, սակայն, պետք է գարնանը գոնե մասնակի փոխհատուցում տրվի: Երկրորդ՝ պետք է բերքի ապահովագրության մեխանիզմը կիրառել: Եթե գյուղացին հեկտարից ստանում է 1 մլն դրամ եկամուտ, 100 տոկոսով վնաս կրելուց հետո նա պետք է երաշխիք ունենա, որ կորցրած գումարը կարող է հետ ստանալ, ինչը չկա:
Հարցազրույցը՝ Մանյա Պողոսյանի