Գյուղատնտեսություն

Արարատյան դաշտի ջերմոցները՝ փակման վտանգի տակ

Տեղական արտադրողները խնդրի առաջ են կանգնած

 

Այս սեզոնին ջերմոցում աճեցրած բանջարեղենը ջրի գնով է վաճառվում՝ դժգոհում են ֆերմերները:

Նրանց խոսքով՝ երբևէ մայիսին ջերմատանն աճեցրած լոլիկի կիլոգրամը 600 դրամով վերավաճառողներին չեն հանձնել: Տեղական արտադրության լոլիկն այս օրերին շուկայում վաճառվում է կիլոգրամը 650 մինչև 800 դրամ: Վարունգն ավելի էժան է. որոշ առևտրային կետերում անգամ 80 դրամ է արժեքը:

Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակչուհի Արմինե Գևորգյանն անելանելի վիճակում է: Բանկից վարկ է վերցրել լոլիկ ու վարունգ աճեցրել, բայց այսօր չի կարողանում եկամուտ ստանալ: Ասում է՝ անգամ գազի գինը չի կարողանալու վճարել:

image

«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյան

image
«Ամեն ինչ թանկացել է, բացի գյուղացու բերքից: Մեկ լիտր ձեթի գինն արդեն 1300 դրամի է  հասել, բայց մեր ապրանքը գնալով էժանանում է: Ցածր գնով վաճառելու դեպքում ես նույնիսկ չեմ կարողանալու գազի գումարը վճարել: Եթե այսպես շարունակվեց,  ջերմոցները փակելու ենք»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց նա:

Ֆերմերները բողոքում են,  որ արտահանման ծավալները ևս նվազել են, ինչը լճացման պատճառ է դարձել:
Արմինե Գևորգյանը նկատեց՝ եթե անցյալ տարի Հայաստանից գյուղմթերք էր արտահանվում Արցախ, այս տարի ծավալները մի քանի անգամ  կրճատվել են:  Ռուսաստանի Դաշնությունն էլ հայկական գյուղմթերք չի գնում:  Անցյալ տարվանից, երբ «Ֆուդ Սիթի»-ին բոյկոտեց հայկական արտադրանքի վաճառքը, այնտեղ այլևս  պտուղ- բանջարեղեն չի ուղարկվում:  Ըստ ֆերմերի՝ գյուղմթերքի ցածր գները մյուս  կողմից էլ  պայմանավորված են ներկրումներով:

«Ամբողջ ձմռան ընթացքում և հիմա Պարսկաստանից բանջարեղեն է ներմուծվում: Ես տեղեկություններ ունեմ, որ  Պարսկաստանի Թավրիզ քաղաքից ադրբեջանական ծագմամբ գյուղմթերք է մեր երկիր մտնում: Այդ շրջանում ադրբեջանցիներն են լոլիկի  առևտրով զբաղվում:  Պարսիկներն իրավունք ունեն մեր հանրապետություն մտնեն և  ֆուռերով ապրանք բերել, իսկ  մենք իրենց երկիր՝ ոչ: Ներկրումների պատճառով սմբուկի կիլոգրամը 700 դրամով ենք վաճառում»,- զայրացավ հողագործը:

Չնայած մեր երկիր թուրքական վերջնական սպառման ապրանքների արգելքին, այնուամենայնիվ, թուրքական ծագմամբ գյուղմթերք է Հայաստան մտնում:

Ձմռան շրջանում լոլիկների ծաղիկների վիժեցում տեղի ունեցավ՝ արև չլինելու պատճառով: Ինչքան ուզում ես ջերմոցը տաքացրու, եթե արև չեղավ, ծաղիկը չի բեղմնավորվում, և պտուղը չի հասունանում

«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյան

Պետական կառույցը հաստատում է, վաճառողները՝  հերքում

ՀՀ սննդամթերքի  անվտանգության  տեսչական մարմնի փոխանցած տվյալներով՝  միայն մարտի 1-ից  մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Իրանից ներկրվել է 6611 տոննա, իսկ Վրաստանից թուրքական ծագման 174 տոննա բանջարեղեն:
Թեև պաշտոնական տվյալները ևս փաստում են, որ  հարևան երկրներից թուրքական ծագման բանջարեղեն է ներկրվում, սակայն, վաճառողները հակառակն են պնդում:
«Մեր տեղական ապրանքն է: Դրսից ապրանք ձմռանն է բերվել, հիմա չկա: 100 տոկոս մերն է ու որակյալ»,- հավաստիացրեց վաճառողը:

Ոտնահարվում են սպառողի իրավունքները


Իսկ սպառողների կարծիքները միանշանակ չեն բանջարեղենի վերաբերյալ։
Սպառողներից Մարինե Իվանյանի պնդմամբ՝ երբևէ ներկրված բանջարեղեն չի գնում։ Ասում է՝ հատկապես հարևան երկրներից դժվար թե որակյալ ապրանք բերեն Հայաստան։
«Չեմ գնում դրսից բերված ոչ մի ապրանք։ Ես վախենում եմ, քանի որ վստահ չեմ, որ լավ բանջարեղեն է ներմուծվում։ Ավելի լավ է մի քիչ թանկ վճարեմ, բայց մեր տեղական արտադրանքը գնեմ»,- նշեց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ պետք է պետությունը մտածի տեղական ապրանքների արտադրության զարգացման մասին, այս կերպ թե՛ արտադրողը կշահի, թե՛ սպառողը, քանի որ ոչ որակյալ ապրանք դրսից բերելով՝ ոտնահարվում են սպառողի իրավունքները։
Մեկ այլ քաղաքացի էլ, որն այդ պահին  բանջարեղենի կրպակից գյուղմթերք էր գնում, միջամտեց մեր խոսակցությանն ու ասաց․  «Ամեն ինչ կախված է գնից։ Ես գումարին եմ նայում և գնում եմ այն ապրանքը, որն ավելի էժան է»։

Աջակցություն են պահանջում

Ներկրումների հարցով նաև գյուղատնտեսությամբ զբաղվողները պետական միջամտություն են ակնկալում: Դարակերտցի ֆերմեր Արմեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է ներմուծվող բանջարեղենի ավելացված արժեքի գինը բարձրանացել, որպեսզի իրենք կարողանան դիմակայել մրցակցությանը:
«Լոլիկի ինքնարժեքը գյուղացու վրա նստում է 500- 600 դրամ: Այս տարի կիլոգրամը 600-650 դրամով ենք վաճառել, որը մեր ծախսերը չի փակել: Պարսկաստանում, Թուրքիայում էներգակիրներն էժան են, մաքսատուրքերն էլ քիչ են վճարում, և մի կիլոգրամ լոլիկն իրենց վրա նստում է 300-350 դրամ, և այստեղ 400 դրամից սկսած վաճառում են: Այս պայմաններում աշխատելու դեպքում տեղական արտադրողը շուկայից դուրս է մղվում»,- մտահոգվեց մեր զրուցակիցը:
Ըստ  հողի մշակի՝ եթե ներկրումներն ու արտահանումը ճիշտ կազմակերպվեն, գյուղացիները կարող են պլանավորել իրենց արտադրությունը, և շուկայում ոչ մի ապրանքի դեֆիցիտ չի լինի:

Արարատյան դաշտում ջերմատուն դնելը «հիմարություն» է

Ներկրումների ավելացված արժեքի հարկը բարձրացնելու պահանջով  «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը պատրաստվում է դիմել Էկոնոմիկայի նախարարությանը:
Նրա դիտարկմամբ՝  գազի սակագինն էլ  դոլարի փոխարժեքով  պայմանավորված՝ 20 դրամով բարձրացել է, ինչը ջերմոցային բիզնեսը ոչ եկամտաբեր է դարձնում Արարատյան դաշում: Փորձագետը այլ խնդիրներ էլ է մատնանշում:
«Ձմռան շրջանում լոլիկների ծաղիկների վիժեցում տեղի ունեցավ՝ արև չլինելու պատճառով: Ինչքան ուզում ես ջերմոցը տաքացրու, եթե արև չեղավ, ծաղիկը չի բեղմնավորվում, և պտուղը չի հասունանում»,- շեշտեց նա:
«Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահի համոզմամբ՝ ջերմոցային  տնտեսություններն Արարատյան դաշտից պետք է տեղափոխել լեռնային շրջաններ՝ այս կերպ լուծելով նաև սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի խնդիրը:
«Արարատյան դաշտում ջերմատուն դնելը «հիմարություն» է, որովհետև արևոտ օրերը քիչ են: Օրինակ՝ Սևան խոշորացված համայնքի Գագարին բնակավայրում տարեկան մոտ 320 արևոտ օրեր են լինում, իսկ Արարատյան դաշտում՝ ամիսներով մառախուղ: Արև չեղավ, ծաղիկը չի պտղավորվում: Դրա համար էլ նաև գազը շատ են վառում, և բերքի ինքնարժեքը թանկ է նստում: Այս տարբերակով բերք մշակելը ձեռնտու չէ»,- եզրափակեց Պողոս Գևորգյանը:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search