Գյուղատնտեսություն

Շիրակում կարտոֆիլի ցանքսերը նվազել են

Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի ցանքերը նվազել են, պատճառը մարդկային ռեսուրսի պակասն է և իրացման ցածր արժեքը։
Նախորդ տարի ավելացել էին կարտոֆիլի ցանքատարածությունները մարզում, ապահովվել էր բարձր բերքատվություն։ Սակայն իրացման հետ կապված խնդիրներ էին ծագել։

Արծրունի Իգիթյան

image

Վարդան Իկիլիկյան

image
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանի փոխանցմամբ՝ համավարակով պայմանավորված՝ 2020-ին գյուղացիներն արտագնա աշխատանքի մեկնել չեն կարողացել, փոխարենը տեղում հող են մշակել։ Գյուղացիներն էլ ավելացնում են՝ վարկ են վերցրել, կարտոֆիլ մշակել, բայց որոշ տեղերում կարկուտն է բերքը վնասել, մի մասում էլ ստացված բերքը վաճառել չեն կարողացել և արդյունքում տուժել են։

Բոլոր արտադրողների մոտ էլ դեռ բերք մնացել է, և իրացումը բավական էժան է եղել

Կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող Գևորգ Հովհաննիսյան

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը Ագրոպրես-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 4-5 տարում համայնքի բոլոր բնակավայրերում էլ սկսել են կարտոֆիլ մշակել, թեև հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է։
Նախորդ տարի մեր համայնքում կարտոֆիլի մշակությունը շատ վատ էր, կարկուտը խփեց՝ դեռ չհասունացած, բերքատվությունն ընկավ։ Իրացման գինն էլ շատ ցածր էր, - ասում է համայնքի ղեկավարը։
Ախուրյանում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող Գևորգ Հովհաննիսյանը մեզ փոխանցեց՝ նախորդ տարի բերքի մոտ 25%-ի կորուստ է ունեցել կարկուտի հասցրած վնասից։ Այս տարի էլ փորձել է ցանքսերը պահել։ Ասում է՝ բոլոր արտադրողների մոտ էլ դեռ բերք մնացել է, և իրացումը բավական էժան է եղել․ «1կգ-ը 60 դրամով ենք արտահանել, տեղական շուկայում էլ 80-90 դրամով է վաճառվել, դա շատ ցածր գին է։ Մարդիկ շատ են տուժել։ Ես մեծ տարածք եմ մշակում, դրա շնորհիվ ինձ մոտ ֆինանսական կորուստը շատ չի զգացվել, բայց շատերը իսկապես տուժել են, ծախսը հանել չեն կարողացել»։
Շիրակի մարզում կարտոֆիլի արտադրության ամենամեծ ծավալներն ապահովում է նաև Ազատան համայնքը, որտեղ նույնպես ցանքսերն այս տարի մոտ 20հա-ով նվազել են։ Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը նշում է, որ նախորդ տարի բավական շատ է մշակվել, բայց նորից իրացման խնդիրն է առկա։
Ֆերմերների մոտ հիմա էլ պարենային ու սերմնացու կարտոֆիլ կա։ Շատ ցածր գնով կարողացանք արտահանել Ռուսաստան, բայց դա էլ հարցի լուծում չէ։ Մեր սերմնացուի զգալի մասը նաև սպառվում էր Արցախում, բայց այս տարի այնտեղ էլ հող չի մշակվում, - ասում է համայնքապետը։
Թեև կարտոֆիլի ցանքսերը մարզում այս տարի նախորդի համեմատ պակասել են, սակայն մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը դեռ հույս ունի, որ մարդիկ կավելացնեն ծավալները, քանի որ այս տարի էլ առավելություն կա՝ տնկանյութը շատ է ու մատչելի։

Հեղինակ՝ Մարիամ Խալաթյան 

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search