Գյուղատնտեսություն

Ցորենի բերքի զգալի անկում է արձանագրվել

Երաշտն իր «սև»  գործն արել է

Շիրակի մարզում ցորենի բերքահավաքն է ընթանում, բայց ֆերմերի սիրտը կախ է: Պատճառը բերքատվության ցածր ցուցանիշն է:
Մարզում այս տարի հացահատիկի բերքի ծավալի զգալի անկում է արձանագրվել, Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի գնահատմամբ՝ բերքը պակասել է մոտ 20-30 տոկոսով:

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյան

image

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյան

image

ֆերմերային շարժում հկ նախագահ Սարգիս Սեդրակյան

Image
Մարզում գյուղատնտեսական տարին բավական անբարենպաստ էր:
Նախորդ տարի ցորենի ցանքատարածություններից հեկտարից  50-60 ցենտներ բերք են ստացել, այս տարի նույնիսկ լավագույն դեպքում միայն 30-40 ցենտներ կարող են հավաքել:

Ցանքատարածությունների 18 000 հեկտարը ցորենն է զբացենում, 150-ով էլ նախորդ տարվանից ավել են ցանքս արել:
Շիրակը համարվում է հանրապետության հացահատիկ ապահովող հիմնական մարզը: Ախուրյանի ու Արթիկի տարածաշրջանների ջրովի հողատարածքներում մշտապես բարձր բերք է ստացվել: Մանուկյանի պնդմամբ, սակայն,այս տարի նույնիսկ այդ տարածքներում է երաշտն իրեն զգացնել տվել:
«Անջրդի արտերից հեկտարից 5- 10 ցենտներ ցորեն ենք հավաքելու: Համայնքներից գրություններ եմ ստացել, որ երաշտի պատճառով ցորեն չեն ստացել: Սարակապ համայնքում հնարավոր չէ անգամ բերքահավաք իրականացնել»,-Ագրոպրեսի հետ զրույցում նշեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Վիճակն ավելի սարսափելի է գարու դեպքում: Հունիսին գրեթե ոչ մի կաթ անձրև չտեսած 800 հեկտար անջրդի հողատարածքներում գարի չկա:
 Նման պատկեր է Բագրավան բնակավայրում, որտեղ, ի տարբերություն մյուս համայնքերի, ամենաշատն են հացահատիկ աճեցնում:
 «600 հեկտար ցորեն ենք ցանել, բայց ահավոր երաշտի պատճառով շատ վատ վիճակ է: Արտեր կան, որտեղ բերքահավաք չի էլ իրականացվելու: Նախորդ տարվա համեմատ 200 հեկտարով ավել ենք գարի, ցորեն ցանել: Մարդիկ վարկեր վերցրեցին, որ հիմա չեն կարողանալու փակել: Անգամ գարու ծախսը չեն կարողանալու փակել»,-ներկայացրեց Բագրավանի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանը:

Ախուրյանի խոշորացված համայնքներում, որտեղ կարող են ջրել, ցորենի բերքատվության միջին ցուցանիշ կստանան, չոռոգվող տարածքներից հացահատիկի բերքն աննախադեպ ցածր ցուցանիշ ունի:
«Ջրառատ համայնքը, Այգաբացը, Բասենի տարածաշրջանն անջրդի են:

600 հեկտար ցորեն ենք ցանել, բայց ահավոր երաշտի պատճառով շատ վատ վիճակ է: Արտեր կան, որտեղ բերքահավաք չի էլ իրականացվելու

Բագրավանի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյան

Հետևաբար, այստեղ տեղեր կան, որտեղ կոմբայն չի մտնի: Ջրովի տարածքների դեպքում էլ ծայրամասերը ջուր չի հասել, բերքը նույն վիճակում է հայտնվել: Այսօր խոսել լուրջ բերքատվությունից անիմաստ է: Լավագույն դեպքում ջրովի տարածքներում հեկտարից 30 տոկոս ցորեն կստանանք»,-փոխանցեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:
Ցորենը եկամտաբեր մշակաբույս չէ. ծախս քիչ է պահանջում, բայց նույնիսկ բերքատվության բարձր ցուցանիշի դեպքում է եկամուտը նվազ: Համայնքի ղեկավարը միջազգային փորձն է մատնանշում, երբ ցորեն ցանելու համար պետական աջակցություն  է տրամադրվում: Մեր երկրում  անցյալ տարվանից սուբվենցիոն ծրագրերով ցորենի էլիտար սերմնացու են ձեռք բերել: Ակնկալում էին պահեստներն առատ ցորենով լցնել, բայց եղանակային պայմանները թույլ չեն տալիս:

«Քանի որ ցորենը եկամտաբեր չէ, ԱՄՆ-ում, օրինակ, պետությունը գյուղացուն լրացուցիչ գումար է հատկացնում: Մեզ մոտ դա սերմերի տեսքով եղավ: Էլիտար սերմը կիլոգրամը 160 դրամով են գնել: Ժողովուրդը շատ գոհ է»,- նշեց նա:
 Հուլիսի վերջին կոմբայնը Գեղարքունիքի մարզի ցորենի արտեր կմտնի: Այստեղ ևս բերքատվությունից գոհ չեն:
Այս տարի նախորդների պես Գեղամաբակ բնակավայրում ցորենի ռեկորդային բերք չեն ստանա: Երաշտն իր հետևանքները նաև այս մարզում է թողել:
 «Որ տարածքները չեն ջրվել, շատ վատ վիճակ է: 30 հեկտար ցորեն ենք մշակել, բայց արդյունքից դժգոհ ենք: Ոռոգման ջուրը շատ չէ: Անցյալ տարի լավ բերք ենք ստացել: Ոռոգումից բացի, պետք է օդում խոնավություն լինի, որ բույսն աշխատի»,- ասաց վարչական ղեկավար Վարդան Սաղաթելյանը:
Ամենաշատը, սակայն, Գեղամաբակի բնակիչների կարտոֆիլի բերքն է անհանգստացնում:
 Երաշտի պատճառով կարտոֆիլի բերքն էլ ցորենի ճակատագրին է արժանանալու: Վարդան Սաղաթելյանի խոսքով՝ կարտոֆիլի բերքատվության ցուցանիշը ևս կրճարտվել է:
Հին գյուղտեխնիկայի պատճառով են նաև գյուղացիները հացահատիկի բերքի կորուստ ունենում
Ցորենի բերքը շատ վատ վիճակում է, իր հերթին նշեց  «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Նա ընդգծեց, որ ցորենի բերքով Հայաստանն ինքնաբավ չէ:
«Իմ հետազոտություններով՝ Հայաստանի և Արցախի հացահատիկի ցանքատարածությունները մեր երկրի ցորենի պահանջարկի մոտ 75 տոկոսն է կազմում: Բնականաբար, մնացածը պետք է ներկրենք: Արցախի ցորենի բերքի 30-35 տոկոսը չկա: Արցախում հսկայական տարածքներում ցորեն են մշակել, որի մի մասը սպիրտ էր դառնում»,- ավելացրեց փորձագետը:

Բացի այս, ըստ Սարգիս Սեդրակյանի՝ հնամաշ գյուղտեխնիկայի պատճառով են նաև գյուղացիները հացահատիկի բերքի կորուստ ունենում:
 «Մեր կոմբայների մեծ մասը հնամաշ է: Բերքահավաքի եռուն շրջանում փչանում են, կոմբայնավարը պետք է ժամանակ ծախսի նորոգման վրա: Այդ ընթացքում կարող է բերքը հասունանալ և հատիկը թափվել: Տեխնիկան քիչ է, հունձի ժամանակ կոմբայնը մի գյուղից մյուսն է գնում: Այդ ընթացքում նույնպես բերքը մնում  է, քաղելու համար պիտանի չի լինում: Տեխնիկայի պատճառով ցորենի բերքի 40 տոկոսի կորուստ է լինում: Կոմբայները նորմալ հունձ չեն կարողանում կատարել, յոլա են տանում»,- եզրափակեց նա:
 

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search