«Այս տարի 2500 հատ ծառ եմ տնկել, որից արդեն 1500 -ը չորացել է՝ ջուր չլինելու պատճառով: Մարտ ամսին եմ տնկել, մարտից մինչև հիմա մի ամգամ են ջուր տվել, որ ջրեմ: Տնկիների վրա 3 մլն դրամ եմ ծախսել, որից մնացել է 30 տոկոսը: Դա էլ կչորանա, մի ամիս ջուր չեն տա՝ կչորանա: Ու հարց է առաջանում՝ ինչու ենք մենք այսքան չարչարվում: Ուզում ենք զարգացնել գյուղատնտեսությունը, բայց ինչքան էլ ուզենք՝ չի լինում»։
Այս չորային տարում, երբ սարերում խոտ չկա, իսկ անասնապահները սկսել եմ մորթել խոշոր եղջերավորներին՝ Էջմիածնում ոռոգման ջրի պատճառով առվույտի դաշտերը չորացել են: 10 հա ցանքատարածքից Խաչատուր Հովսեփյանը միայն 3 հա-ից է կարողացել մեկ անգամ խոտ քաղել, 7 հա-ը՝ չորացել է.
«Այս հողակտորը 3 հա է, սրանից ես մեկ անգամ քաղել եմ 1200 հատ հակ խոտ: Հիմա խոտի միջին գինը 1500 դրամ է: Ես 7 հա-ից խոտ ընդհանրապես չեն քաղել: 3 հա-ի վրա առվույտը ջրել եմ 2 անգամ՝ 5-ի փոխարեն: Եթե պահանջված ջուրը տային՝ ես արդեն երկրորդ անգամ կքաղեի»։
Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի պատճառով խոտը չորանում է, իսկ լեռնային շրջաններում խոտի մեկ հակը գնում են 2000 դրամով: Շիրակի մարզի Ջրափի գյուղից Գագիկն Արմավիրի մարզ էր եկել խոտ տանելու.
«Ահավոր վիճակ է: Վարկ ենք վերցնում, որ անասնակեր առնենք, 1 տուկը հասել է 2000 դրամի»։
Ջուրը սակավ է եղել, չենք կարողացել բավարարել, պիկ է առաջացրել: Հիմա գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ պիկը վերացնենք
Արդեն 2 շաբաթ «Էջմիածին ՋՕԸ»-նը վերականգնել է ոռոգման ջրի մատակարարումը, բայց քիչ քանակությամբ, ջրի կորուստները շատ են: Խաչատուր Հովսեփյանը մի քանի անգամ չափումներ է իրականացրել ու պարզել.
«Մայր առվից մինչև իմ հողամաս 3.5 կմ է: Եթե 100 լ/վրկ ջուր բաց թողնեն, այդ ջուրն ինձ կհասնի 30լ/վրկ: 100 անգամ չափել ենք, այսինքն՝ 70 տոկոս կորուստ ունի, որովհետև առուները վնասված են, նաև գոլորշիանում է»։
Էջմիածնի «Քյավթառաձոր» կոչվող հանգույցի ջրբաշխ Արտակ Քոչարյանն ասում է, որ անցած ամիսներին ոռոգման ջուր ունեցել են, բայց քիչ քանակությամբ, չեն կարողացել բավարարել ջրօգտագործողների ոռոգման պայմանագրային պահանջները
«Ջուրը սակավ է եղել, չենք կարողացել բավարարել, պիկ է առաջացրել: Հիմա գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ պիկը վերացնենք»։
Վնասի փոխհատուցման համար Խաչատուր Հովսեփյանը դիմել է «Էջմիածին ՋՕԸ »: Հանձնաժողովը եկել, արձանագրել է, բայց որոշում դեռ չեն կայացրել
«Երեք հոգով եկան, որպեսզի գնահատեն վանսը: Ինձ մեղադրեցին սխալ մշակաբույս աճեցնելու համար: Գիլասի ծառ եմ տնկել, իրենց ասելով գիլաս չպետք է տնկեի: Ի՞նչ պետք է ես անեի, որ 1ամիս ու կես չջրելու դեպքում մնար: Եթե գիլասի ծառ չէի տնկել, ծիրանի ծառ էի տնկել՝ ի՞նչ տարբերություն: Անհնար է, որ նորատունկ այգին ամիսուկես չջրվի ու մնա»։
«Էջմիածին ՋՕԸ»-ան տնօրեն Արամ Սարգսյանը դժվարացավ ասել, թե քանի դիմում-բողոք կա փոխհատուցման պահանջով, բայց հիմա քննարկման փուլում են․
«Առանձնապես դիմում-բողոքները շատ չեն: Ճիշտն ասած՝ գնում, նայում, տեղում արձանագրում են: Քննարկման փուլում են, ես չեմ կարող ասել, որն ինչ ընթացք ունի, որն է փչացել, որը չէ: Կան 1-2 դեպքեր, որ վնաս են կրել ջրի պատճառով»։
«Էջմիածին ՋՕԸ»-նում դիմումները քննարկելու են ջրօգտագործողների հետ միասին, իսկ ջրօգտագործողները պահանջում են վնասի փոխհատուցում: Խաչատուր Հովսեփյանը վստահ է, որ չի փոխհատուցվի կրած մեծ վնասը, բայց չի դիմելու դատարան, քանի որ նախորդ տարում փորձել է ու արդյունքի չի հասել: Մի բան հստակեցրել է. ջրավազան է կառուցելու և հորի ջրով ամբարելու: Չորացած ծառերի փոխարեն կեռասի նոր տնկիներ է դնելու:
Աղբյուր Հանրային Ռադիո