«Խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյան
- Պարո՛ն Սարգսյան, որոշ հաշվարկներով՝ այս տարի խաղողի բերքն այդքան էլ առատ չէ: Ձեր հաշվարկով՝ նախորդ տարվա համեմատ խաղողն առա՞տ է, թե՞ ոչ:
-Խաղողը հասունացման փուլում է: Այս պահին շատ կարևոր է, որպեսզի այգիները ոռոգվեն: Աստված չտա, որ ոռոգման ջրի հետ խնդիրներ առաջանան, այն շատ վատ կանդրադառնա պտղալիցքի վրա: Իսկ նման մտահոգություններ կան, քանի որ որոշ շրջաններում ոռոգման ջուրը պակաս է, տարին էլ չորային է: Եթե մինչև սեպտեմբերի առաջին տասնօրյակը ոռոգման ջրի խնդիր չլինի, բերքի ցուցանիշներից խաղողագործը դժգոհ չի լինի:
-Բայց խաղողագործների պնդմամբ՝ գարնանային անձրևները, որոշ շրջաններում նաև գրանցած ցածր ջերմաստիճանն ազդել են բերքատվության վրա: Արդյո՞ք եղանակային պայմանների պատճառով խաղող քիչ կլինի:
-Արմավիրի մարզի հատկապես Արմավիրի տարածաշրջանի մի քանի համայնքներում խաղողը դեղնել է: Գիտականորեն դեռ ապացուցված չէ, թե դա ինչ հիվանդություն է: Այս խնդիրը վազի և պտղի հետագա զարգացման վրա ազդել է, ինչն իր հերթին ազդել է նաև բերքատվության ցուցանիշի վրա: Այդ խնդրի պատճառով բերքի զգալի կորուստ է արձանագրվել: Ցրտահարությունից և անձրևներից բերքը չի տուժել Արարատի և Արմավիրի մարզերում:
Տեղեկացնեմ, որ այս տարի խաղողի բերքատվության ցուցանիշը միջինից բարձր է: Ես դեռ մոտավոր հաշվարկներ չունեմ, թե քանի տոննա խաղողի բերք է սպասվում:
Սակայն կարող եմ արձանագրել, որ նախորդ տարվա համեմատ բերքը մի փոքր պակաս կլինի:
- Խաղողագործների որոշ մասն արդեն իսկ մտավախություն ունի, որ մթերման խնդրի առաջ հայտնվելու վտանգ կա, չեն բացառում նախորդ տարվա իրավիճակի կրկնությունը: Ըստ Ձեզ՝ տեղի՞ն են մտահոգությունները, որ հնարավոր է խաղողի մթերման գները նվազեն:
- Այս տարի էլ հուլիսի դրությամբ խաղողագործության ոլորտում ունենք նույն խնդիրները, ինչ նախորդ տարիներին: Այդ խնդիրը հետևյալն է, որ խաղողագործի և մթերող ընկերությունների միջև չկան կնքված իրավական փոխշահավետ պայմանագրեր: Փոխշահավետ պայմանագրերի բացակայության պատճառով էլ հնարավոր է՝ ցանկացած տեսակի խնդիրներ առաջանան, քանի դեռ այս ոլորտը համակարգված չէ:
Պատկան մարմիններից ոչ ոք ո՛չ խաղողագործի տեղը գիտեն, ո՛չ խաղողի, ո՛չ էլ ոռոգման ջրի
- Յուրաքանչյուր տարի այս խնդիրը բարձրաձայնում եք: Ինչո՞ւ չի կարգավորվում այս հարցը:
- ՀՀ իշխանավորներին այսօր ձեռնտու չէ, որ խաղողագործը լավ ապրի, իր մի կտոր հողից եկամուտ ստանա: Այո, այս տարրական հարցը տարիներ շարունակ չի լուծվում: Ներկա իշխանությունը 3-4 տարի առաջ ասում էր՝ կամք չի դրսևորվում՝ խաղողագործությունը խթանելու համար, հիմա ինչո՞ւ իրենք կամք չեն դրսևորում: Պատկան մարմիններից ոչ ոք ո՛չ խաղողագործի տեղը գիտեն, ո՛չ խաղողի, ո՛չ էլ ոռոգման ջրի: Չեն մտածում խաղողագործության զարգացման, խաղողագործի պայմանների և օրենքի բարելավման մասին: Կամք չեն դրսևորում՝ խաղողագործությունը զարգացնելու և մթերման հարցը կարգավորելու համար: Պետք է խաղողագործությունը և գինեգործությունը միայն խոսքով գերակա ճյուղ չճանաչեն: Ոլորտն իրական քայլել է պահանջում:
- Նախորդ տարի խաղողի մթերման գինը նվազեց 30-50 դրամով: Արդյո՞ք այս տարի էլ մթերող ընկերությունները կիջեցնեն մթերման գինը:
-Հնարավոր է՝ նույն իրավիճակը ստեղծվի: Խաղողի մթերման գործընթացը շղթա են դարձրել և խաղողագործին ամեն տարի նույն շղթայի մեջ պահելով՝ մթերման գինն արհեստականորեն նվազեցնում են: Խաղողը գինեգործության մեջ պետք չէ: Գինեգործության և կոնյակագործության մեջ խաղողի փոխարեն այլ հումք է օգտագործվում: Մի քանի տարի է՝ նույն սցենարն է կրկնվում: Սկզբից գործարանները խնդիրներ են ստեղծում, խաղողի մթերման գինն իջեցնում են, ինչպես նախորդ տարի էր, երբ մթերման գինը դարձրեցին 70 դրամ: Խաղողագործն ինքնարժեքից ցածր գնով բերք մթերեց:
- Կառավարությունը խաղողի մթերումը կազմակերպելու նպատակով վերամշակող ընկերություններին 2 տարով անտոկոս արտոնյալ վարկեր է տրամադրում: Այս ծրագրով հնարավո՞ր կլինի խաղողի մթերումն անցնցում կազմակերպել:
-Այդ ծրագիրը չարդարացրեց: Շատ վերամշակող ընկերություններ կառավարությանը դիմում են և խնդում, որ իրենց վարկային պարտավորությունները մեկ տարի էլ երկարաձգեն, որ «բանկրոտ» չլինեն:
Շատ ընկերություններ կանգնած են այդ փաստի առաջ, բայց չեն ընդառաջում, և նրանց պահանջները չեն կատարվում: Խաղողագործության ոլորտն ինքնաքայքայվում է:
Այս ոլորտում դեռ արատավոր երևույթները չեն վերացել՝ հավելագրումները, խաղողի մթերման թվերի կեղծումը:
- Իսկ խաղողի այգիների քարտեզագրումը հնարավորություն չի տալի՞ս այս երևույթների դեմ պայքարել:
- Պետական բյուջեի և դրամաշնորհների հաշվին կատարվում է խաղողի այգիների քարտեզագրում: Փողեր ծախսեցին և կյանքի են կոչում այդ ծրագիրը: Չեմ կարծում՝ քարտեզագրմամբ խաղողագործության ոլորտում բարելավում կատարվի: Քարտեզագրել են և տեղեկացել, թե ՀՀ-ում քանի հեկտար խաղող կա, դա ոլորտի համար նշանակություն չունի: Մեր հանրապետութունում կա 17000-18000 հեկտար խաղող:
-Մթերման սեզոնին ընդառաջ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների և կոնյակագործների հետ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիրների շուրջ պետք է քննարկումներ կատարվեն:
-Մեկ խնդիր ունենք. Հայաստանում գինին և կոնյակը պետք է արտադրվեն միայն խաղողով: Եթե այս հարցում Վահան Քերոբյանը կարողանա հսկողություն սահմանել, մեզ մոտ մթերման խնդիր չի առաջանա: Պետք է իրական արտադրանքով գինի և կոնյակ պատրաստեն: Պետք է պետական վերահսկողություն սահմանել, որպեսզի արտադրողները խաղողագործի հետ պայմանագրեր կնքեն և կյանքի կոչեն: Այսօր գործարանները հայտարարում են, որ խաղողը կընդունեն, բայց մթերման երրորդն օրն ասում են՝ մեզ անհրաժեշտ քանակությամբ խաղող արդեն մթերել ենք: Հետո գունավորված նյութով ստանում են բրենդային գինի ու կոնյակ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան