Այգեգործության միջոցով ապրուստ վաստակող Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրի այգետերերը շվարած են: Այս տարի դեղձենու ճյուղերը ճկվում են բերքի ծանրությունից, սակայն գյուղացին դրանից ուրախ չէ: Հակառակը՝ դեղձի առատ բերքը գյուղացիներին խնդրի առաջ է կանգնեցրել:
Ռինդ բնավայրի բնակիչ Մանվել Գրիգորյանի 2 հեկար այգում դեռ 20 տոննա չիրացված դեղձ կա, 12 տոննան նրան հաջողվել է մի կերպ վաճառել:
Այգեգործը կիլոգրամը 170 դրամով դեղձ է հանձնել «Սպայկա» ընկերությանը, 200 դրամով էլ այլ անհատ արտահանողի է վաճառել:
Ռինդում թեև դեղձի բերքատվության ցուցանիշը բարձր է, բայց որակը գոհացուցիչ չէ: Գյուղացու խոսքով՝ հենց որակի պատճառով էլ գնորդը բարձր գին չի առաջարկում:
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյան
«Գործարանին չրի համար նախատեսված դեղձը 300 դրամով տվեցինք: Չհամաձայնեցին ու չտարան: Անցյալ տարի արտահանողները դեղձն այդ գնով էին տանում, այս սեզոնին գինը նվազել է: Եթե բերքի որակը լավ լինի, գնորդը լավ էլ գին է տալիս, այդ դեպքում նաև գյուղացին է օգտվում, կարողանում է ընտանիք պահել»,-Ագրոպրեսի հետ զրույցում նշեց հողի մշակը:
Արենի համայնքից մեկ այլ ֆերմեր էլ հավելեց՝ նախորդ տարի դեղձը մթերվել է 300-350 դրամով, այս տարի միայն մեկ մթերող է եկել ու գինը սահմանել 200 դրամ։
«Խնդիրն այն է, որ մեկ այլ կազմակերպության գալու դեպքում էլ ազատ շուկայի օրենքը չի գործում։ Առաջինը տարածք եկած կազմակերպության գինն է որոշիչ, մյուսները նույն գնով շարունակում են մթերել։ Արդյունքում արտահանողը գերշահույթ է ստանում, իսկ արտադրողի համար նոր այգիներ տնկելը ֆինանսապես առանձնապես հետաքրքիր չէ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Մթերման գինն ինքնարժեքից ցածր է
Դեղձենին առատ պտղավորվել է նաև Արմավիրի մարզի Լենուղի համայնքում: Եղանակային պայմանները նպաստավոր էին դեղձի բերքատվության համար:
Այստեղ հողատարածքների 250 հեկտարը դեղձի այգիներն են զբաղեցնում: Լենուղիի բնակիչները գերադասում են իրենց աճեցրած բերքը շուկայում վաճառել՝ պնդելով, թե գործարանի առաջարկած գինն ինքնարժեքից ցածր է: Այս օրերին այգետերերը կիլոգրամը 150-200 դրամով դեղձն արտահանողներին են տալիս, իսկ 40 դրամով՝ հանձնում վերամշակողներին:
Համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանի փոխանցմամբ՝ այդ արժեքով բերքը վաճառում են միջնորդներին, վերջիններս էլ մթերման համար սահմանված գնով հանձնում են «Արտֆուդ» և «Նոյ» վերամշակող ընկերություններին:
«Դեղձն այս տարի այնքան շատ է, որ թափվում է ծառերի տակ: Իրացում չկա: Ժողովուրդը ստիպված այդ գնով վաճառում է միջնորդներին, չգիտենք՝ գործարանին նրանք ինչ գնով են վաճառում: 40 դրամը շատ չնչին գումար է: Այգեգործը բերք հավաքողին գումար է վճարում, պարարտանյութ է գնում: Ֆերմերը 200 կգ դեղձ պետք է վաճառի, որ մեկ աշխատողին աշխատավարձ վճարի: Շուկայում էլ պահանջարկ չկա, տանում են, հետ բերում, գնորդ չկա: Կատուն ոնց է փողոցներն ընկնում, որ տեղ ճարի ծվարի, դեղձի պահով նույն վիճակում հիմա գյուղացիներն են»,- ներկայացրեց Լենուղիի գյուղապետը:
Դեղձն այս տարի այնքան շատ է, որ թափվում է ծառերի տակ:
Մորեխները գրոհել են
Տավուշի մարզի Դեղձավան բնակավայրում դեղձ գրեթե չկա: Սկզբում գարնանային անձրևները խանգարեցին փոշոտմանը, հետո երաշտն ազդեց բերքատվության վրա: Հիմա էլ մորեխներն են գրոհել այգիները:
Պետության կողմից դեղամիջոց է գյուղացիներին բաժանվել, բայց վնասատուի դեմն առնել այդպես էլ չի հաջողվել: 10 հեկտար դեղձի այգում պտուղ չես գտնի, որ մորեխը վնասած չլինի:
«Մորեխը 100 տոկոսով բերքը վնասել է, իսկ 30 տոկոսով կերել: Բերքն ապրանքային տեսքից ընկել է»,- փաստեց դեղձավանցին:
Շուկայական տեսքը կորցրած դեղձը միայն վերամշակման համար է պիտանի: Մորեխներից չնչին քանակությամբ փրկված բերքն էլ գյուղացիները սպառում են կիլոգրամը 100-150 դրամով, որն էլ նույնիսկ ոռոգման ջրի ծախսը չի ծածկում:
Ինչի մասին են վկայում պաշտոնական տվյալները
Մինչ այս տարի գյուղացիները դժգոհում են, որ բերքի արտահանման և մթերման արժեքները նվազել են, այլ վիճակագրություն է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ ընթացիկ տարում մեկ կիլոգրամ վերամշակման համար ենթակա թարմ դեղձը կիլոգրամը նվազագույնը 140, առավելագույնը՝ 250 դրամով է մթերվել:
Այս թվերն իրենց հերթին վկայում են, որ այս տարվա մթերման արժեքը նախորդ տարվա համեմատ ավելի բարձր է: Եվ այսպես՝ նախորդ տարի գործարանները դեղձի կիլոգրամի դիմաց գյուղացուն առաջարկել են 85-250 դրամ, 2019-ին՝ 60- 200:
Համաձայն Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2020 թվականին դեղձը նվազագույնը 180 դրամով է արտահանվել, առավելագույնը՝ 280-ով: Այն անցյալ տարվա ցուցանիշից ցածր է: Նախորդ տարի դեղձի արտահանման նվազագույն արժեքը կազմել է 280 դրամ, առավելագույնը՝ 330:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան