Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի խաղողագործ Սամվել Ստեփանյանը 4 հազար քմ սեղանի խաղողի այգի ունի, 8 տոննա բերքի ակնկալիք։ Դեռ ստացած բերքի չնչին մասն է իրացրել:
Կարեն Հովհաննիսյան Ալաշկերտ համայնքի ղեկավար
Արթուր Այվազյան Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Աշոտ Ղազարյան Վերին Արտաշատ համայնքի ղեկավար
Հետո բերքահավաքը դադարեցրել է։ Տեղական շուկայում բերքը քիչ քանակությամբ է սպառվում, արտահանողներն էլ նոր գին են թելադրում՝ առաջարկել են կիլոգրամի համար 300 դրամ, ինչը ալաշկերտցիներին չի գոհացնում։ Խաղողագործների խոսքով՝ այդ գնով եկամուտ չեն ունենում։
«Մենաշնորհ ունեցող արտահանողներն արհեստական գին են նվազեցնում, փորձում են գյուղացիներին սնանկացնել: Ամիսներ շարունակ այգու վրա չարչարվում ենք, գումար ենք ներդնում, սպասում, որ սեպտեմբերին վաճառենք, գումար աշխատենք, այն էլ արտահանողները խուճապ են առաջացնում: Գյուղացին էլ չգիտի՝ ինչ անի: Եթե արտահանողների առաջարկած գնով բերքը չվաճառենք, մնալու է, փչանա»,- Ագրոպրեսի հետ զրույցում բողոքեց խաղողագործը:
Ալաշկերտում 120 հեկտար սեղանի տեսակի խաղողի այգի կա, սպասում են մոտ 300-400 տոննա բերք։ Համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը խաղողագործների հետ մասամբ համաձայն է՝ եթե խաղողը չարտահանվի, տեղական շուկայում սպառումն անհնար կլինի։
Նրա խոսքով, սակայն, դեռ ժամանակ կա, հնարավոր է` կարգավորվի գնային քաղաքականությունը: Համայնքի ղեկավարը նկատում է՝ ոչ բոլորն են վազից անմիջապես շուկա հանում բերքը, մեծ մասը սառնարաններում է պահում, ավելի ուշ վաճառում: Բայց համայնքում սառնարան ոչ բոլորն ունեն:
Նախորդ տարի նույնպես ալաշկերտցիները խաղողի սպառման խնդիր ունեին, որը պայմանավորեցին խաղողի բարձր բերքատվությամբ: Սեղանի տեսակի խաղողը գյուղացիները ստիպված եղան հանձնել մթերող կազմակերպություններին 1 կգ-ը 70-120 դրամով։ Այս տարի 50 տոկոսով պակաս բերք են ստացել և կրկին իրացման խնդրի առաջ կանգնել։
«Խաղողը ծախսատար է, եկամուտ էլ քիչ է տալիս: Արտահանողներն ուզում են շատ փող աշխատել և միանգամից գցեցին գինը: Գյուղացին համաձայն չէր այդ գնի հետ, քանի որ այդ գնով վաճառելու դեպքում իրեն մնում է միայն չարչարանքը, վարկերը չի կարողանալու մարել»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը:
Արևիկցիների սրտով էլ չէ խաղողի արտահանման գինը:
Խաղողագործ Գառնիկ Ծատուրյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ արտահանողները խաղողի գինն իջեցրել են: Եթե անցյալ տարի առաջին բերքը տանում էին կիլոգրամը 1000 դրամից սկսած և հետո գինը դարձնում 500, այս տարի միանգամից 500-600 դրամ են առաջարկել: Հասկանում են՝ դրսում էլ իրացումն առաջվանը չէ, բայց ապրանքն էժան տանելու դեպքում իրենք են տուժում:
Ալաշկերտում 120 հեկտար սեղանի տեսակի խաղողի այգի կա, սպասում են մոտ 300-400 տոննա բերք։
Գինն իջեցրել են, հետո բարձրացրել
Խաղողի արտահանման գնի շուրջ ստեղծված թնջուկը լուծվել է, վստահեցնում է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
Մարզի գլխավոր գյուղատնտեսի ներկայացմամբ՝ «Քիշմիշ» տեսակի խաղողը «Սպայկա» ընկերությունը գնում է կիլոգրամը 400 դրամով, իսկ անհատ արտահանողները նույն խաղողի դիմաց գյուղացուն առաջարկում են 500-550 դրամ:
Արթուր Այվազյանի խոսքով՝ առաջինը հենց «Սպայկա»-ն խաղողի մթերման գինը նվազեցրեց՝ 500 դրամից դարձնելով 300: Խաղողագործներն այդ գնով վաճառք չիրականացրին, հետո ընկերությունը վերանայել է գնային քաղաքականությունը:
««Սպայկա»-ն գինն իջեցրեց, մնացածներն էլ, օգտվելով առիթից, ավելի ցածր գին սահմանեցին: Տեսան, որ գյուղացին այդ գնով խաղող չի տալիս, ստիպված գինը բարձրացրին: Նախորդ տարի «Քիշմիշ»-ը շատ էր, գինն ցածր էր, և 200 դրամ են տարել: Այս տարի քանակը քիչ է, նախորդ տարվա կեսի չափ է»,- մանրամասնեց գյուղատնտեսության վարչության պետը:
Արմավիրի մարզում շուրջ 2000 հեկտար սեղանի խաղողի սորտ կա, շուրջ 25000-30000 տոննա բերք կհավաքեն: 2020 թվականին բերքը ռեկորդային էր, 50000- 60 000 տոննա քաղել են:
Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքը հանրապետության ամենախոշոր վայրն է, որտեղ մեծ ծավալներով սեղանի սորտի խաղող է մշակվում: Համայնքում 400 հեկտարից ավել խաղող կա, սեղանի սորտի 8000 տոննա պտուղ կհավաքեն:
Այստեղ էլ են գոհ խաղողի բերքատվության ցուցանիշներից: Առատ խաղողը բայց գյուղացիներին այդքան չի ուրախացնում․ պետք է իրացնեն: Արտահանումը կաղում է, իսկ մթերումն անորոշ է:
Գործարաններն արդեն իրենց պայմաններն են թելադրում խաղողագործներին: Խաղողի մթերման դիմաց 100-110 դրամ գին են սահմանել:
««Սպայկա»-ն 200 դրամով է տանում սեղանի սորտի խաղողը: Սեպտեմբերին 1-ին ընդառաջ՝ մարդիկ գումարի կարիք ունեին և այդ գնով վաճառեցին: Իսկ մթերող կազմակերպությունները նույնիսկ չեն ասում՝ կմթերեն, թե ոչ: Արժեքն էլ շատ ցածր է: Խաղողի ինքնարժեքը բարձր է կազմում, եթե նորմալ գնով սպառվի, խաղողագործությունը ձեռնատու կլինի: Եթե վերամշակող ընկերությունները 110 դրամով մթերում կազմակերպեն, խաղողագործը շահույթ չի ունենում»,- եզրափակեց համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը:
Հեղինակ Մանյա Պողոսյան