Գյուղատնտեսություն

Լոլիկի գինը չի իջնում ու չի իջնում

Ցեցի հարցն այդպես էլ  չի լուծվում

Գյուղմթերքի  արժեքը բարձր է: Սպառողները դժգոհում են, որ տարվա այս սեզոնին լոլիկի և վարունգի գները բարձր են և նվազման միտում չունեն:  Մանրածախ շուկայում լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 400 դրամից է սկսվում, իսկ վարունգինը՝ 300-ից:  Պահածոների համար նախատեսված մանր վարունգի գինը համեմատաբար ավելի բարձր է՝ մեկ կիլոգրամի արժեքը սկսում է 400 դրամից:
Նախորդ տարվա համեմատ լոլիկը 200-300 դրամով թանկ է:

Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը  բանջարեղենի բարձր գինը մի քանի հանգամանքով է պայմանավորում: Պարզաբանում է՝ բաց դաշտում այս տարի լոլիկ քիչ են մշակել, որն ազդել է  գնագոյացման վրա: Սա էլ իր պատճառն ունի:

Արդեն մի քանի տարի շարունակ հողագործն աչք չի բացում ցեցի պատճառով: Բաց դաշտում լոլիկ, սմբուկ աճեցնել գյուղացին չի կարողանում. ցեցը բերքը վնասում է:
 «Լոլիկը թանկ է, որովհետև բաց տարածքում քիչ են աճեցնում ցեցի պատճառով:  Ցեցը խժռում է լոլիկը: Այդ վնասատուն շատ արագ է զարգանում, դեմն առնել չենք կարողանում:  Փակ տարածքում՝ ջերմոցում, կարողանում ենք վերացնել, բաց տարածքում՝ չի հաջողվում: Հիմա միայն այն ջերմոցներում են լոլիկ աճեցնում, որոնք ապահովված են հովացման համակարգով: Ջերմոցից կիլոգրամը 300-400 դրամով լոլիկ ենք վաճառում, իսկ լավ լոլիկի գինը մինչև 700 դրամ է»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց  ֆերմերը:

Վարուժան Խոդեդանյանը վերհիշում է՝ 4-5 տարի առաջ  ֆերմերները սկսեցին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարել: Պետական մակարդակով փորձնական ծրագիրը սկսեցին Արարատի և Արմավիրի մարզերում: Առաջին քայլերն արդյունավետ էին․ 2 հեկտար դաշտում ցեցից ազատվեցին, բայց ծրագիրն այդպես էլ հաջողություն չունեցավ:
«200-300 մլն դրամանոց ծրագիր էր: Դեղանյութերը բերեցինք, որ սրսկումներն անեինք, որոշ դաշտերում պայքար կատարվեց, իսկ մնացածներում՝ ոչ:  Եթե դու քո դաշտում պայքարում ես ցեցի դեմ, իսկ հարևան դաշտում պայքար չի տարվում, քո արածն իզուր է, և ցեցը շարունակում է տարածվել, ինչը և տեղի ունեցավ: Նրան, ով կկարողանա բաց տարածքում ցեցը վերացնել, պետք է ազգային հերոսի կոչում տալ»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Գյուղմթերքն էլի կթանկանա

Մասիս համայնքի ֆերմեր Արմինե Գևորգյանին հաջողվել է 2 հեկտար դաշտում վերացնել ցեցը: Անկեղծանում է՝ ծախսատար է:

«Միջատը վերացնելու համար նախատեսված մեկ սրվակ դեղի գինը 30 000 դրամ է, 2 սրվակ է անհրաժեշտ իմ հողամասին, արժեքը կազմում է 60 000 դրամ: Ես պարբերաբար շաբաթվա մեջ մի քանի անգամ սրսկում եմ»,-նշեց ֆերմերը:
Միայն ցեցի պատճառով չէ, որ բանջարեղենը թանկ է. այս սեզոնին ներկրումներն են քիչ:

Վարուժան Խոդեդանյանը կապեր ունի Պարսկաստանի հետ: Նրա փոխանցմամբ՝ այնտեղ այս տարի երաշտ է, բերքը քիչ է, հազիվ է տեղական պահանջարկը բավարարում, գրեթե բանջարեղեն չի արտահանվում:

Արմինե Գևորգյանը հավելում է՝ աշխատուժը, բուժանյութերը ևս թանկացել են, բերքի ինքնարժեքը բարձր է կազմում, ֆերմերն ուզած-չուզած իր արտադրանքը թանկացնում է:

 «Առաջվա պես բանվորը օրական 3000-4000 դրամով չի աշխատում, 6000-7000 դրամ  են ուզում մեկ օր աշխատելու համար: Մեկ պարսիկ բանվոր ունեմ, որն օրական 5000 դրամով դաշտում աշխատում է: Ասում են՝ ամեն ինչ թանկացել է, մեր աշխատանքի արժեքն էլ ենք բարձրացնում»,- մատնանշեց հողագործը:

 Բացի այս՝ ոռոգման ջուր չկա, որը ևս ազդում է գյուղմթերքի ինքնարժեքի վրա:

 «Կարտոֆիլ եմ ցանել, 4 անգամ զոռով եմ ջրել: Կարտոֆիլի կիլոգրամը 200 դրամ եմ վաճառել: Այնպես չէ, որ թանկ է՝ հաշվի առնելով ծախսերը: 8 բանվորի վճարը մեկ օրվա մեջ կազմել է 80 000-100 000 դրամ: Մեկ քաղի համար 30000 տրակտորին եմ գումար տվել: Թունաքիմիկատը թանկացել է, որովհետև բարձրացրել են մաքսատուրքերը: Անցյալ տարի չերրի տեսակի լոլիկի սերմի մեկ  հատը 70 դրամով եմ գնել, այս տարի՝ 83-ով: 2 մլն դրամի միայն լոլիկի և վարունգի սերմ եմ առել: Ինչո՞ւ շաքարավազը թանկացել է, մեկ լիտր բենզինի գինը 520 դրամ է դարձել, մեր ապրանքն էժան լինի՞»,- հարց բարձրացրեց արտադրողը:

Գյուղմթերքը  դեռ թանկանալու է, որովհետև դոլարի արտարժույթի բարձրացմանը զուգահեռ՝ թանկացել է գազը: Տիկին Արմինեն մինչև տարեվերջ շուկա կհանի ջերմոցում աճեցրած չերրի լոլիկները. կիլոգրամի արժեքը 2500 դրամից է սկսվելու:

Թվացյալ գներ՝ գյուղոլորտում
Գյուղատնտեսական ապրանքների շուկայում գներն ինքնաձևավորվում են, որի վրա ազդում են ամենատարբեր գործոններ՝ բերքի  քանակ, առաջարկ- պահանջարկ և գնաճ, նկատում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Ի տարբերություն այլ շուկաների՝ գյուղատնտեսության ոլորտում չունենք գերիշխող դիրք ունեցող ընկերություններ: Այլ շուկաներում պետությունը կարգավորում է գերիշխող դիրք ունեցողի թելադրած գինը, և մնացածները սկսում են խաղալ դրա շուրջ, հետևաբար, այստեղ պետական միջամտություն չկա, և գինն ինքնակարգավորվում է»,- բացատրում է փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ այս հարցում պետությունն այնպես պետք է անի, որ չտուժի ո՛չ սպառողը, ո՛չ արտադրողը: Բաբկեն Պիպոյանն ընդգծում է, որ դեռ հաշվարկված չէ, թե մեր երկրում մեկ կիլոգրամ լոլիկի ինքնարժեքն ինչքան է կազմում:

«Քանի դեռ չգիտենք՝ ինչքան է գնահատվում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը, սպառողը չի կարող ասել՝ թանկ, թե էժան է այն ձեռք բերում: Գյուղոլորտում ունենք թվացյալ գներ: Որպես պետություն՝ չենք հաշվարկել իրատեսական գինը, թե ինչքան է կազմում ինքնարժեքը, և որքան պետք է լինի տվյալ բերքի արժեքը: Գնի մեջ պետք է հաշվարկել գյուղացու կատարած ծախսերը, ինչպես նաև նրա աշխատանքը:  Գյուղմթերքի իրատեսական գինը պարզելուց հետո սպառողը նոր կիմանա՝ տվյալ ապրանքն իր իրատեսական գնից ավել, թե պակաս է գնել»,-  եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search