Գյուղատնտեսություն

Հողային ռեֆորմ. բարեփոխո՞ւմ թե՞ ունեզրկում

Բարեփոխմանը սպասելիս

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի 1781 հեկտար վարելահողից տարեկան լավագույն դեպքում մոտ 1000 հեկտարն է մշակվում, մնացածը չի օգտագործվում:

Սակայն շուտով չօգտագործվող հողերի արդյունավետությունը բարձրացնելու և մշակովի դարձնելու նպատակով դրանք կդասակարգվեն և պիտանի կդառնան:

Հայաստանում հողային բարեփոխումների մեկնարկի մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերջերս տեղի ունեցած «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովին:

Նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները:

Տալվորիկ համայնքի ղեկավար, գյուղատնտես Կիրակոս Սաղաթելյանի կարծիքով՝ որպեսզի հողերը մշակովի դառնան, պետությունը պետք է այս ու այն կողմ չընկնի, գյուղացուն միայն ոռոգման ջրով ապահովի և կարճ ժամանակ անց կտեսնի, որ անմշակ հող գրեթե չկա:

«Ագրոպրեսի»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր տարի կարող են մշակովի հողերի ծավալն ավելացնել՝ հասցնելով 1400 հեկտարի, եթե ոռոգման ջրի խնդիր չլինի:

Բայց գյուղաշխատանքների եռուն շրջանում հաճախ ոռոգման ջուրը դաշտ չի հասնում, վարկերի տակ կքած գյուղացին էլ հրաժարվում է հող մշակել:

«Ոռոգման ջրի խնդրի պատճառով ամբողջ Հայաստանը կանգնած է կռախի առաջ: Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջանները սնվում են Ախուրյանի ջրամբարից: Օգտվում ենք նաև խորքային հորերից, որոնք, ինչպես գիտեք, այդքան էլ շատ չեն: 650 հեկտար պտղի և խաղողի այգիներ ունենք, բայց ոռոգման սեզոնին խնդրի առաջ ենք կանգնում, և ջրի պատճառով բերքը տուժում է»,- դժգոհեց համայնքի ղեկավարը և նկատեց, որ պետք է արագ ավարտին հասցնել սկսած ջրամբարաշինության ծրագիրը:

Տալվորիկը միակ համայնքն է, որտեղ արդեն 4 տարի է՝ շատ արժեքավոր բույս են մշակում. 40 հեկտար հողակտորի վրա սննդարար և մեծ պահանջարկ վայելող ծնեբեկ են աճեցնում: Պատրաստվում են այս թանկարժեք բույսն ավելի շատ աճեցնել՝ 80-100 հեկտար տարածությունը վերածելով ծնեբեկի դաշտի, եթե ոռոգման ջուրը քչություն չանի:

Բայց մինչ ոռոգման համակարգի բարելավումը, պետությունը հողային ռեֆորմի ծրագրով առաջարկում է անմշակ հողերը միավորել:

«Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և գյուղացին միջին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որ գյուղացիներն այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որ կարողանանք համախմբել հողերը, բարձրացնել մշակման գործակիցը` 50 տոկոսից դարձնել 80 տոկոս, որի արդյունքում գյուղատնտեսական հողերն ավելի լավ կմշակվեն, և գյուղացիները փող կաշխատեն»,- նշել է նախարար Քերոբյանը:

Կիրակոս Սաղաթելյանի դիտարկմամբ՝ օրենսդրության փոփոխության միջոցով է անհրաժեշտ դրան հասնել:

«Եթե հողը 3-4 տարի չի մշակվում, պետք է համապատասխան օրենքով այն վերցնել սեփականատիրոջ ձեռքից՝ դարձնելով համայնքային սեփականություն, որպեսզի այն կա՛մ վարձակալությամբ տրվի, կա՛մ մշակվի մեկ այլ գյուղացու կողմից: Քանի օրենք չկա, այս հարցն այսպես էլ մնալու է: Հողերը թողել և գնացել են արտերկիր, նույնիսկ տարիներով հարկերը չեն վճարում»,- ասաց մեր զրուցակիցը:

Անմշակ հողը վարձակալության տալ

Խոպան հողերը մշակելու հարցը եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսել է այս մասին:

Ըստ Փաշինյանի՝ հիմա մտածում են այնպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների՝ սահմանեն հողի վարձակալության պետական գին, ունենան օրենսդրական կարգավորում, որ երբ հողը երկար ժամանակ չի օգտագործվում, այն օրենքի ուժով վարձակալության տրվի, բայց սայլը տեղից դեռ չի շարժվում:

«Օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, որը պատրաստ է դա օգտագործել, այսինքն՝ սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար», - ասել է վարչապետը:

Էկոնոմիկայի նախարարը վերջերս անդրադառնալով նախատեսվող հողային ռեֆորմին՝ հստակեցրել է մեխանիզմները:

«Այն մարդիկ, որոնք չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- մանրամասնել է Քերոբյանը:

Վրաստանի նախանձելի օրինակը

Ի տարբերություն Հայաստանի ղեկավարության՝ հողերն անմշակ չթողնելու կոչին՝ հարևան Վրաստանը նույն հորդորով դիմելիս հստակ առաջարկ է արել. նախորդ տարվանից երկրի բոլոր 42 հազար ֆերմերներն անվճար են ոռոգում իրենց հողատարածքները:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը Վրաստանի օրինակը պետականամետ է համարում: Համոզված է՝ նույնը պետք է մեզ մոտ կիրառել: Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ մեր երկրում սխալ ագրարային քաղաքականություն է մշակվել, ինչի հետևանքով սակավահող երկրում վարելահողերի կեսից ավելին անմշակ են:

Փորձագետը համակարծիք է իշխանության հետ, գտնում է, որ չօգտագործվող հող չպետք է լինի, որովհետև այն դեգրադացվում է և մի քանի տարի անց անպիտան դառնում: Մյուս կողմից էլ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը հողային բարեփոխումների ծրագրի հետ կապված մտահոգություններ ունի:

«Պետք է նայել, թե այդ հողերն ովքեր պետք է մշակեն: Հնարավոր է՝ այդ ծրագրով հողերն ուզում են գյուղացիների ձեռքից վերցնել և տալ ունևորներին՝ գործարարներին և այլն: Պետք է հաշվի առնել, որ այդ հողակտորներն աղքատ գյուղացիներից շատերի ապրուստի միջոցն են: Ասում են՝ թող խաղողի այգիները, որոնք լավ սորտի չեն, քանդեն և նորը տնկեն: Ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց չգյուղացին ինչո՞վ է այդ ընթացքում ապրելու: Պետք է մեր հողերն էլ մշակովի դառնան, ինչպես Հոլանդիայում, որտեղ մի կտոր խոպան հող չկա: Դսեղում հողերի միայն 10 հեկտարն է ցանվում. սարսափելի թիվ է: Մեզ մոտ շատերը թողել են հողերը, գնացել են Ռուսաստան, մի մասի տերերն են մահացել, այդ հարցերն են ուզում լուծել, բայց դա ուրիշ է: Իսկ խոպան հողերը մշակովի դարձնելն այլ խնդիր է, դա պետական ռազմավարական ծրագիր պետք է լինի»,- նկատեց նա:


Ոռոգման ջրի համակարգի բարեկարգումից բացի, ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում հաջորդը գյուղտեխնիկայի հարցն է: Մինչ աշխարհը գնում է դեպի հեռահար կառավարման համակարգ, մեր երկրում խորհրդային տարիներից ժառանգած հող մշակող հնամաշ տեխնիկան է:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search