Առկա իրավիճակ
Հայաստանում այսօր հողագործների շուրջ 80 տոկոսը մինչև 2 հա սեփականություն ունի: Նրանց 40 տոկոսն ունի 3 միավոր հողակտոր, 25 տոկոսը՝ 5 և ավելի. միջին հողակտորը շուրջ 1,4 հա է:
Փոքր հողակտորները խնդիր են թե՛ լոգիստիկ, թե՛ ծախսերի, թե՛ ոռոգման արդիական տեխնոլոգիաների կիրառման առումով: Մի բան է դու մեկ հողակտորի վրա ես ծախս անում, մեկ այլ բան, երբ մի քանի հողակտորի վրա ես գումար ներդնում: Հիմա խնդիր է դրվել բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի արտադրողականությունը:
Այս նպատակով էլ Կառավարությունը հաստատել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը:
Դեռ 1990-ականներին հողային ռեֆորմ է տեղի ունեցել, և գյուղացիական տնտեսություններին բաժանվել են հողակտրոներ՝ կառավարության նիստում հիշեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա արձանագրել է՝ այսօր ունենք իրավիճակ, երբ 320 հազար գյուղացիական տնտեսություններ ունեն մոտ միլիոն 100 հազար հողակտոր, և տեսնում ենք, թե գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է այս պայմաններում դրսևորում:
Վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի օգտագործվում: Հողերը չմշակման պատճառներից են փաստաթղթերը, սեփականության իրավունքի հարցերը, հողերի մելորատիվ վիճակը, ջրի պակասը:
Հենց այսպիսի իրավիճակի է Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում:
Վարչական ղեկավար Վասակ Ղազարյանն Ագրոպրեսի հետ զրույցում նշեց, որ բնակավայրի հողերը փոքր են, ուստի, գյուղացիները նպատակահարմար չեն համարում մշակել՝ ծախստար լինելու պատճառով:
«Եթե հողերը միավորվեն, ավելի արդյունավետ կլինի կառավարումը: Գյուղացուն ձեռնտու է շատ հող մշակի, միևնույն է ծախս է անում: Գյուղի վարելահողերը 1300 հեկտար է, որոնց մի մասը չի մշակվում տեխնիկայի բացակայության պատճառով: Միավորումը այդ հարցն էլ կլուծի»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը:
Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման պետական ծրագրից օգտվել ցանկացողները սեպտեմբերի 15-ից արդեն կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
Ծրագիրը խանդավառություն չի առաջացրել
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն բնակավայրում տեղյակ են նոր ծրագրից, բայց դիմողներ դեռ չկան:
Լուրը գյուղում ոգևորություն չի առաջացրել։ Վարչական ղեկավար Դավիթ Էլբակյանը համոզված է՝ հողերը միավորելով նաև գրագետ մշակություն կկազմակերպվի: Նրա խոսքով՝ այսօր շատ են գյուղացիները, ովքեր հողը չեն պարարտացնում, իսկ միավորման դեպքում հողը հավասար կպարարտացվի, ճիշտ ցանքաշրջանառություն կկազմակերպվի:
Մարմաշենցիները, սակայն, դեռ հողերը միավորելու հարցում մտածում են։
«Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը՝ ընդհանուր ուժերով օգտագործումը բացառվում է, քանի որ մեկը համաձայնվում է, մյուսը՝ ոչ։ Մեկը լավ է աշխատում, մյուսը` վատ։ Օրինակ` 40 հեկտար դաշտ կա, դրանց տերերի 30 տոկոսը ցանկանում է միավորել, այն 70 տոկոսը չի ցանկանում։ Մարդիկ կասկածներ ունեն միավորման հարցում, մտածում են, թե դու այդտեղ շահույթ, անձնական շահեր ունես։ Դե, գյուղացու հոգեբանություն է։ Դրա համար փոքր հողակտորներ ունեցողները գերադասում են հողը 80.000 դրամով վարձով տան, քան միավորեն»,-ասաց նա:
Ծրագրով նախատեսված աջակցությունը
Բարձր արտադրողական գյուղատնտեսություն ունենալու նպատակով հողերի միավորման կոչ անող Կառավարությունը կաջակցի այդ հողային միավորը բարելավելու հարցում:
Պետությունը ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի: Հաշվարկները ցույց են տալիս՝ միջին հեկտարի կատարված ծախսը գնահատվում է մոտ 2 մլն 760 հազար դրամ, այսինքն՝ մեկ հեկտարի հաշվարկով պատրաստ են սուբսիդավորել կատարված ծախսերի կեսը:
Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը դեմ չէ փոքր հողակտորների միավորմանը, բայց մի շարք հարցեր ունի:
«Եթե հողերը միավորվելով ոռոգման համակարգը կարդիականացվի, նոր տեխնոլոգիաներ կներդվեն՝ քար զտող մեքենաներ, ապա ծրագիրն արդյունավետ կլինի: Եթե ես ունեմ 4-5 հեկտար վարելահող, մյուսն էլ ունի 4-ը, եթե 5 կամ 6 ֆերմեր միավորվեն, այստեղ իմ շահը ո՞րն է լինելու»,-հարց բարձրացրեց ֆերմերը:
Ակնկալվող արդյունք
Փոքր, մասնատված հողակտորների միավորումն անխուսափելի գործընթաց է, բաց դեռ դանդաղում է՝ կարծում է «Ամբերդ» կենտրոնի ավագ փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը:
Ըստ նրա՝ այստեղ ամենակարևորն այն է, թե ինչ ուղղություններով պետք է այն իրականացվի՝ չվնասելով գյուղացիներին, քանի որ ակտիվ խոշորացոմը կարող է ակտիվացնել նաև միգրացիոն գործընթացը:
«Գյուղացուն հողն է պահում գյուղում, եթե նա զրկվի դրանից կարող է հեռանալ բնակավայրից: Եթե հողերը միավորվեն կոոպերացիայի տարբերակով, վատ չի լինի, եթե լինելու է հողից զրկվելու սկզբունքով, ապա գյուղերից միգրացիա տեղի կունենա»,- նկատեց փորձագետը:
Կառավարությունը կանխատեսում է, որ 2023 թվականին կլինի շուրջ 1000 հա հողերի կոնսոլիդացում, մինչև 2025 թվականը՝ 4500 հա:
Ծրագիրը շահառուների առումով սահմանափակում չունի, կարող են օգտվել և՛ անհատները, և՛ իրավաբանական անձինք: Կոոպերատիվները ևս կարող է հանդիսանալ որպես իրավաբանական անձ:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան