Գյուղատնտեսություն

Խաղողագործների ասոցիացիաներ են ստեղծվելու

Հայաստանի երեք մարզերում հիմնվել է խաղողագործների ասոցիացիա:

Թեմայի վերաբերյալ Ագրոպրեսը հարցեր է ուղղել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն  Զարուհի Մուրադյանին:

-Տիկի՛ն Մուրադյան, Հիմնադրամի աջակցությամբ Արմավիրում, Արարատում եւ Վայոց Ձորում հիմնվել են խաղողագործների մարզային ասոցիացիաներ: Ինչո՞ւ է  հենց այս մարզերն ընտրվել:
- Խաղողագործների ասոցիացիաներ ստեղծվելու են Հայաստանի բոլոր խաղողագործական մարզերում։ Մեկնարկը տվեցինք Արմավիրի և Արարատի մարզերից, քանի որ դրանք խաղողի մշակության ամենախոշոր շրջաններն են։ Վայոց Ձորում ունենք Արենի համայնքի ասոցիացիա, շուտով կնախաձեռնենք մյուս համայքներում ևս և կավարտենք գործընթացը Տավուշի և Արագածոտնի մարզերում։  Նպատակը Հայաստանում խաղողագործության ճյուղի համակարգային զարգացումն ապահովելն է։

- Ի՞նչ նպատակով են այդ ասոցիացիաները ստեղծվել,  ի՞նչ գործունեություն են ծավալելու:
Ասոցիացիների նպատակներն են՝
Զարգացնել Հայաստանի Հանրապետությունում խաղողագործության ճյուղը
Աջակցել կազմակերպության անդամ հանդիսացող խաղողագործներին՝ խաղողի մշակության բոլոր փուլերում իրականացվող ագրոտեխնիկական միջոցառումների ընթացքում,
Աջակցել Կազմակերպության անդամ հանդիսացող խաղողագործների խաղողագործական գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը,
Տրամադրել կազմակերպության անդամ խաղողագործներին անհրաժեշտ տղեկատվություն և խորհրդատվություն
Նպաստել վերամշակող/արտադրող/-խաղողագործ քաղաքակիրթ հարաբերությունների ձևավորմանն՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղացիական փոքր տնտեսությունների և մթերող կազմակերպություների միջև երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերություններին,
Օգնել խաղողի վնասատուների դեմ պայքարում և հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներում և այլն

-Արդյո՞ք այս ասոցիացիաների գործունեությունը կնպաստի, որպեսզի խաղողագործների բարձրացրած հարցերն ու խնդիրները ճիշտ ժամանակին հասնեն հասցեատերերին՝ համապատասխան պետական  գերատեսչություններին:
-Խաղողագործական շրջաններում ասոցիացիաներ հիմնելու առաջնային նպատակը հենց պետություն-ֆերմեր արդյունավետ երկխոսության ապահովումն է՝ նրանց խնդիրների ճիշտ թիրախավորման ու հասցեագրման նպատակով։

- Խաղողագործների մարզային ասոցիացիները կարո՞ղ են կապ ապահովել մթերող ընկերությունների և խաղողագործների միջև:
-Այո։ Ասոցիացիաների առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել «Հայաստանի Գինիներ» ՀԿ-ի նախագահի գինու գործարանում, որպեսզի դրվեն մթերող ընկերությունների և խաղողագործների փոխգործակցության ամուր հիմքերը։


Հեղինակ՝   Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search