Գյուղատնտեսություն

Չօգտագործվող հողերը կմշակվեն անասնակերի արտադրության նպատակով

Հայաստանում վարելահողերի 50 տոկոսը նպատակային չի օգտագործվում: Մինչդեռ դրանք հնարավոր է արդյունավետ օգտագործել, եթե մշակվեն անասնակերի արտադրության նպատակով: Հայաստանի երեք մարզերում  փորձնական ծրագրով չօգտագործված վարելահողերն անասնակերի արտադրության նպատակով են սկսել օգտագործել։
 
Այս թեմայի շուրջ Ագրոպրեսը հարցեր է ուղղել Էկոնոմիկայի նախարարութանը։

-Ո՞ր մարզերում են իրականացվում  չօգտագործվող վարելահողերն անասնակերի արտադրության նպատակով մշակելու ծրագիրը։ Արդյոք միայն Էկոնոմիկայի նախարարությո՞ւնն է այդ ծրագիրն իրականացնում, թե՞  որևէ միջազգային  կառույցի օժանդակությամբ։
-Չօգտագործվող վարելահողերի՝ անասնակերի արտադրության նպատակով օգտագործումն իրականացվել է Գերմանիայի  միջազգային համագործակցության ընկերության կողմից «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես Քովիդ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողության շրջանակում։ Գործողության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերում իրականացվել են վարելահողերի և արոտավայրերի տարբեր մեթոդներով բարելավման պիլոտային  աշխատանքներ։
Գործողություններն իրականացվել են ՀՀ Գեղարունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքների 11 բնակավայրերում, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում։ Արդյունքում իրականացվել է 300․42 հա վարելահողերի մշակում․ կորնգանի ցանքի տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ թվով 326 ֆերմեր բարելավել են իրենց պատկանող դեգրադացված և տարիներ շարունակ չօգտագործվող վարելահողերը։ Թվով հինգ համայնքներում կատարվել է 100 հա արոտավայրերի մակերեսային բարելավում՝ խոտախառնուրդով  ենթացանքի և այլ մեթոդների միջոցով։

-Մեր երկրում կա անասնակերի  բազայի խնդիր։ Այս հարցը կլուծվի՞ պիլոտային այս ծրագրի միոջոցով։ Չմշակվող հողերն անասնակերի արտադրության նպատակով շրջանառության դնելու դեպքում կբարձրանա՞ անասնապահական մթերքների ինքնաբավության մակարդակը:
-Իրականացված գործողությունը լիարժեքորեն համահունչ է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որոնցից են չօգտագործվող  վարելահողերի մշակությունը և բնական կերհանդակների բարելավումը, որպես կլիմայի հարմարվողականության միջոց՝ ուղղված էկոհամակարգերի պահանությանը։
Համաձայն ՀՀ ՎԿ-ի տվյալների՝ 2021 թվականին հանրապետությունում խոտի և կանաչ կերի բերքը կազմել է 592․8 հազար տոննա, ինչը շուրջ 2․6 անգամով զիջում է  2014 թվականի ցուցանիշին։
Մսուրային շրջանում ներկայիս գլխաքանակի նորմավորված կերակրման դեպքում խոտի և կանաչ կերի մասնաբաժինն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 700․0-800․0 հազար տոննա։
Անասնակերի բազայի ապահովմանը և ավելացմանը միտված ծրագրերի իրականացումը կնպաստի հանրապետությունում  անասնապահական արտադրանքի ծավալների ավելացմանը, ինչպես նաև ճյուղի վարման շահութաբերության մակարդակի բարձրացմանը։

-Ծրագրում կա՞ նշված, թե ինչ կերային մշակաբույսեր են աճեցվելու։ Այս ծրագրով  արդյո՞ք կկանխվի արոտների դեգրադացումը։
-Համայնքների հեռավոր հողերում ֆերմերներին առաջարկել են մշակության նոր մեթոդներով կորնգան աճեցնել: Տնտեսական էֆեկտն ակնհայտ է։ Բացի դա՝ արոտների դեգրադացումը կանխելու նպատակով առաջարկվել է օգտագործել հատուկ խոտախառնուրդ: Վերջին 10 տարում Հայաստանում կորնգան չեն մշակում: Պիլոտային ծրագիրը համատարած դարձնելու դեպքում ոչ միայն չմշակվող հողերը կմտնեն շրջանառության մեջ, այլև կբարձրանա անասնապահական մթերքների ինքնաբավության մակարդակը:

-Արդյո՞ք պետական աջակցության ծրագիր է տրամադրվում ֆերմերին՝ չօգտագործված հողում անասնակեր մշակելու համար։ Կառավարությունը սուբսիդավարելո՞ւ է ծրագիրը։
-Իրականացված աշխատանքների համար պետական աջակցություն չի տրամադրվել։

 Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search